«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#108, 2007-06-09 | #109, 2007-06-12 | #110, 2007-06-13


ԲՌՆԿՈՒՄ

Սիրո ու ընդվզումի գույներ Նիկոլ Աղաբաբյանի ցուցահանդեսում

Ներդաշնակության ձգտումը գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանի ստեղծագործության ներքին շարժումն է. դա է ապահովում արտաքին հանդարտությունը գունային խայտաբղետ «պայքարների» ու զգացմունքների սուր դրամատիզմի: Անշուշտ, նրա արվեստի առանձնահատկությունը բնորոշվում է գունային հարուստ ու թանձր մտածողությամբ: Գեղագիտական հավատամքով հայ ավանդական գեղանկարչությանն է հարում, իր առանձնահատկությունը ներքին կյանքի, հուզական աշխարհի անկեղծ ու շիտակ արտահայտություններով է պայմանավորված: Նկարները հեռվից հեռու ճչում են, այնքան մերկ ու անպաշտպան են նկարչի վրձնին հպված հոգու շրշյունները: Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում Նիկոլ Աղաբաբյանի ցուցահանդեսն ամառային արեւի թեժ հրավառության պես էրՙ գունային շլացուցիչ աղմուկ, հակադրություններ ու համադրություն, պայքար, տառապանք, սեր ու նվիրում, ափսոսանք: Կարելի է արձանագրել, որ այս նկարաշարն արվեստագետի ներքին կենսագրությունն էՙ մանկության արշալույսից սկսած:

Ն. Աղաբաբյանը ծնունդով Կողբ գյուղից է, նկարչական կրթությունն ստացել է Երեւանի մանկավարժական համալսարանում, անհատական ցուցահանդեսներով ներկայացել է 1986-87 թվականներիցՙ Հայաստանում, ապա Ռուսաստանում, Հալեպում, հետագայում ցուցահանդեսային աշխարհագրությունն ընդարձակվել է դեպի Եվրոպա, Ամերիկաՙ Իսպանիա, Փարիզ, Նիցցա, Կանն, Վենետիկ, Հռոմ, Բեռլին, Լոս Անջելես եւ այլն: Եվրոպական արվեստի մթնոլորտը հարստացրել է նրա գեղանկարչական մտածողությունը, սակայն իր ստեղծագործական ավիշը հայրենի հողի տաք արյունն է, նրա երկնքի անմեկնելի գույներն ու կանաչըՙ թավ, ապրեցնող:

Թանգարանի ցուցասրահը լեփ-լեցուն էր մարդկանցով: Նիկոլի տաք գույներից պատերն ասես ճաք էին տալիս, դրանք լուռ մենախոսություններ ենՙ հոգեկան ամենաինտիմ զգացումների մասին պատմող: Նկարիչն իր վրձինը բացարձակորեն վստահել է բնության ձայնին, դարձել նրա թարգմանն, ու բնությունն էլ իր սիրտն է նրա առաջ շռայլորեն բացել: Ու ամենահետաքրքրականըՙ կտավներում բնության բազմաձեւությունները շատ մարդկային հնչեղություն են ստացել: Դրանք յուրատեսակ մունետիկներ իբրեւ, մեզ հիշեցնում են մեր լինելիությունն ու կենսակերպն ապահովող կարեւոր մի գոյության մասին, որի հանդեպ մեր վերաբերմունքն անցել է դաժանության սահմանները:

«Նրա բնանկարները մեր իշխանություններին հիշեցնում են մեր հայրենիքի գոյությունը», ասաց Հրաչիկ Մաթեւոսյանը: Մինչդեռ Նիկոլը մի անսովոր դաշինք է կնքել մայր բնության հետ ու գունային հուզախռով սքանչելի մի բանաստեղծություն ձոնել նրան: Նրա կտավներում ուժը միայն գույնի համարձակության մեջ չէ, եւ առհասարակ դրանք հեռու են բնության վերարտադրություններ լինելուց, դրանք մարդու ներաշխարհային բարդ ու անհանգիստ շարժումների դրսեւորումներ ենՙ ծառի, խոտի, ծաղկի, երկնքի միջոցով, բնության մեջ տարրալուծվելու ու նրա մեջ խաղաղվելու պանթեիստական ձգտում: Ահավասիկ «Իմ մանկության երազը» կտավըՙ որքա՜ն սեր, կարոտ ու ազնվություն կտավի այս փոքր տարածքում: Նկարներից մեկը հեռվից ներսումդ տաք ալիք է բարձրացնում, խառնում մտքերդ, զգացմունքներդ աշխուժացնումՙ մեղեդի ես լսում, նկարը խոսում է հետդՙ թրթռացող, վետվետացող գույների լեզվով: «Գարունը նոր էր բացվել»ՙ կտավի վերնագիրն է, ուրեմն ամեն ինչ ճիշտ էՙ ահավասիկ ճշմարիտ արվեստի կայացումը, հաղորդակցման անկեղծությունը:

Նկարիչն իր հոգում վրձնում է նոր աշխարհ ու փորձում վերականգնել մարդու խզված կապը մայր բնության հետ: Արտաքնապես մեղմ, հանգիստ, լռակյաց նկարչի մասին այլ բան են պատմում իր գույների մի ուրիշ շերտՙ ըմբոստ-անհանգիստ. թանձր վրձնահարվածներով մուգ երանգները ներքին խռովքների ու բռնկումների, ընդվզումների արտահայտություններ են («Դեպի երկինք», «Վառվում եմ»):

«Մեզ համար անհասկանալի ձեւով նա թողնում է քաղաքային մթնոլորտը եւ հայրենի բնաշխարհը բերում նկարչություն, որով օտարները եւս կարող են հրաշալի պատկերացում կազմել մեր երկրի, ազգային բնավորության, խառնվածքի մասին», ասում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանը: «Նիկոլն արտահայտում է բնության շարժը, կենդանի կռիվը, որ բնությունը մղում է ինքն իր ներսում, եւ սա փոխանցվում է նկարչին: Երբեմն թվում էՙ կտավներից ինքն է պոկվել, իսկ երբեմն կտավն է պոկվել նկարչից»: Սա կամավոր նվիրո՞ւմ է գեղանկարչությանը, թե՞ հնազանդություն ու պարտք բնությանը, կամ էլ գուցե վարպետության ու կատարելագործման ձգտում. երբ է լույսը բացվում եւ երբ մթնում, նրա ժամանակը կլանում են գույները...

Ցուցասրահի հեղձուկը թույլ չէր տալիս ավելի երկար հետեւելու նկարչի հոգու շարժումներին, շոգ էր, օդորակիչները չէին աշխատում, սրահի պրկված մթնոլորտը ցրեց դաշնամուրի մոտ հայտնված մի կամավոր երաժիշտ. ջազի հնչյունները լիցքաթափող ազդեցություն ունեցան:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4