ՀՀ հավաքականն ընտրական այս մրցաշարում իր լավագույն խաղն անցկացրեց
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը շարունակեց 4 օր առաջ սկսած իր հաղթական երթըՙ գեղեցիկ ոճով վստահ հաղթանակ տոնելով ընտրական «A» խմբի առաջատար Լեհաստանի հավաքականի նկատմամբ: Ուրախացնող է ոչ միայն հաղթանակը, այլեւ մեր ֆուտբոլիստների ցուցադրած խաղի որակը: Ի տարբերություն նախորդ հանդիպումների, այս անգամ Հայաստանի հավաքականն աչքի ընկավ մինչեւ վերջ պայքարելու անկոտրում կամքով եւ հաղաթանակի վճռականությամբ: Իրոք, որ լեհերի հետ հանդիպումը Եվրո-2008-ի ընտրական մրցաշարում մեր հավաքականի լավագույն ելույթն էր: Իսկ Համլետ Մխիթարյանի խփած գոլը դարձավ այդ հանդիպման զարդը: Ցնծություն էր մարզադաշտում, ցնծություն տներումՙ հեռուստացույցի առաջ նստածների մոտ: Վաղուց Երեւանում ֆուտբոլասեր երիտասարդները փողոցներում «Հայաստան, Հայաստան» չէին գոռացել այսպես ինքնաբուխ եւ հպարտ:
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի հերթական խաղում Հայաստանի հավաքականը երեկ «Հանրապետական» մարզադաշտում հյուրընկալել էր «A» խմբի առաջատար Լեհաստանի ընտրանուն: Ղազախների հետ հաղթական հանդիպման համեմատ, մեր հավաքականի մեկնարկային կազմում միայն մեկ փոփոխություն էր կատարվելՙ որակազրկված Սամվել Մեքոնյանին փոխարինել էր Արմեն Շահգելդյանը:
Հայ ֆուտբոլիստները գերազանց անցկացրին հերթական խաղը եւ արժանի հաղթանակ տոնեցին: Առաջին իսկ րոպեներից մեր ֆուտբոլիստները դիմեցին ակտիվ գործողությունների: Առջեւի գծում միմյանց հետ լավ էին համագործակցում Շահգելդյանն ու Մխիթարյանը: Վերջինս այս խաղում պարզապես փայլեց իր անհատական վարպետությամբ եւ դարձավ հանդիպման հերոսըՙ 64-րդ րոպեին տուգանային գեղեցիկ հարվածով գնդակն ուղարկելով դարպասի վերին հեռավոր անկյունը: Մինչ այդ, հատկապես առաջին խաղակեսումՙ լեհերը մի քանի անգամ վտանգավոր գրոհներ կազմակերպեցին, սակայն հստակ էին գործում մեր պաշտպաններն ու դարպասապահըՙ վնասազերծելով մրցակցին:
Իսկ ահա ընդմիջումից հետո խաղի պատկերը բավական փոխվեց: Հայաստանի հավաքականը բարձր տեմպ հաղորդելով գրոհներին, ամբողջությամբ տիրեց նախաձեռնությանըՙ մինչեւ խաղավերջ չզիջելով մրցակցին: Աչք էին շոյում մեր ֆուտբոլիստների եզրային կտրուկ ճեղքումները, վտանգավոր հարվածները դարպասին: Եվ եթե հայ ֆուտբոլիստները մի փոքր հաշվենկատ գործեին գրոհների եզրափակիչ փուլում եւ մարզական բախտն էլ երես չթեքեր նրանցից, ապա առաջատարը դժվար թե խուսափեր խոշոր հաշվով պարտությունից: Հատկապես մրցավարի ավելացրած ժամանակահատվածում մեր ֆուտբոլիստները կարող էին երկու անգամ գրավել մրցակցի դարպասը: Նախ Արման Քարամյանի աջ թեւով ճեղքումն ավարտվեց դեպի դարպասը հարվածով, սակայն այն մի փոքր թույլ ստացվեց եւ պաշտպանը վերջին պահին գնդակը հանեց դատարկ դարպասից: Քիչ անց աջ թեւով Քարամյանի հերթական անցումից եւ փոխանցումից հետո, Լեւոն Փաչաջյանը փորձեց գլխի հարվածով խոցել դարպասը, սակայն վրիպեց: Ճիշտ է, վերջին վայրկյաններին էլ լեհերը կարող էին փրկել խաղը, բայց իրեն հիանալի դրսեւորեց ամբողջ խաղի ընթացքում վստահ հանդես եկած դարպասապահ Գեւորգ Կասպարովը:
Այսպիսով, Հայաստանի ազգային հավաքականը գեղեցիկ խաղով, մարտական տրամադրվածությամբ եւ, իհարկե, վարպետության շնորհիվ կարողացավ հաղթել խմբի առաջատարին եւ զգալիորեն բարելավեց մրցաշարային գործերը: Նշենք, որ դեռ երբեք Հայաստանի հավաքականին չէր հաջողվել ընտրական մրցաշարում 4 օրում անցկացրած 2 հանդիպումներում էլ հաղթանակ տոնել: Հաղթանակը ոգեւորիչ է եւ, հուսանք, որ հաջորդ հանդիպումներում էլ մեր ֆուտբոլիստները կգործեն նման նվիրվածությամբ ու վարպետությամբ, եւ նոր ուրախալի պահեր կպարգեւեն հայ ֆուտբոլասերներին:
Նույն խմբում կայացած Ղազախստան-Ադրբեջան հանդիպումն ավարտվել է ոչ-ոքիՙ 1-1:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ