Եթե Կոսովոն անկախություն ստանա, նշանակում է, որ Արցախի ժողովրդի պայքարը ճիշտ էր: «Պանարմենիըն.նեթ» կայքէջի տեղեկացմամբ, այդ մասին Երեւանում հայտարարել է Jane՛s հետազոտական կենտրոնի փորձագետ-վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը: Նրա խոսքերով, այդ դեպքում լրիվ տրամաբանական հարց է ծագում. ինչու Կոսովոյին կարելի է, իսկ Ղարաբաղինՙ ոչ: 1988 թվականի իրադարձությունները Սումգայիթում, Բաքվում եւ Կիրովաբադում հաստատել են դա:
«Այսօր ժամանակն աշխատում է Հայաստանի վրա եւ առաջնակարգ է ԼՂ շուրջը բուֆերային գոտու բարեկարգման եւ բնակեցման հարցը: Սակայն եթե Ադրբեջանն իրոք ցանկանում է պատերազմել, ապա դա պարզապես երազանք է, ընդ որում անիրականանալի եւ տանուլային: Քանի դեռ Սաֆար Աբիեւն է Ադրբեջանի պաշտպանության նախարարը, ոչ մի լուրջ բարեփոխում ադրբեջանական բանակում չի նախատեսվում, չնայած հայտարարված է 1 մլրդ դոլար բյուջե», ընդգծել է նա:
Միեւնույն ժամանակ փորձագետը գտնում է, որ երկու երկրների նախագահների հանդիպումը Սանկտ Պետերբուրգում ոչինչ չտվեց: «Բանակցային գործընթացը վերջին անգամ ակտիվացել է 2001 թվականին Քի Վեսթում, դրանից հետո սկսվեց անկումը: Ինչ վերաբերում է «հնարավորությունների պատուհանին», ապա այսպիսին պարզապես չի էլ եղել», ընդգծել է Կիրակոսյանը:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ