«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#106, 2007-06-07 | #107, 2007-06-08 | #108, 2007-06-09


ՈՉ-ՈՔԻՙ ԵՐԿԱՐԱՏԵՎ ՄՐՑԱՎԵՃԻՑ ՀԵՏՈ

Երեկ Էլիստայում կայացավ շախմատի աշխարհի առաջնության հավակնորդների մրցախաղերի 3-րդ պարտիան: Առաջինն իրենց մրցավեճն ավարտեցին հունգարացի գրոսմայստեր Պետեր Լեկոն եւ ռուսաստանցի Եվգենի Բարեեւը: 41-րդ քայլին սպիտակներով խաղացող Լեկոն հաղթանակ տոնեց, որի շնորհիվ նա մրցախաղը շահում է 2,5-0,5 հաշվով:

Լեւոն Արոնյանը 3-րդ պարտիան անցկացրեց սպիտակ խաղաքարերով: Վերջնախաղում նա թեեւ մեկ զինվոր պակաս ուներ, սակայն ճշգրիտ քայլերի շնորհիվ հետագայում ինքը զինվորի առավելություն ստացավ: Բայց նավակային վերջնախաղն ի վերջո 68-րդ քայլին ավարտվեց ոչ-ոքի: Այսպիսով, 3 տուրից հետո Արոնյանը 2-1 հաշվով շահում է մրցախաղը: Նշենք, որ մինչ այս մրցախաղի մեկնարկն Արոնյանն ու Շիրովը միմյանց հետ ընդամենը 2 պարտիա էին անցկացրել, որոնցից մեկում հաղթել էր հայ շախմատիստը, իսկ մյուսն ավարտվել էր ոչ-ոքի: Մեկօրյա հանգստից հետո մրցակիցները վաղը կանցկացնեն 4-րդ պարտիան:

Բորիս Գելֆանդի եւ Գատա Կամսկու մրցավեճում առաջին արդյունավետ պարտիան գրանցվեց: Հաջողությունն ուղեկցեց Գելֆանդին, որն այդ հաղթանակի շնորհիվ մրցախաղը շահում է 2-1 հաշվով: Նույնպիսի հաշիվ է գրանցված Ալեքսանդր Գրիշչուկի եւ Սերգեյ Ռուբլյովսկու մրցախաղում, որի 3-րդ պարտիան ավարտվեց ոչ-ոքի: Այստեղ առջեւում է Գրիշչուկը:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4