«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#105, 2007-06-06 | #106, 2007-06-07 | #107, 2007-06-08


«ՊԱՐՍԱՏԻԿԸ»` ՈՐՊԵՍ ԲԱՐՈՅԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՊՈՒԼՍԱՑԻԱ ՀԱՂՈՐԴԵԼՈՒ ՁԵՎ

Ըստ ավանդույթի, չորեքշաբթին Նարեկացի արվեստի միությունում կինոյի երեկո է: Անցյալ այդ օրը եւս ավանդույթի սահմաններում էր: Ներկայացվեց կինոռեժիսոր Տարոն Ղափլանյանն իր երկու` «Պարսատիկ» վավերագրական եւ «Էլեգիա» գեղարվեստական ֆիլմերով: «Պարսատիկն» առաջին անգամ հանձնվեց կինոդիտողի ուշադրությանը: 22 րոպեանոց վավերագրական ֆիլմի սցենարը գրել եւ կարդում էր հայտնի սփյուռքահայ գրող եւ գործիչ Սեւդա Սեւանը: Որքան յուրօրինակ էր սցենարը, որ ոմանց կարող էր միալար թվալու զգացողություն առաջացնել, այնքան ծանոթ ու ապրված էին ֆիլմի կադրերը, ուր 80-ականներն էին իրենց թոհուբոհով: Նորից Ղարաբաղյան ցավով բռունցքված մեր ձեռքերն ու դեռ երիտասարդ դեմքերը ճանաչեցինք, ծանոթ հուզմունքի դողն ու փշաքաղումն ապրեցինք, մեկ անգամ եւս տեսանք սումգայիթյան ոճիրից մազապուրծներին, զոհերի հիշատակը Ծիծեռնակաբերդում ոգեկոչող, տարբեր երթերի մեջ սգացող հայացքներում պահած մարդկանց ու թերեւս արդեն մի դառը-դառը քմծիծաղով դիտեցինք Ղարաբաղյան շարժման կազմակերպիչների քաջածանոթ ու դեռ երիտասարդ դեմքերը: «Պարսատիկը» թարմացրեց հիշողությունը ցուրտ ու մութ տարիների, կտրվող մատղաշ ծառերի ու դրանց հատված մարմինները սահնակներով տուն տանելու մասին: Ու հնչում էր ծխնելույզը երկաթի ձողով թափ տվողի զարկը, որպես եկեղեցու ղողանջ: Հեղինակը ֆիլմում զետեղել էր եւ Վիլյամ Սարոյանի ուղիղ խոսքից մի հատված, ուր մեծ հայն ասում էր, թե մենք պարզապես պարտավոր ենք լինել մեր հողի վրա: Պարբերաբար կրկնվում էր առօրյա կյանքից նկարահանված մի պատառիկ (թերեւս անցյալում առօրեականի վերհիշեցումն է վավերագրության հմայքը)` սեղանիկին շարքով դասավորված, վաճառվող ձկներից մեկը դեռ կենդանության նշաններ էր ցուցադրում` բացուխուփելով բերանը: Երկրաշարժն իր ողջ սարսափով ու Շ. Ազնավուրի թեւաթափ եւ միաժամանակ ցնցումից զայրացած հայացքով հիշեցրեց իր մասին:

22 րոպեանոց ֆիլմի «գաղափարական մեխն» էր հոլովվող այն միտքը, թե Հայաստանը` հայերի երկիրը Աստծու պարսատիկով տիեզերքից նետված քարն է, որ «կամ կկանգնի այս աշխարհի կոկորդում, կամ կշարունակի իր երթը հավերժության ուղեծրում»:

Ֆիլմում օպերատորը եւ ռեժիսորը Տարոն Ղափլանյանն է: Նա նկարահանում է հիմնականում բնապահպանական թեմաներով ֆիլմեր: Սակայն ինչ էլ անի, իր իսկ մեկնաբանությամբ, հողի մասին է իր մտորումն ու խոհը, հայրենի հողին ու նրա պահպանությանն է ձոնված իր աշխատանքը: «Ես հիմնականում աշխատում եմ, որ մարդու հիշողությունը սեփական անցյալի մասին չկորչի: Հայրս ծնվել է Սասունում, ես` այստեղ: Սեփական պատմությունս պահելու խնդիր ունեմ, ինչպես որ իմ հարյուր հազարավոր ազգակիցները: Իմ ֆիլմերը գենետիկ հիշողությունը գիտակցելու եւ սեփական պատմությունը շարունակելու իմ լուծումն են առաջարկում: Դա այն է, որ մենք այլընտրանք չունենք, ոտքի տակ պիտի մեր հողը զգանք եւ դա պահելու ճանապարհը միասին պիտի գտնենք», ասում է Տարոն Ղափլանյանը «Ազգի» հետ առանձնազրույցում:

Երկրորդ «Էլեգիա» ֆիլմը անձնական կյանքից հատվածների եւ իրական ժամանակաշրջանի երեւույթների, դրանց հակասականության մասին է: Գեղարվեստական ֆիլմը կարելի է նաեւ իրապատում անվանել, ուր շատերը կգտնեն իրենց ու կերպարներին կնմանեցնեն իրենց ծանոթներին:

Դեռ 80-ականների սկզբից տեսախցիկն ուսն առած Տարոն Ղափլանյանի հետ զրուցում ենք նաեւ հայկական ժամանակակից կինոյի խնդիրների մասին: «Կինոարվեստի նկատմամբ հայերիս կամ հայաստանցիներիս վերաբերմունքը չի արդարացնում իրեն, կարծում է Տ. Ղափլանյանը: Դրա համար էլ հայկական կինոն այսօր փակուղում է հայտնվել: Մենք չենք գիտակցում, չենք ընդունում, որ գործում են «նյութ-առք-վաճառք» հարաբերությունները: Մինչ այդ, կինոն, կոնկրետ իմ կինոն, այսօրվա փոքրիկ միջոցառումը գումար բերելու փոխարեն բարոյահոգեբանական պուլսացիա է հաղորդում, եթե իհարկե, դա ստացվել է ինձ մոտ», ասում է զրուցակիցս:

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4