Շվեդական ընկերությունը պատրաստվում է հեղափոխություն իրականացնել այս ոլորտում
Ինչպես հայտնի է, շվեդական OMX բորսայական առեւտրի միջազգայնորեն ճանաչված առաջատար ընկերությունը Հայաստանի կառավարության եւ Կենտրոնական բանկի հետ հուշագիր է ստորագրել Հայաստանի ֆոնդային բորսան եւ Կենտրոնական դեպոզիտարիան ձեռք բերելու վերաբերյալ: Կենտրոնական բանկում տեղի ունեցած կլոր սեղանի ժամանակ, որին մասնակցում էին միջազգային կազմակերպությունների, հայաստանյան ընկերությունների ներկայացուցիչներ, OMX-ի ներկայացուցիչները ներկայացրին Հայաստանում կապիտալի շուկան զարգացնելու իրենց ծրագրերը:
Բացելով կլոր սեղանը, Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը նշեց, որ OMX-ի գործունեության արդյունքում ակնկալվում է, որ Հայաստանում կսկսվեն թողարկվել արժեթղթերՙ պարտատոմսեր եւ բաժնետոմսեր, որոնք կարող են շրջանառվել Հայաստանի եւ արտերկրի բորսաներում: «Մեր նպատակն է լինելու Հայաստանում շուկայական կանոնները համահունչ դարձնել եվրոպական չափանիշներին», ասաց ԿԲ նախագահը:
OMX-ի ավագ փոխնախագահ Հենրի Բերգստրոմը նախ անդրադարձավ իր ներկայացրած ընկերության գործունեությանը: Նա հայտնեց, որ OMX-ը երկու բիզնես ունիՙ բորսաների եւ դեպոզիտարիաների օպերատորություն ու տեխնոլոգիաների մատակարարում: Ընկերությունը գործունեություն է իրականացնում սկանդինավյան եւ բալթյան երկրների շուկաներում եւ տեխնոլոգիաներ մատակարարում աշխարհի 50-ից ավելի երկրների բորսաներինՙ Ավստրալիայում, Չինաստանում, Սինգապուրում, ԱՄՆ-ում: Իսկ ի՞նչն է ընկերությանը բերել Հայաստան:
Հենրի Բերգստրոմը նշեց, որ նախ Հայաստանի շուկան փոքր է, ապա այդ շուկան համեմատեց մարդու հետ, որը գտնվում է վերականգնման փուլում, բայց դժվարանում է շնչել, ուտել եւ այլն: Սակայն շվեդական ընկերության ներկայացուցչի կարծիքով, Հայաստանում կա դրական հանգամանքՙ Հայաստանի կառավարության եւ Կենտրոնական բանկի կամքն ու պատրաստակամությունըՙ կայացնելու կապիտալի շուկան: Ուստի, ընկերությունը պատրաստվում է հեղափոխություն իրականացնել այստեղ:
Սկանդինավյան եւ բալթյան երկրներում OMX-ը զարգացնում է տարածաշրջանային շուկաները: Հարավային Կովկասի շուկան այժմ նույնպես գտնվում է ընկերության ուշադրության կենտրոնում: Հայաստանում կապիտալի շուկան ստեղծելուց հետո OMX-ը կսկսի աշխատել Վրաստանում եւ Ադրբեջանում այդ ոլորտի կայացման ուղղությամբ եւ կստեղծի արժեթղթերի տարածաշրջանային շուկա: Հայաստանի կապիտալի շուկայի վրա, ինչպես պատկերավոր ասաց Հենրի Բերգստրոմը, OMX-ը կփակցնի իր պիտակը եւ այդպես կներկայացնի աշխարհին: Դրա համար անհրաժեշտ է, որ լինի նաեւ առաջարկըՙ հայաստանյան ձեռնարկությունները հետաքրքրություն ցուցաբերեն իրենց արժեթղթերը բորսայում տեղաբաշխելու ուղղությամբ: Պետք է լինեն խթաններ, որոնք կարող են լինել հարկային որոշակի արտոնությունների կամ պորտֆեկային առաջարկներով հետաքրքրել նրանց: Հարկ է իրականացնել կենսաթոշակային բարեփոխումներ: Օրենսդրությունը պետք է համապատասխանի Եվրոմիության սկզբունքներին եւ տեղի պայմաններին:
Շվեդական ընկերությունը ձեւավորելու է խորհրդատուների խումբ: Այսինքն, ըստ շվեդ մասնագետի, 10 տարի հետո կունենանք արդյունավետ աշխատող ներքին շուկաՙ միջազգային համեմունքով, որը հնարավորություն կտա ապահովելու ձեռնարկությունների զարգացումը եւ տնտեսության աճը: Ընդ որում, ներդրողների մեջ կարող են լինել ինչպես մանր ներդրողներ, այնպես էլ խոշոր ներդրողներ եւ միջազգային ֆինանսական կազմակերպություններ: Հնարավորություն կտրվի արտասահմանյան ընկերություններին ներդրումներ կատարել այստեղ եւ հայկական ձեռնարկություններին ներկայանալ միջազգային շուկայում: Շատ կարեւոր է կորպորատիվ կառավարման որոշ սկզբունքներ ներդնելը: Մի խոսքով, Հենրի Բերգստրոմի հավաստմամբ, 2017 թ.-ին վերականգնման փուլում գտնվող հիվանդ մարդու նմանվող մեր շուկան ինքնուրույն եւ աշխույժ կաշխատի:
Էյչ Էս Բի Սի Հայաստան բանկի տնօրեն Էնթոնի Թերները, ողջունելով OMX-ի գործունեությունը, առաջարկեց իր ներկայացրած բանկի փորձն ու գիտելիքներն այս բնագավառում: «Հայռուսգազարդ» ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանի կարծիքով, բորսայի գործունեությունը ճիշտ ժամանակին է: Նա հայտնեց, որ «Հայռուսգազարդը» պատրաստվում է առաջիկայում թողարկել առաջին պարտատոմսերը: Նրա հավաստմամբ, դրանք կունենան բարձր իրացվելիություն:
«Սիլ կոնցեռն» ընկերության հիմնադիր, ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի կարծիքով, կապիտալի շուկան զարգացնելու քայլերը ոչ միայն ժամանակին են, այլեւ ուշացած 6-12 ամսով: Նա նշեց, որ Հայաստանում արդեն կան ձեռնարկություններ հեռահաղորդակցության, մետալուրգիայի եւ այլ բնագավառներում, որոնք բավական ժամանակ է, ինչ շահույթով են աշխատում եւ կարող են արժեթղթեր թողարկել: Խաչատուր Սուքիասյանն այն կարծիքը հայտնեց, որ մեր կապիտալի շուկա առաջին հերթին կհոսեն սփյուռքի, ապա նաեւ օտարազգի կապիտալն ու միջազգային կազմակերպությունների ներդրումները: Միաժամանակ Հայաստանում նույնպես կլինեն մարդիկ, որոնք կցանկանան արժեթղթեր ձեռք բերել եւ եկամուտներ ստանալ, ինչն այժմ կատարվում է միայն բանկային համակարգում: Խաչատուր Սուքիասյանը հայտնեց նաեւ, որ «Սիլ կոնցեռնի» մեջ մտնող ձեռնարկությունները նույնպես պատրաստ են արժեթղթեր թողարկել:
Հայաստանում կապիտալի շուկայի կայացմանը նվիրված կլոր սեղանին մասնակցում էին եւ իրենց մոտեցումները հայտնեցին նաեւ հայաստանյան մի շարք այլ ձեռնարկությունների ու միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչները:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ