«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#100, 2007-05-30 | #101, 2007-05-31 | #102, 2007-06-01


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՆԿԱՏՆԵՐՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԹԻՎԸ ՆՎԱԶԵԼ Է

Սահմանվել են մանկատների եւ ծերանոցների գործունեության չափորոշիչները

Պատասխանելով «Ազգի» այն հարցին, թե քանի՞ երեխա կա Հայաստանի մանկատներում, եւ այդ թիվը նվազման թե ավելացման միտում ունի, աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանը հայտնեց, որ Հայաստանում գործող 8 պետական մանկատներում ապրում են մոտ 1000 երեխա, իսկ 6 մասնավոր մանկատներումՙ մոտ 200: Ներկայումս կառավարության քաղաքականությունն ուղղված է բեռնաթափելու դրանքՙ երեխաներին կենսաբանական ծնողների կամ խնամատար ընտանիք տեղափոխելու միջոցով: Դրա արդյունքում, «համեմատած 2-3 տարի առաջ գոյություն ունեցող տվյալների հետ, մանկատներում երեխաների թիվը նվազել է մոտ 100-ով», նշեց փոխնախարարը:

Մինչ այդ Ֆիլարետ Բերիկյանը եւ նույն նախարարության վարչության պետ Ջեմմա Բաղդասարյանը ներկայացրեցին կառավարության հաստատած մանկատների եւ ծերանոցների գործունեության չափորոշիչները: Այդ որոշմամբ այսուհետեւ վերոնշյալ հաստատությունները պետք է անցնեն բարդ լիցենզավորման գործընթաց, ինչը գոյություն չուներ մինչ այժմ: Ջեմմա Բաղդասարյանը հայտնեց, որ չափորոշիչներ են սահմանվել շենքային պայմանների, բժշկական սպասարկման, սննդով եւ հագուստով ապահովման համար:

Շենքային պայմաններն ենՙ առանձին ճաշարանը, սենյակներ, յուրաքանչյուր տարիքային խմբի համար (մանկատներում) համապատասխան բնակելի մակերեսը եւ այլն: Սննդի էներգետիկ արժեքը 1 շնչի համար ծերանոցներում կազմում է 2100 Կկալ, իսկ մանկատների համար դարձյալ կախված է տարիքային խմբից: Ծերանոցներում 1 շնչի համար սահմանվել է 2300 դրամ օրական ծախս, իսկ միայն սննդի 1 օրվա ծախսը կազմում է մոտ 1000 դրամ:

4 պետական եւ 2 ոչ պետական ծերանոցներում 50 տարեցին պետք է սպասարկի մեկ բժիշկ, իսկ հագուստի եւ սպիտակեղենի համար սահմանված չափորոշիչներից աշխատանքի եւ սոցիալական հարցերի վարչության պետը որպես օրինակ նշեց, որ վերարկուն յուրաքանչյուրին տրվում է 5-6 տարի ժամկետով:

Նախարարության պատասխանատուները հայտնեցին նաեւ, որ չափորոշիչների պահպանման վերահսկողության լիազոր մարմինըՙ նույն աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը կարող է երբ ցանկանա ուսումնասիրություններ իրականացնել վերոնշյալ հաստատություններում:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4