Ռուսաստանի Կիրիշի քաղաքում ավարտվեց շախմատի միջազգային պատանեկան մրցաշարը, որը բավական ուժեղ կազմ ուներ: Այն ՖԻԴԵ-ի 11-րդ կարգի էր, ինչը ռեկորդային ցուցանիշ է պատանեկան մրցաշարերի համար: 12 շախմատիստների թվում էին Հայաստանը ներկայացնող Զավեն Անդրեասյանն ու Ավետիք Գրիգորյանը: Մեր երկու շախմատիստներն էլ հաջող հանդես եկան: Զավենը 11 հնարավորից վաստակեց 7 միավոր եւ Յան Նեպոմնյաշչու, Ռաուֆ Մամեդովի, Նեգի Պարամարիանի հետ բաժանեց 1-4-րդ տեղերը: Սակայն լրացուցիչ գործակիցներով Անդրեասյանը 4-րդն էր, իսկ մրցաշարի հաղթող ճանաչվեց Յան Նեպոմնյաշչին:
9-րդ տուրում ոչ-ոքի խաղալով Լինչեւսկու հետ եւ հաջորդ տուրում հաղթելով Կուզուբովին, Անդրեասյանը 7 միավորով Նեգի Պարամարիանի հետ գլխավորում էր աղյուսակը: Եթե ավարտական տուրում Զավենը թեկուզ ոչ-ոքի խաղար ադրբեջանցի գրոսմայստեր Ռաուֆ Մամեդովի հետ, ապա կդառնար մրցաշարի հաղթող, քանի որ Պարամարիանը վերջին պարտիայում զիջեց Ժիգալկոյին: Ցավոք, Զավենը պարտվեց եւ հայտնվեց 4-րդ տեղում:
Ավետիք Գրիգորյանը 6 միավորով 5-6-րդ տեղերը բաժանեց Սերգեյ Ժիգալկոյի հետ: Նա ոչ-ոքի խաղաց Մամեդովի եւ Սաֆարլիի հետ, իսկ վերջին տուրում պարտվեց Պոպովին:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ