«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#104, 2007-06-05 | #105, 2007-06-06 | #106, 2007-06-07


ԳՈՐԾՈՂ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐՋԻՆ ՆԻՍՏՈՒՄ

Աջակցություն տրամադրվեց գարնանային հեղեղներից տուժածներին

Ավելի քան 75 մլն դրամ է տրամադրվել հեղեղներից տուժած 5 մարզերի այն բնակիչներին, որոնց տները որոշակի վնասներ են կրել այս տարվա գարնանային հեղեղներից: Կառավարության այդ որոշման մասին երեկ լրագրողներին հայտնեց տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը: Նա ընդգծեց, որ սա ոչ թե փոխհատուցում է, այլ պետական աջակցություն: Այն մարդկանց, որոնց տներն ամբողջությամբ կամ մասնակիորեն ավերվել են հեղեղների պատճառով, այս որոշմամբ գումարներ չեն տրամադրվում: Նրանց խնդիրներին կտրվի առանձին լուծում: Վաչե Տերտերյանը նաեւ հայտնեց, որ ցանքատարածություններին, վարելահողերին, ճանապարհներին պատճառված վնասի չափերը կհաշվարկվեն եւ դրանից հետո նույնպես համապատասխան լուծումներ կտրվեն:

Վերոնշյալ 75 մլն դրամը կհատկացվի Արարատի մարզինՙ 200 հազար դրամ, Արագածոտնի մարզինՙ 1,4 մլն դրամ, առավել տուժած Գեղարքունիքի մարզինՙ 49 մլն դրամ, Կոտայքինՙ 17,4 մլն դրամ եւ Տավուշի մարզինՙ 7 մլն դրամ: Տարածքային կառավարման փոխնախարարը վստահեցրեց, որ գումարի տրամադրման հասցեականությունն ու արդյունավետությունը վերահսկվելու է խստորեն: Նա միաժամանակ ավելացրեց, որ չնայած այս տարվա գարնանային ջրհեղեղն աննախադեպ էր, բայց նախորդ տարիների համեմատ ավելի քիչ վնասներ ունեցանք, շնորհիվ իրականացրած ափապաշտպան միջոցառումների:

Կառավարության երեկվա հաստատած մեկ այլ փաստաթուղթՙ «ՀՀ թռիչքային կանոնները» ներկայացրեց քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը:

Ավելացնենք, որ երեկ գործող կառավարության վերջին նիստն էր, որը վարել էր երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Այսօր խորհրդարանին կներկայացվի նոր կառավարության կազմը:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4