Առաջատարի հետ մրցախաղում ՀՀ հավաքականին լուրջ փորձություն է սպասում
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն այսօր Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի հերթական խաղում «Հանրապետական» մարզադաշտում ուժերը կչափի 1-ին խմբի առաջատար Լեհաստանի ֆուտբոլիստների հետ: Խաղը կսկսվի Երեւանի ժամանակով 20.30-ին եւ կցուցադրվի Հանրային հեռուստատեսությամբ: Հանդիպումը կսպասարկի ռումինական մրցավարական բրիգադը Պավել Քրիստիան Բալայի գլխավորությամբ:
Հայաստանի հավաքականին իրոք լուրջ փորձություն է սպասում: Լեհաստանի ընտրանին այս պահին 8 խաղից հետո 19 միավորով միանձնյա գլխավորում է ընտրական առաջին խմբի աղյուսակը: Մինչդեռ լեհերն անհաջող էին սկսել ընտրական մրցաշարըՙ մեկնարկում սեփական հարկի տակ 1-3 հաշվով զիջելով ֆիններին: Երկրորդ խաղում էլ սեփական դաշտում լեհերը չկարողացան հաղթանակ տոնելՙ ոչ-ոքի (1-1) ավարտելով հանդիպումը սերբերի հետ: Իսկ ահա հաջորդ չորս մրցախաղերում լեհերը կարծես լիովին կերպարանափոխվեցինՙ բռնելով վերելքի ուղին: Առաջին հաղթանակի քաղցրությունը լեհ ֆուտբոլիստները ճաշակեցին անցած տարվա հոկտեմբերի 7-ին Ղազախստանում (1-0): Ապա սկզբունքային մրցավեճում լեհերը պարտության մատնեցին խմբի առաջատարներից մեկինՙ Պորտուգալիայի ընտրանուն (2-1): Ոչ պակաս կարեւոր էր հյուրընկալվելիս բելգիացիների նկատմամբ տարած հաղթանակը (1-0): Այնուհետեւ Լեհաստանի հավաքականը սեփական հարկի տակ պարզապես ջախջախեց ադրբեջանցիներին (5-0): Այս արդյունքները վկայում են, որ լեհական ֆուտբոլն այժմ առաջընթաց է ապրում:
Լեհաստանի հավաքականը Երեւան է ժամանել Բաքվից, որտեղ 4 օր առաջ Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի հերթական խաղում 3-1 հաշվով հաղթել էր ադրբեջանցիներին: Ընդ որում, առաջինը հաջողության էին հասել դաշտի տերերը: Երեկ լեհ ֆուտբոլիստները «Հանրապետական» մարզադաշտում մարզում անցկացրին: Լեհաստանի հավաքականը մեր ընտրանու հետ հանդիպմանը ներկայացել է ուժեղագույն կազմով: Այսօրվա հանդիպմանը լեհերի կազմում կմասնակցի թիմի առանցքային ֆուտբոլիստներից մեկըՙ Էյսեբիուշ Սմոլյարեկը, որն ապաքինվել է վնասվածքից: Իսկ ահա առանցքային ֆուտբոլիստներից մյուսըՙ Ռադոսլավ Մատուսյակը վնասվածքի պատճառով Երեւան չի ժամանել: Վերջինս ընտրական այս մրցաշարում 2 գոլ է խփել: Մատուսյակի բացակայությունը մեծ կորուստ է Լեհաստանի հավաքականի համար: Ուստի շտապ կարգով հավաքական է հրավիրվել լեհական «Զագլեբիեի» հարձակվող Լուկաշ Պիշչեկը:
Հայաստանի եւ Լեհաստանի հավաքականները մինչեւ օրս հանդիպել են 4 անգամ: 1999 թ. մարտի 3-ին կայացած ընկերական մրցախաղում լեհերը հաղթել էին 1-0 հաշվով: Հաջորդ երկու հանդիպումները կայացել են ֆուտբոլի աշխարհի 2002 թ. առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում: 2001 թ. մարտի 28-ին ՀՀ հավաքականը Լեհաստանում ընտրական մրցախաղում մրցել է տանտերերի հետ: Այդ խաղը չափազանց անհաջող դասավորվեց հայ ֆուտբոլիստների համար, որոնք մրցակցին զիջեցին խոշորՙ 0-4 հաշվով: Հունիսի 6-ին Երեւանում կայացած թիմերի պատասխան խաղում մեր հավաքականին չհաջողվեց ռեւանշի հասնել: Գրանցվեց ոչ-ոքի (1-1) արդյունք: Հանդիպումը մեր ֆուտբոլասերների հիշողություններում տպավորվել է խաղավերջում երկու թիմերի ֆուտբոլիստների միջեւ տեղի ունեցած ծեծկռտուքով:
Եվրո-2008-ի ընտրական մրցաշարում Հայաստանի եւ Լեհաստանի հավաքականների առաջին հանդիպումը կայացել է այս տարվա մարտի 28-ին Լեհաստանի Կելցե քաղաքում: Հանդիպման 26-րդ րոպեին Ժուրավսկու խփած միակ գոլը հաղթանակ պարգեւեց լեհերին: Եվ ահա հետաքրքրական զուգադիպությամբ, ուղիղ 6 տարի հետո Լեհաստանի ընտրանին կրկին կհյուրընկալվի Երեւանում: Սպասվում է չափազանց համառ մրցակցություն առաջին խմբի առաջատարի հետ մրցավեճում: Ինչ խոսք, հայ ֆուտբոլիստները կձգտեն պատվով դուրս գալ լուրջ փորձությունից: Կարծում ենք, դրան կնպաստի նաեւ մի քանի օր առաջ Ղազախստանի հավաքականի նկատմամբ մեր ընտրանու տոնած անդրանիկ հաղթանակն ընտրական մրցաշարում: Հայ ֆուտբոլասերներն էլ անշուշտ ոգեւորված են այդ հաջողությամբ եւ իրենց ներկայությամբ կաջակցեն մեր ֆուտբոլիստներին: Հաջողություն ցանկանանք Հայաստանի հավաքականին այսօրվա խաղում:
Լեհ ֆուտբոլիստների վերջին շրջանի հաջողություններն անշուշտ կապված են հավաքականի գլխավոր մարզիչ, հոլանդացի մասնագետ Լեո Բեենհակերի անվան հետ: 63-ամյա մարզիչը Լեհաստանի հավաքականի ղեկը ստանձնել է անցյալ տարվա հուլիսինՙ ֆուտբոլի աշխարհի առաջնությունից հետո: Նրա գլխավորությամբ Տրինիդադ եւ Տոբագոյի հավաքականն իր պատմության մեջ առաջին անգամ հանդես եկավ աշխարհի առաջնությունում: Նշենք, որ 1990 թ. Բեենհակերն աշխարհի առաջնությունում գլխավորել է Հոլանդիայի հավաքականը: Մարզչական իր կենսագրությունում Բեենհակերն աշխատել է «Այաքսում», «Ռեալում», «Գրասհոպերսում», Սաուդյան Արաբիայի հավաքականում եւ այլ թիմերում: Գլխավորելով Լեհաստանի հավաքականը, փորձառու մասնագետը նպաստեց լեհ ֆուտբոլիստների հաջող մրցելույթներին:
Հարկ է նշել, որ Լեհաստանի հավաքականն այն եզակի ընտրանիներից է, որ ժամանակին հաջող հանդես գալով աշխարհի առաջնություններում, դեռ երբեք Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում հանդես չի եկել: Հիշեցնենք, որ լեհերը 1974 եւ 1982 թթ. աշխարհի առաջնությունների բրոնզե մեդալակիրներ են, իսկ 1972 թ. դարձել են օլիմպիադայի չեմպիոններ: Իսկ ահա մասնակցելով Եվրոպայի առաջնությունների նախորդ 12 ընտրական մրցաշարերին, լեհերին ոչ մի անգամ չի հաջողվել եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճել: Մինչ օրս ընտրական մրցաշարերում Լեհաստանի հավաքականն անցկացրել է 84 խաղ, որից 36-ում հաղթել է, 21-ն ավարտել է ոչ-ոքի եւ կրել է 27 պարտություն: Լեհերը խփել են 122 գնդակ, սեփական դարպասը բաց թողել 94-ը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ