«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#109, 2007-06-12 | #110, 2007-06-13 | #111, 2007-06-14


ՀԱՅԱՍՏԱՆԸ` ԹՐԱՖԻԿԻՆԳԻ ԱՌՈՒՄՈՎ ԿՐԿԻՆ ՎՏԱՆԳ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԵՐԿԻՐ

Հայաստանը երրորդ անգամ նույն տեղում է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի` թրաֆիկինգի առումով վտանգ ներկայացնող եւ վերահսկման ենթակա երկրների ցուցակի երկրորդ` միջին խմբում: 2006 թվականի զեկույցի համաձայն, Հայաստանը թրաֆիկինգի աղբյուր, նվազ չափով նաեւ տարանցիկ երկիր է, որտեղից կանանց եւ աղջիկների տեղափոխում են Արաբական Միացյալ Էմիրություններ եւ Թուրքիա` սեռական շահագործման, ինչպես նաեւ կանանց եւ տղամարդկանց են տեղափոխում Ռուսաստան` ստիպողական աշխատանքի համար:

«Հայաստանի կառավարության ջանքերը, նշանակալի լինելով հանդերձ, լիովին չեն համապատասխանում թրաֆիկինգի վերացման նվազագույն չափանիշներին», նշվում է զեկույցում: «Հայաստանը պետք է վճռականորեն հետաքննի, դատական քննության ենթարկի եւ դատապարտի թրաֆիկինգին մեղսակից կառավարական պաշտոնյաներին»:

Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի նույն զեկույցի համաձայն, Ադրբեջանը նշվում է որպես աղբյուր եւ տարանցիկ տարածք կոմերցիոն նպատակներով կանանց, տղամարդկանց եւ երեխաների տեղափոխման համար: Կանանց սեռական շահագործման ուղղությունները նույնն են` Թուրքիա եւ Արաբական Միացյալ էմիրություններ, տղամարդիկ շահագործվում են որպես էժան աշխատուժ, իսկ երեխաներին Թուրքիա են տեղափոխում սեռական, Ռուսաստան` աշխատանքային շահագործման համար:

Միեւնույն ժամանակ Ուզբեկստանից, Կիրգիզիայից, Մոլդովայից Ադրբեջանով մարդկանց տարանցում են նույն Թուրքիա եւ Էմիրություններ: Ըստ էության, նույնաբովանդակ են առաջարկությունները Ադրբեջանի կառավարությանը` իրավիճակը բարելավելու ուղղությամբ:

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4