«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#103, 2007-06-02 | #104, 2007-06-05 | #105, 2007-06-06


ԿՐԱՄՆԻԿՆ «ՕՍԿԱՐԻ» ԿՐԿՆԱԿԻ ԴԱՓՆԵԿԻՐ

Շախմատի աշխարհի ներկայիս չեմպիոն Վլադիմիր Կրամնիկը երկրորդ տարին անընդմեջ դարձավ շախմատային «Օսկարի» դափնեկիր, որը տարվա լավագույն շախմատիստին է հանձնվում լրագրողների միջեւ «64-Շախմատնոյե Օբոզրենիե» ամսագրի անցկացրած հարցման արդյունքներով:

Կրամնիկը վաստակեց 3636 միավոր: Հարցման մասնակիցներից 204-ը նրա ազգանունը հարցաթերթիկում նշել էին առաջինը: Ընդհանրապես, յուրաքանչյուր մասնակից հարցաթերթիկում նշում է իր կարծիքով 10 լավագույն շախմատիստներին: Կրամնիկը գերազանցեց Վեսելին Թոփալովին (2828 միավոր) եւ Վիշվանաթան Անանդին (2754): 4-րդ տեղը զբաղեցրել է աշխարհի գավաթակիր Լեւոն Արոնյանը (2238 միավոր): Լավագույն տասնյակում տեղ են զբաղեցրել նաեւ ուկրաինացի Վասիլի Իվանչուկը (1122), ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովը (980), հունգարացի Պետեր Լեկոն (963), ռուսաստանցի Ալեքսանդր Մորոզեւիչը (888), ադրբեջանցի մեկ այլ գրոսմայստեր Շահրիյար Մամեդյարովը (860) եւ նորվեգացի Մագնուս Կառլսենը (822):

Հարցմանն ընդհանուր առմամբ մասնակցել են 63 երկրների 330 լրագրողներ: Հարցաթերթիկներում նշվել է 52 շախմատիստի ազգանուն: Հետաքրքրական է, որ վերջին 3 տարվա ընթացքում առաջին անգամ ՖԻԴԵ-ի պաշտոնական ինտերնետային կայքում անցկացված հարցման արդյունքները (որոնց հիմնականում մասնակցել են շախմատասերները) չհամընկան ամսագրի հարցման արդյունքներին: Այստեղ Անանդն ու Արոնյանը գերազանցեցին Կրամնիկին: Դրա հիմնական պատճառը Հնդկաստանից եւ Հայաստանից հարցման մասնակիցների մեծ ակտիվությունն էր:

«64-Շախմատնոյե Օբոզրենիե» ամսագիրը 12-րդ անգամ էր որոշում «Օսկարի» դափնեկրին: Այդ տարիների ընթացքում միայն Անանդն է հարցման արդյունքներով մշտապես տեղ զբաղեցրել լավագույն տասնյակում` 4 անգամ արժանանալով «Օսկարին»:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4