Ադրբեջանին աշեք...
Ադրբեջանցիները ոչ մի կերպ որոշ ճշմարտություններ չեն կարողանում ընդունել: Մասնավորապես, ի թիվս այլ իրողությունների, Ադրբեջանը չի կարողանում հաշտվել նաեւ այն մտքի հետ, որ ադրբեջանցի զինծառայողները չեն ցանկանում երկիր վերադառնալ: Ավելին, անգամ համաձայնում են մնալ Հայաստանում, բայց վերադարձին Ադրբեջան չկանգնել ռազմական դատարանի առաջ ու դատապարտվել տասից ավելի տարվա ազատազրկման, այն էլ հայրենիքի դավաճանության հոդվածով:
«Ազերի.պրես» գործակալությունը տեղեկություն է տարածել, թե Ադրբեջանում գերի է ընկել Վալերի Սուրենի Սուլեյմանյանը, որ իբր չի ցանկանում վերադառնալ Հայաստան: Ավելին, գործակալությունը, թերեւս հստակ պատվեր կատարելու տարբերակով, անանուն աղբյուրների հղում կատարելով «իրազեկում» է, թե Սուլեյմանյանը պատմել է Ղարաբաղի ժողովրդի` «ռազմական չճանաչված ռեժիմի անօրինական գործունեությունից, եւ որ հայ բնակչությունը (կարծես ուրիշը կա Ղարաբաղում) զանգվածաբար լքում է տարածքը»:
Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո քարտուղար Սեյրան Շահսուվարյանը «Ազգին» ի պատասխան նշեց, որ նման տեղեկություն չունեն:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ