«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#99, 2007-05-26 | #100, 2007-05-30 | #101, 2007-05-31


ՉԵՄՊԻՈՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԹԵԺ ՊԱՅՔԱՐ Է ԾԱՎԱԼՎԵԼ

Ավարտվեց բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց առաջնության երկրորդ շրջանը: Երկու մրցաշարերում էլ համառ պայքար է ծավալվել մրցանակային տեղերի համար: Տղամարդկանց մրցաշարում առայժմ բոլորից հաջող է հանդես գալիս Երեւանի պետհամալսարանի թիմը, որն անցկացրած 10 հանդիպումներում տոնել է 9 հաղթանակ եւ 19 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Չեմպիոնի կոչման համար պայքարում համալսարանականների գլխավոր մրցակիցները պոլիտեխնիկցիներն են: Նրանք աչքի են ընկնում արդյունավետ գրոհներով: 10 հանդիպումներում «Պոլիտեխնիկը» ընդհանուր առմամբ 922 միավոր է վաստակելՙ մրցակիցներին թույլ տալով իրենց օգտին գրանցել 759-ը: «Պոլիտեխնիկն» այժմ միայն մեկ միավորով է զիջում ԵՊՀ-ին: Անշուշտ, հենց այս թիմերի անձնական հանդիպումների արդյունքներն էլ կվճռեն ոսկե մեդալների բախտը:

Վատ հանդես չեն գալիս ՖԻՄԱ-ի բասկետբոլիստները, որոնց պաշտպանությունն ամենահուսալին է մասնակիցների մեջ: Ուսանող բասկետբոլիստները թույլ են տվել մրցակիցներին իրենց հետ հանդիպումներում ընդհանուր առմամբ 641 միավոր վաստակել, մինչդեռ իրենց հակառակորդների զամբյուղը գրավելու շնորհիվ թիմի օգտին գրանցել են 720 միավոր:

Մասնակիցների ընդհանուր ֆոնի վրա իրենց թույլ ելույթներով առանձնանում են «Վանաձորի» բասկետբոլիստները, որոնք տանուլ են տվել բոլոր 10 հանդիպումները եւ եզրափակում են մրցաշարային աղյուսակը:

Կանանց մրցաշարում չեմպիոնի կոչման համար թեժ մրցավեճ է ծավալվել «Գրանդ Քենդիի» եւ Գյումրու մանկավարժական ինստիտուտի թիմի միջեւ: Երկու թիմերն էլ վաստակել են հավասարՙ 23-ական միավոր: Բայց անձնական հանդիպումներում գնդակների ավելի լավ տարբերության շնորհիվ աղյուսակը գլխավորում է «Գրանդ Քենդին»: Վերջինս աչքի է ընկնում բարձր արդյունավետությամբ: 12 հանդիպումներում թիմը վաստակել է 1011 միավորՙ մրցակիցներին թույլատրելով իրենց օգտին գրանցել 423 միավոր:

3-րդ տեղում ընթանում է «Արցախը» (20 միավոր): Հաջորդ տեղերում են «Էրեբունի ՖԻՄԱ»-ն (18), «Գյումրին» (16), «Աջեռան» (14) եւ «Վանաձորը» (12): Վերջինս, ինչպես եւ տղամարդկանց թիմը, պարտվել է բոլոր հանդիպումներում: «Աջեռան» էլ հաղթել է միայն վանաձորցիներին:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4