«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#99, 2007-05-26 | #100, 2007-05-30 | #101, 2007-05-31


ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՈՒՀԻՆԵՐՆ ԱՆՀԱՋՈՂ ՀԱՆԴԵՍ ԵԿԱՆ

Եկատերինբուրգում վերջնագիծը հատեց շախմատի կանանց աշխարհի թիմային անդրանիկ առաջնությունը, որի պարգեւներն էին վիճարկում 10 թիմեր: Հայաստանի կանանց հավաքականն անհաջող հանդես եկավՙ 5 միավորով զբաղեցնելով 8-րդ հորիզոնականը: Մեր շախմատիստուհիներն առաջ անցան միայն մրցաշարի բացահայտ հետնապահներ Բոտսվանայի (10 միավոր) եւ Չեխիայի (3) հավաքականներիցՙ շնորհիվ նրանց նկատմամբ տոնած հաղթանակների (միեւնույն 4-0 հաշվով): Ավարտական տուրում էլ մեր հավաքականը ոչ-ոքի խաղաց Վրաստանի ընտրանու հետ, որը 11 միավորով մրցաշարում 4-րդն էր: Իսկ ահա մյուս մրցախաղերում հայ շախմատիստուհիները զիջեցին մրցակիցներին (Ուկրաինաՙ 1-3, Վիետնամՙ 1,5-2,5, Գերմանիաՙ 1,5-2,5, Չինաստանՙ 0,5-3,5, Ռուսաստանՙ 1,5-2,5, Լեհաստանՙ 1-3):

Հայաստանի հավաքականում ընդգրկված շախմատիստուհիներից առավել հաջող ելույթ ունեցավ Էլինա Դանիելյանը, որը 8 պարտիաներում վաստակեց 5 միավոր: Երկրորդ արդյունքն ունի Լիլիթ Մկրտչյանը (4 միավոր 8 հնարավորից): Նելլի Աղինյանն ու Լիանա Աղաբեկյանը 7 հնարավորից թիմին պարգեւել են 3-ական միավոր: Իսկ ահա Սիրանուշ Անդրեասյանը 6 պարտիաներում վաստակեց 2 միավոր: Ինչ խոսք, մեր հավաքականի արդյունքը բացասական է:

Անդրանիկ առաջնության հաղթող ճանաչվեց Չինաստանի հավաքականը: Չին շախմատիստուհիները վերելքով հանդես եկանՙ 9 մրցախաղերում չկրելով ոչ մի պարտություն: Թիմի երիտասարդ շախմատիստուհիներն (ամենատարեցը 22 տարեկան էր) աչքի ընկան կայուն մրցելույթներով եւ արժանիորեն նվաճեցին չեմպիոնի տիտղոսը: Տոնելով 8 հաղթանակ եւ միայն մեկ մրցախաղ (Վրաստանի հավաքականի հետ) ավարտելով ոչ-ոքի, Չինաստանի հավաքականը 17 միավորով հռչակվեց աշխարհի չեմպիոն: Երկրորդ տեղը 15 միավորով գրավեց Ռուսաստանի ընտրանին: Բրոնզե պարգեւները բաժին հասան ուկրաինացիներին (14 միավոր), որոնց հաջորդում են Վրաստանի (11 միավոր), Լեհաստանի (9), Վիետնամի եւ Գերմանիայի (8-ական) շախմատիստուհիները:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4