Բանաստեղծուհի Սոնա Վանի թվով երրորդ, «Ես ձայն եմ լսում» վերնագրված գիրքն է ընթերցողի սեղանին: Երեկ մտավորական շրջանակների բազմաթիվ երեւելի, նաեւ ոչ այնքան երեւելի ներկայացուցիչներ էին հավաքվել գրքի շնորհանդեսին` շնորհավորելու եւ ծաղիկներ նվիրելու բանաստեղծուհուն: Հիրավի ամեն գրքի լույսընծայում նման է մանկան աշխարհ գալուն: Թերեւս նաեւ այս հուզումով էր բանաստեղծուհին պատասխանում լրագրողներիս հարցերին եւ փորձում ավելի բացել փակագծերը, քան դա արել էր իր գրքում:
«Համարձակություն եւ ավելի անկեղծ, առանց կոմպլեքսների հաղորդակցվելու հնարավորություն, մայրության ֆենոմենի բացահայտում», այսպես բնութագրեց իր պոեզիան բանաստեղծուհին կանանց հեղինակած պոեզիայի մեջ իր արվեստի դերի մասին խոսելով: «Իմ ժողովածուում իմ խոհերն են, «Ազգի» հետ առանձնազրույցում ասաց օրվա հերոսուհին: Ու եթե ինչ-որ բան էլ թաքցրել եմ, ապա գեղագիտական չափը պահպանելու համար: Յուրաքանչյուր արվեստ ինքնին արդեն ինչ-որ բան զսպելու, չափի մեջ դնելու ակտ է, հետեւաբար հնարավոր չէ բանաստեղծություն արարել առանց ձեւի գեղագիտական կողմի մասին մտածելու», ասաց նա:
Իսկ նրա նորահայտ գրքում, բանաստեղծություններից բացի կարդում ենք նաեւ մի քանի հարցազրույցներ, որոնցից մեկում հանդիպում են այսպիսի տողեր. «Գեղեցկությունը, իրոք, պոեզիայի միակ օրինական պարտականությունն է: Խոսքը միայն էսթետիկական, արտաքին գեղեցկության մասին չէ: Գեղեցկություն, որը ոչ թե մտքի ու հույզի ծնունդ է, այլ... հոգու»:
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ