Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը վերջապես ուրախացրեց իր երկրպագուներինՙ Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում տոնելով անդրանիկ հաղթանակը: Կրկնակի ուրախալի է, որ ղազախների նկատմամբ տարած հաղթանակով մեր հավաքականը նշեց հոբելյանականՙ 100-րդ հանդիպումը:
Ի տարբերություն նախորդ հանդիպումների, այս անգամ Հայաստանի հավաքականը խաղադաշտ մտավ բավական փոփոխված կազմով. Գեւորգ Կասպարով, Եղիշե Մելիքյան, Ռոբերտ Արզումանյան, Վահագն Մինասյան, Սարգիս Հովսեփյան, Ալեքսանդր Թադեւոսյան, Արարատ Առաքելյան (Արամ Հակոբյան, 80), Աղվան Մկրտչյան, Արթուր Ոսկանյան, Համլետ Մխիթարյան (Արմեն Շահգելդյան, 75), Սամվել Մելքոնյան (Արման Քարամյան, 90):
Ինչպես տեսնում եք, մեր հավաքականի մեկնարկային կազմում գերակշռում էին պաշտպանական ոճի ֆուտբոլիստները, իսկ «մաքուր» հարձակվող ընդհանրապես ընդգրկված չէր: Սակայն չնայած դրան, մեր ընտրանին դեռեւս առաջին կեսում 2 անգամ գրավեց ղազախների դարպասը: Նախ անկյունայինի խաղարկումից հետո Ռոբերտ Արզումանյանը բացեց հաշիվը, ապա Սամվել Մելքոնյանին վայր գցելու համար նշանակվեց 11 մ հարված, որն անվրեպ իրացրեց Սարգիս Հովսեփյանը:
Հարկ է նշել, որ Ղազախստանի հավաքականի խաղը բնավ էլ տպավորություն չթողեց: Դաշտի տերերի գրոհները միօրինակ էին եւ լուրջ վտանգ չէին ներկայացնում: Նրանք հիմնականում գնդակը բարձրից ուղարկում էին տուգանային հրապարակ, որտեղ հստակ էին գործում մեր պաշտպաններն ու դարպասապահը: Միայն խաղավերջում ղազախներին հաջողվեց հաշիվը կրճատել 11 մ հարվածի շնորհիվ, որն իրացրեց Բալթիեւը:
Հաղթելով 2-1 հաշվով, Հայաստանի հավաքականը հեռացավ վերջին տեղիցՙ շրջանցելով Ադրբեջանի ընտրանուն, որը սեփական հարկի տակ զիջեց լեհերին (1-3): Ընդ որում, այդ խաղում ադրբեջանցիներն առաջինն էին բացել հաշիվը: Հետաքրքրական զուգադիպությամբ, ընտրական «A» խմբում կայացած բոլոր չորս խաղերում էլ հաջողությունն ուղեկցեց հյուրերին: Մրցակցի դաշտում հաղթանակներ տարան նաեւ պորտուգալացիներն ու սերբերը: Պորտուգալիայի հավաքականը 2-1 հաշվով առավելության հասավ բելգիացիների նկատմամբ, իսկ սերբերը 2-0 հաշվով պարտության մատնեցին ֆիններին:
Բավական դրամատիկ պայքար ծավալվեց Կոպենհագենում, որտեղ դանիացիները հյուրընկալել էին շվեդներին: Վերջիններս արդեն 26-րդ րոպեին խաղը շահում էին 3-0 հաշվով, սակայն դաշտի տերերին հաջողվեց վերականգնել հավասարակշռությունը: 89-րդ րոպեին մրցավարը դաշտից հեռացրեց դանիացի Պոուլսենին, եւ 11 մ հարված նշանակեց: Սակայն շվեդները չհասցրին իրացնել այն, քանի որ դանիացի ֆուտբոլասերներից մեկը խաղադաշտ մտնելով, հարձակվեց մրցավարի վրա: Վերջինս դադարեցրեց խաղըՙ ֆուտբոլիստներին ուղարկելով հանդերձարան: Այժմ հանդիպման վերջնական արդյունքի մասին պետք է որոշում կայացնի ՈւԵՖԱ-ի կարգապահական կոմիտեն:
Կարեւոր հաղթանակ տարավ Ֆրանսիայի հավաքականը, որը 2-0 հաշվով պարտության մատնելով Ուկրաինայի ընտրանուն, 15 միավորով գլխավորեց «B» խմբի աղյուսակը: Այս խմբում 2-րդ հորիզոնականը տեղափոխվեց Իտալիայի հավաքականըՙ հյուրընկալվելիս 2-1 հաշվով հաղթելով Ֆարերներին:
«C» խմբում 15 միավորով առաջատարը հույներն են, որոնք հաղթեցին հունգարացիներին (2-0): «D» խմբի առաջատար Գերմանիայի հավաքականը 6 անպատասխան գնդակ խփեց Սան Մարինոյի դարպասը եւ 16 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել աղյուսակը: «E» խմբի երեք առաջատարներն էլ հաղթանակով ավարտեցին իրենց հանդիպումները: Աղյուսակը 16 միավորով գլխավորող խորվաթները Էստոնիայում 1-0 հաշվով հաղթեցին տեղի հավաքականին: Ռուսները 4 անպատասխան գնդակ խփեցին Անդորրայի հավաքականի դարպասը, իսկ Իսրայելի ընտրանին 2-1 հաշվով հաղթեց մակեդոնացիներին:
Թուրքերը խաղի ընթացքում երկու անգամ հաշվի մեջ առջեւում լինելով, ի վերջո 2-3 հաշվով պարտվեցին Բոսնիայի ընտրանուն, ընդ որում մրցակիցը հաղթական գոլը խփեց վերջին րոպեին: Մյուս հանդիպումներում գրանցվել են հետեւյալ արդյունքները. Լիտվա-Վրաստանՙ 1-0, Նորվեգիա-Մալթաՙ 4-0, Ուելս-Չեխիաՙ 0-0, Լատվիա-Իսպանիաՙ 0-2, Իսլանդիա-Լիխտենշտեյնՙ 1-1, Բելառուս-Բուլղարիաՙ 0-2, Սլովենիա-Ռումինիաՙ 1-2, Ալբանիա-Լյուքսեմբուրգՙ 2-0:
«A» խումբ
Մրցաշարային աղյուսակ
Խ | Հ | Ո | Պ | Գ | Մ | |
1. Լեհաստան | 8 | 6 | 1 | 1 | 15-6 | 19 |
2. Պորտուգալիա | 7 | 4 | 2 | 1 | 15-5 | 14 |
3. Սերբիա | 7 | 4 | 2 | 1 | 10-4 | 14 |
4. Ֆինլանդիա | 7 | 3 | 2 | 2 | 7-5 | 11 |
5. Բելգիա | 7 | 2 | 1 | 4 | 5-8 | 7 |
6. Ղազախստան | 7 | 1 | 2 | 4 | 4-10 | 5 |
7. Հայաստան | 6 | 1 | 1 | 4 | 2-7 | 4 |
8. Ադրբեջան | 7 | 1 | 1 | 5 | 3-16 | 4 |
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ