«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#103, 2007-06-02 | #104, 2007-06-05 | #105, 2007-06-06


«ՊՈԼՍԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ ԿՔՎԵԱՐԿԻ ԷՐԴՈՂԱՆԻ «ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲԱՐԳԱՎԱՃՈՒՄ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՕԳՏԻՆ»

«Շպիգել» հանդեսին տված հարցազրույցում հայտարարում է Մութաֆյան պատրիարքը

Թուրքական ինտերնետային «Նեթհաբեր» թերթի վկայությամբ, Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Բ Մութաֆյանը գերմանական «Շպիգել» հանդեսին տված հարցազրույցում նշել է, որ թուրք ազգայնականների ճնշումների հետեւանքով վտանգվել է «Ակօսի» խմբագիր Հրանտ Դինքի սպանության բացահայտումը, պաշտպանության տակ են գտնվում նրանք, ովքեր հովանավորում են սպանությունն իրագործողներին եւ ինքը այդ հարցով պատրաստվում է դիմել թուրքական զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Յաշար Բույուքանըթին:

Այնուհետեւ, ամենապատիվ պատրիարքն ասել է. «Մշտապես սպառնալից նամակներ ենք ստանում: Այդ նամակներում գրում են, թե ձեր բնակության վայրը մեզ հայտնի է, բոլորիդ սպանելու ենք: Այդ իսկ պատճառով, օրերս դասերը դադարեցվել էին հայկական վարժարաններում: Դիմեցինք Ստամբուլի նահանգապետին: Նա մեզ առաջարկեց վարձել անձնական թիկնապահներ: Սա առնվազն ծիծաղելի է, որովհետեւ պետության առաջնահերթ խնդիրը քաղաքացիների կյանքի անվտանգությունն ապահովելն է: Ըստ երեւույթին, Թուրքիայում հետզհետե աճում է թվաքանակը նրանց, ովքեր մտադիր են երկրից վտարել ազգային փոքրամասնություններին: Հատկապես հեռանում է հայ երիտասարդությունը, ապաստանելով մեծապես ԱՄՆ-ում, Ֆրանսիայում եւ Գերմանիայում: Հրանտ Դինքի սպանությունից հետո մարդիկ «Մենք բոլորս Դինք ենք, բոլորս հայ» կարգախոսներով համերաշխություն էին հայտնել թուրքահայերին: Սակայն վերջին շրջանում ազգայնականների ճնշումները հանգեցրել են այդ համերաշխության նվազեցմանը: Դինքի սպանության բուն կազմակերպիչներին պաշտպանության տակ են վերցրել: Շուտով գնալու եմ Անկարա, ժամանակն է այս ամենի առնչությամբ գլխավոր շտաբի պետին պարզորոշ ասել այն, ինչ անհրաժեշտ է»:

Հայոց ցեղասպանության վերաբերյալ «Շպիգելի» հարցին, Մութաֆյան պատրիարքը մոտավորապես այդ նույն պատասխանն է տվել, ինչ մայիսի 31-ին տվել էր կոնգրեսականների համանման հարցին պատասխանելիս, պարզապես ավելացնելով. «Ինչ խոսք, մենք չենք կարող լռությամբ շրջանցել 1915 թ. արյունալի իրադարձությունները»:

Պոլսո հայոց Մութաֆյան պատրիարքը միաժամանակ ընդգծել է, որ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությունը ավելի մոտ է կանգնած պոլսահայ համայնքին, այդ իսկ պատճառով հուլիսի 22-ի խորհրդարանական ընտրություններում համայնքը քվեարկելու է «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության օգտին:

Վերջում ամենապատիվ պատրիարքը եզրակացրել է. «Եթե անկեղծ լինենք, ապա պետք է փաստենք, որ հայերիս համար իշխող «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցությունը ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունից գերադասելի է: Ազգային փոքրամասնությունների նկատմամբ «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցությունը ավելի նվազ ազգայնական մոտեցում է դրսեւորում: Մեր պահանջների հարցում Էրդողանի կառավարությունը վերին աստիճանի պատրաստակամ է»:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4