«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#103, 2007-06-02 | #104, 2007-06-05 | #105, 2007-06-06


ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԻՊՐՈՍԻՑ, ՈՐ ԳՈՐԾՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՆ ՄՂՈՒՄ

Ինչպես արդեն գրել է «Ազգը», մայիսի 17-23-ը Կիպրոսի Հանրապետության ժուռնալիստների միությունը հյուրընկալել էր Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանին եւ մեր թերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանին:

Աստղիկ Գեւորգյանը հիացած է հոգատար ընդունելությունից, որ վայելել է ծառ ու ծաղկի, փարթամ բուսականության եւ մաքրության այդ երկրում: «Մեզ շատ բարձր մակարդակով ընդունեցին ոչ միայն ժուռնալիստների միությունում, այլեւ Կիպրոսի Ներկայացուցիչների պալատիՙ պառլամենտի ղեկավարը` պրն Դեմետրիս Խրիստոֆիասը, կառավարության մամլո խոսնակ պրն Վասիլիս Պալմասը, ինչպես նաեւ իշխող Դեմոկրատական կուսակցության հայազգի ղեկավարը` Մարիո Կարոյանը: Հանդիպումների ժամանակ մեզ ուղեկցում էր ոչ միայն Կիպրոսի ժուռնալիստների միության նախագահ Անդրեաս Քանաուրոսը, այլեւ «Սայփրըս Ուիքլի» եւ «Ֆայնենշըլ միրոր» թերթերի խմբագիրներ Ջորջ եւ Մասիս Տեր-Բարթողները: Շատ օգտակար էր նաեւ Կիպրոսի խորհրդարանում հայ համայնքի ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանի ներկայությունն ու պաշտոնական զրույցներին մասնակցությունը: Ես նախանձով էի նայում, թե ինչպե՞ս են այնտեղ ընդգծված հարգանքով ընդունում իրենց խմբագիրներին, ինչը թեեւ մեզ մոտ էլ կա, սակայն որոշ անջրպետով: Նրանց մոտ այդ անջրպետը չկա, նրանց հարաբերությունները «հավասարը հավասարի հետ» սկզբունքով են առաջնորդվում», նշում է Հայաստանի ժուռնալիստների միության նախագահը: Նա նաեւ անկեղծորեն տարակուսում է. «Տեսնելով նման շքեղ ընդունելություն, մտածում էի, արդոք կարողանալո՞ւ ենք կիպրոսցի ժուռնալիստների փոխադարձ այցը Հայաստան (այն նախատեսված է աշնանը) նույն մակարդակով կազմակերպել»:

«Ինձ զարմացրեց եւ հիացրեց այն հանգամանքը, թե որչափ է Կիպրոսի ժուռնալիստների միությունը գտնվում կառավարության եւ իշխանությունների ուշադրության կենտրոնում, անկախ նրանց իշխանամետ կամ ընդդիմադիր լինելու հանգամանքից: Ընդ որում, այդ ուշադրությունը ոչ միայն բարոյական առումով է նկատելի, այլեւ` նյութական: Պատկերացրեք, որ Կիպրոսի ժուռնալիստների միության խիստ հարմարավետ եւ ճոխ շենքը կառավարության կողմից է կառուցվել այն հողի վրա, որ 99 տարի ժամկետով անվարձահատույց տրամադրվել է Ժուռնալիստների միությանը: Ավելին, դահլիճները վարձակալության տալով եւ նույն այդ շենքում գործող ռեստորանի հասույթով ստեղծվել է մի հիմնադրամ, որը թոշակառու ժուռնալիստներին որոշակի գումար է հատկացնում: Նույն Կիպրոսի կառավարությունը Լառնաքա քաղաքի ծովեզերքին նորից 99 տարով Կիպրոսի ժուռնալիստների միությանն է տրամադրել հանգստյան մի ավան, որը չնչին գումարով է սպասարկում Կիպրոսի ժուռնալիստներին իրենց ստեղծագործական աշխատանքը կամ հանգիստը կազմակերպելու համար այդ չքնաղ բնության գրկում»:

Ինչ վերաբերում է երկու երկրների ժուռնալիստների միությունների գործնական քայլերին, Ա. Գեւորգյանն ասում է, որ փորձի փոխանակման տեսակետից առաջին քայլը գտնված է: Մասնավորապես, Ա. Գեւորգյանը փորձելու է տեղայնացնել այն մոդելը, որի շնորհիվ Կիպրոսի ժուռնալիստների միությունը կատարում է արհմիութենական կազմակերպության դեր: «Այսինքն, պաշտպանելու ենք այն լրագրողի շահերը, ում հանիրավի ազատել են աշխատանքից, կամ աշխատավարձը պակաս են տվել, կամ նրա իրավունքները ոտնահարվել են խմբագրի կամ հրատարակչի կողմից: Այս հարցի լուծումը մեր վաղվա օրն է, որի մասին պետք է մտածենք այսօրվանից, ասում է Ա. Գեւորգյանը:

Հստակ պլան պետք է մշակենք երկու երկրների ժուռնալիստների միությունների համագործակցության շարունակականության համար: Կիպրոսում չկա ժուռնալիստիկայի ուսուցման այնպիսի համակարգ, ինչպիսին մեզ մոտ է, մանավանդ, պատանի լրագրողների համար: Այդ առումով կարծում եմ մեր բուհական եւ կրթական ասպարեզում ունեցած փորձը կիպրոսցիներին փոխանցելու առիթն ունենք:

Մենք կտանք ժուռնալիստիկան որպես գիտություն ուսումնասիրելու եւ նրա ուսուցման համակարգի փորձառությունը, կիպրոսցիներից կբերենք ժուռնալիստի շահերի պաշտպանությունը: Սա կարեւոր է, քանի որ ժուռնալիստն այստեղ ամեն պահ կարող է հեռացվել աշխատանքից, որ խոսում է նրա անպաշտպան լինելու մասին, ասում է զրուցակիցս:

Ի դեպ, ասում է տիկին Գեւորգյանը, լրագրողների ու մամուլի նկատմամբ հարգանքի տպավորիչ հանդիսության ներկա գտնվեցինք, ուր պետության ներկայացուցիչները Ինտերքոլեջ համալսարանի դահլիճում պատվում էին վաստակավոր լրագրողներին ու խմբագիրներին: Նրանց թվում էր նաեւ մեր հայրենակից Ջորջ Տեր-Բարթողը, որին մենք էլ, Հայաստանի ժուռնալիստների միության անունից շնորհեցինք «Ոսկե գրիչ» մրցանակը հենց այդ հանդիսության ընթացքում»:

«Նախանձով ու տխրությամբ էի նայում այդ կայացած երկրին: Մշակված ու խնամված, մաքրության, կանաչի ու ծաղկի պաշտամունքը, գեղեցկությանը հետամուտ լինելու ձգտումը այդ երկրում ոչ միայն բնույթ է, այլեւ գիտակցված մի սովորույթ, որի արդյունքում տարեկան Կիպրոս է գալիս շուրջ երեք միլիոն զբոսաշրջիկ: Ի դեպ, զբոսաշրջիկները մարդու արարած գեղեցկությունից բացի ականատեսն են լինում նաեւ պատմական անարդարությանը, որով 1974 թվականին թուրքերի կողմից բռնագրավվեց Կիպրոսի շուրջ 40 տոկոսը: Շատ ծանր բան է: Նրանք մեզնից ավելի վատ վիճակում են այդ իմաստով, քանի որ ամեն վայրկյան որեւէ մեկը կարող է հեռադիտակով նայել, օրինակ` Ֆամագուստա ոչ վաղ անցյալում բռնագրավված քաղաքի կողմը եւ տեսնել իր տունը, իսկ սեփական տան պատշգամբից քիչ հեռու կարդալ այն պաստառը, որի վրա գրված է. «Երնեկ «թուրք եմ» ասողին»: Քայլում ես Նիկոսիայի հին քաղաքի կենտրոնով ու հանկարծ տեսնում ճանապարհի մի կողմում պատ, ավազով լցված պարկեր, ՄԱԿ-ի զինվորներ, հետո թուրքական դրոշ եւ դեմ հանդիման կանգնած զինվոր եւ ասքյար»: Ա. Գեւորգյանը մշակութային առումով փոխառելու երեւույթներ էլ է նկատել: «Կիպրոսցիները հրաշալի պահում են իրենց անցյալը` լինի դա մ.թ.ա. 14-դ դարի ամրոցի մոզայիկ հատակը, դամբարաններ, թե պատմության վավերագրեր, պահպանված է ոչ միայն հիշողությունը վառ պահելու, ոչ միայն սերունդ կրթելու, այլեւ տուրիզմի զարգացման համար»: Հայերս էլ ենք փորձում պահպանել մեր պատմությունը, բայց ինչպե՞ս` փակելո՞վ Մելգոնյան վարժարանը եւ թողնելով անջրդի այն հարյուրավոր նոճիները, որ ժամանակին Կիպրոսում տնկել են առաջին մելգոնյանցի սաները` Եղեռնից մազապուրծ որբուկները: «Այդ առթիվ անհանգիստ տեսա կիպրահայ համայնքը, որ հույսը չի կորցնում, թե կվերաբացվի վարժարանը: Մելգոնյան կրթօջախը մեր պատմությունն է, որ չի կարելի կիսատ թողնել, մեր պատմական հիշողությունն է, որ չի կարելի ջնջել, ասում է Ա. Գեւորգյանը: Իրականում մի ճանապարհ կա` համախմբել նախկին մելգոնյանցիների, ՀՀ իշխանությունների, ՀԲԸՄ ԱՄՆ-ում նստող ղեկավարության, սփյուռքահայ երեւելի մարդկանց հնարավորությունները, տարփողել խնդրի կարեւորությունը հայաստանյան եւ սփյուռքահայ ԶԼՄ-ներով եւ վերաբացել Մելգոնյանը», ասում է տիկին Գեւորգյանը, որ հավատացնում է, թե այս հարցի լուծումը միայն կազմակերպչական ջիղ ունեցող շահագրգիռ մարդկանց կարիք է զգում: «Մելգոնյան վարժարանի խնդիրը պետք է դառնա համազգային հարց, մինչդեռ հայաստանյան մեր մամուլից միայն «Ազգն» է, որ անդրադառնում է դրան:

Հայաստանցի եւ կիպրոսցի լրագրողական շրջանակների առաջին կարեւորագույն համագործակցությունը կլինի այս հարցի շրջանառությունը, որ պետք է դուրս գա կիպրահայության հոգս լինելուց եւ դառնա համազգային լուծման ենթակա խնդիր: Դրանում դեր ունի ողջ հայկական մամուլը, որ պետք է ճակատ կազմի»:

Բացի Մելգոնյան կրթօջախից, որը գտել են ամայի եւ տխուր, պատվիրակությունն այցելել է նաեւ Նիկոսիայի Նարեկ ազգային վարժարան, «Գալայջյան» ծերանոց, Առաջնորդարան, որտեղ հանդիպեցին Վարուժան արք. Հերկեջյանի հետ, Լառնակայի գլխավոր բուլվարի վրա Եղեռնի զոհերի ապագա հուշարձանի վայր:

Կիպրոսցիներից մի լավ գործ էլ է ուզում ընդօրինակել Ժուռնալիստների միության նախագահը: «Կիպրոսցիները ստեղծել են տպագրական հին տեխնիկայի թանգարան: Պահել են հին գրաշարական տառերն ու գործիքները, լինոտիպ մեքենաները, ռոտացիոն մեքենան, արճիճները, կլիշե պատրաստելու սարքերը: Օգտվելով առիթից, դիմում եմ «Տիգրան Մեծ» հրատարակչության տնօրեն Վրեժ Մարկոսյանին, որը հին պոլիգրաֆիստ է: Վստահ եմ, որ Հայաստանում պահպանվել են այդ հին մեքենաները, պատճենահանող սարքերը, որոնց թանգարանային ցուցադրության համար Վ. Մարկոսյանը կարող է մի տարածք առանձնացնել: Թանգարանը շատ հետաքրքրական կլինի այսօրվա միայն թվային տեխնիկային ծանոթ մեր ուսանողների, երիտասարդ լրագրողների եւ առհասարակ նոր սերնդի համար», փոխանցում է զրուցակիցս:

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4