1904 թվականի հունիսի 16-ը կարելի էր եւ ամառային սովորական մի օր համարել, եթե չլիներ իռլանդացի գրող Ջեյմս Ջոյսը (1882-1941 թթ.), նրա հեղինակած «Ուլիս» գիրքը, որ տարբեր հերոսների բերանով վերապատմում է նշյալ օրվա իրադարձությունները: Վերջինիս տպագրվելուց ի վեր Ջ. Ջոյսի ստեղծագործության երկրպագուները հուլիսի 16-ը նշում են որպես «Բլումսդեյ»: Բլումը հասարակ մի դուբլինցի էր, որի կյանքի մեկ օրը` հուլիսի 16-ը դարձավ ճակատագրական իր հեղինակի համար: Փառքը, որ վայելեց իռլանդացի գրողը պայմանավորված է նրա ստեղծագործությունների ազդեցությամբ ողջ համաշխարհային մշակույթի վրա: Համենայնդեպս այդպես է հաստատում գրքույկը, որում կարդում ենք հետեւյալ տողերը. «Աշխարհի տարբեր ծայրերում գրված ստեղծագործությունները կարող են համարվել Ջոյսի ազդեցությամբ գրված կամ էլ որպես արձագանք «Ուլիսի» դեմ, իսկ ժամանակակից էքսպերիմենտալ պոեզիայի զգալի մասը կրում է «Ֆինգանի հոգեհացի» ակնհայտ ազդեցությունը»: Ի դեպ, վերջին գրքի մասին կարծիք կա, թե այն համարվում է աշխարհում երբեւէ գրված գրքերից ամենաէքսպերիմենտալն ու հեղափոխականը: Գիրքը գրվել է 17 տարվա ընթացքում:
Ջ. Ջոյսը «գիտակցության հոսք» կոչվող հնարի ամենախոշոր վարպետներից էր: «Գիտակցության հոսքը» մի նախադասություն է, որով հեղինակը փորձում է հնարավորինս ճշգրիտ վերարտադրել մարդկային ամենօրյա մտքերի անկանոն ընթացքը:
Երեկ Ճարտարապետության ազգային թանգարանում նշվեց «Բլումսդեյ»-ի մուտքը Հայաստան, ինչպես նաեւ բացվեց ցուցահանդես, որի լուսանկարչական աշխատանքներն ու այլ ցուցանմուշներ, մինչեւ անգամ հնչող կենդանի երաժշտությունը ներկայացնում էին Իռլանդիան: Ցուցադրվող լուսանկարների հեղինակներն ազգությամբ ռուսներ էին:
Հանդիսության ընթացքում ողջույնի խոսք ասաց Հայաստանում Իռլանդիայի դեսպան Ջասթին Արմանդը (նստավայրը` Մոսկվա), ելույթ ունեցավ նաեւ ՀՀ փոխարտգործնախարար Արմեն Բայբուրդյանը, Սանկտ Պետերբուրգի Իռլանդական մշակույթի կենտրոնի նախագահ, մեր հայրենակից Անդրեյ Մաշինյանը, իսկ պրոֆեսոր Վինսենթ Դինը դասախոսություն կարդաց «Միջազգային Ջոյսի» մասին:
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ