Իսկ տոնավաճառների առեւտրականները կհամարվեն հարկ վճարող
2007 թ.-ի առաջին 5 ամիսներին պետական բյուջե է մուտքագրվել 103 մլրդ դրամ, որը գրեթե հավասար է 2002 թ.-ին ամբողջ տարվա ընթացքում մուտքագրված գումարին: Այս մասին երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց հարկային պետական ծառայության պետի տեղակալ Արմեն Ալավերդյանը: Եկամուտների այդ աճը նա պայմանավորեց երկրի տնտեսական աճով եւ ստվերի կրճատմամբ: Սակայն որոշակիորեն չնշվեց, թե հարկային եկամուտների աճի մեջ որքա՞նն է կազմում ստվերի նվազեցման, որքա՞նըՙ տնտեսական աճի տեսակարար կշիռը: Արմեն Ալավերդյանը միայն նշեց, որ հարկային ծառայության առջեւ դրված խնդիրը թեեւ հավակնոտ է, բայց ծառայությունը պարտավոր է այն կատարել: Ընդ որում, այդ խնդիրը կարող է փոխվելՙ կապված տնտեսական աճի ցուցանիշների հետ:
2007 թ.-ի պետական բյուջեն ընդունվել է 9 տոկոս տնտեսական աճի կանխատեսմամբ: Այս դեպքում պետական բյուջե մուտք գործող գումարները պետք է կազմեն 278 մլրդ դրամ: Սակայն քանի որ այս տարվա առաջին 4 ամսվա արդյունքներով արձանագրվել է ավելի քան 11 տոկոս տնտեսական աճ, ապա, համապատասխանաբար, պետբյուջե մուտքագրվող գումարը պետք է կազմի ավելի քան 280 մլրդ դրամ: Մի խոսքով, խնդիր է դրված ապահովել համախառն ներքին արդյունք-հարկեր հարաբերակցության 15,7 տոկոս ցուցանիշըՙ նախորդ տարվա 14,4 տոկոսի փոխարեն: Իսկ թե ի՞նչ միջոցառումներով պետք է հասնել այդ ցուցանիշներին հարցի առնչությամբ հարկային ծառայության պետի տեղակալը հիշատակեց հարկային համակարգի զարգացման եռամյա ծրագրի միջոցառումները: Դրանք վերստին չենք ներկայացնում, քանի որ երկու-երեք շաբաթ առաջ մեր թերթում արդեն իսկ մանրամասն անդրադարձել ենք, երբ կառավարության հաստատումից հետո այդ փաստաթուղթը լրագրողներին ներկայացրեց դարձյալ Արմեն Ալավերդյանը:
Հարկային ծառայության պետի տեղակալը երեկ անդրադարձավ առանձին ոլորտներում հարկման մեխանիզմների վերանայման հարցերին: Նա հիշատակեց հյուրանոցային բիզնեսը, տաքսի սերվիսները, որոնք մեկ ավտոմեքենայի համար ամսական վճարում են ընդամենը 6 հազար դրամ հարկ:
Տոնավաճառային առեւտրի վերաբերյալ, որն, ինչպես հայտնի է, մեր տնտեսության ամենաստվերային եւ չարդարացված ձեւով արտոնյալ վիճակում գտնվող ոլորտն է, տեղեկացվեց, որ այնտեղ առեւտուր անողները պետք է համարվեն հարկ եւ սոցվճարներ վճարողներ: Մինչ հիմա նրանք այդպիսին չեն համարվել: Նախատեսվում է տոնավաճառների առեւտրականներին ընդգրկել հարկատուների ցանկում եւ նրանց հարկելՙ զբաղեցրած տարածքի 1 քմ-ի դիմաց գանձելով ամսական 1800 դրամ գումար: Այսինքն, 7-8 քմ տարածքում առեւտուր իրականացնողը ամսական պետք է վճարի միջինը 14 հազար դրամ, ինչը, համեմատած նրա առեւտրաշրջանառության եւ տոնավաճառների տերերին տրվող վարձի հետ, փոքր գումար է: Սա հնարավորություն կտա նաեւ պարզելու, թե որքան է տոնավաճառների սեփականատերերին վճարվող վարձի իրական չափը, քանի որ պայմանագրերում նշվողն ու իրականը հիմնականում տարբերվում են միմյանցից: Այս դեպքում առեւտրականներն էլ կիմանան, թե իրենց վճարած գումարից ո՞րն է պետական հարկը, ո՞րըՙ վարձը տոնավաճառի տիրոջը:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ