Մեծ եղեռնի զոհերի հիշատակման արարողությունները Ֆրանսիայում այս տարի անցան բյուրավոր մարդկանց մասնակցությամբ: 92 տարի անց Թուրքիայի պետությունը շարունակում է ժխտողականությունը, իսկ հունվարի 19-ին Պոլսում պետական շրջանակների զինված ազգայնամոլներն սպանեցին «Ակօս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքին: Նա թուրքական ժխտողականության վերջին զոհն էր, որը պայքարում էր հանուն մարդու իրավունքների, ԵՄ անդամության թեկնածու Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման եւ համամարդակային տարրական սկզբունքների ընդունման:
20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհը դարձած հայերն այս տարի եւս դատապարտեցին բոլոր ցեղասպանությունները, այդ թվում Դարֆուրում (Սուդան) ներկայումս շարունակվող նախճիրը: Նրանք ընդգծեցին, որ ժխտողականությունը բացարձակ չարիքի երրորդ դրսեւորումն է ռասիզմի եւ հրեատյացության հետ մեկտեղ:
Ֆրանսիայում 2001 թվականից գործող Հայկական կազմակերպությունների համակարգիչ խորհրդի նախագահ Ալեքսի Գյովճյանը «Նուվել դ՚ Արմենի» հանդեսի էջերում գրում է, որ խորհուրդը ներկայումս դարձել է ֆրանսահայերի խոսափողը, որոնք փորձում են միավորվել հանուն ընդհանուր նպատակների:
Միավորումն ավելի քան երբեւէ անհրաժեշտ է սփյուռքի, Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ Ջավախքի հայերի պայմանների տարբերությունների պատճառով: Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգիչ խորհուրդը (անցյալում կոչվում էր Ապրիլի 24-ի հանձնախումբ) ներկայումս ջանքեր է գործադրում, որպեսզի երկրի քաղաքական ուժերը Թուրքիայից պահանջեն ԵՄ անդամ դառնալուց առաջ ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Իսկ 2006 թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանում քվեարկության դրվեց ցեղասպանության ուրացման համար քրեական պատիժ սահմանող օրինագիծը:
Խորհուրդն զբաղվում է նաեւ ազգային հիշողությամբ, մշակույթի, ազգային ինքնության պահպանման հարցերով, կարեւորելով երիտասարդական, սոցիալական, մարդասիրական եւ տնտեսական խնդիրները:
Ֆրանսիայում Հայաստանի տարվա շրջանակներում 800-ից ավելի միջոցառումներ են կազմակերպվել ֆրանսիական մոտ հարյուր քաղաքներում, հիշեցնելով երկու ժողովուրդների հազարամյա բարեկամությունը եւ ներկայացնելով հայկական մշակույթի ու քաղաքականության տարբեր կողմերը: Ներկայացվել են նաեւ հայ մարտիկների մասնակցությունը երկու աշխարհամարտերին եւ Դիմադրության շարժմանը, ինչպես նաեւ ֆրանսիացի քաղաքական գործիչների եւ մտավորականների ընդվզումի արտահայտությունները Արեւմտահայաստանում իրականացված ջարդերի կապակցությամբ:
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգիչ խորհուրդը վերջին մեկ տարում կանոնավորապես իրականացրել է Լիոնի, Մարսելի եւ Փարիզի վարչական գրասենյակների ու խորհուրդների գործունեության կենտրոնացված ղեկավարում, որը թույլ կտա հետագայում ստեղծել հայերի եւ նրանց կազմակերպությունների իսկական Ներկայացուցչական խորհուրդ: Մոտակա խնդիրը ցեղասպանության ուրացումը քրեապես պատժող օրինագծի ընդունման ապահովումն է Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատում:
ՊԵՏՐՈՍ ՔԵՇԻՇՅԱՆ