Արդեն նախկին փոխոստիկանապետ Հովհաննես Վարյանի աշխատանքից ազատումը տեղավորվում է «նոր» իշխանության պոպուլյար որոշումների տրամաբանության մեջ: Առաջիկայում ամենայն հավանականությամբ այդպիսի` թեեւ ոչ շատ, բայց նոր ազատումներ եւս կլինեն. այնուամենայնիվ` խորհրդարանական ընտրություններից հետո, երբ առանձնապես մեծ փոփոխություններ տեղի չունեցան ոչ պաշտոններ բաշխելիս, ոչ էլ հասարակությունը արմատական որեւէ տեղաշարժի ակնկալիք կարող է ունենալ, մնում են միայն ժողովրդի սրտին հաճո ժեստերը: Դա իշխանությունը կարող է իրեն թույլ տալ` մարդկանց աչքից հեռու տանելով հանրության աչքում տարբեր պատճառներով արժեզրկված կերպարներին: Հովհաննես Վարյանն, անկախ իր մասնագիտական որակներից, հենց այդպես էլ ընկալվում էր: Նա էր, որ ի պաշտոնե ճնշում էր ցույցերը, նրանց մասնակիցների հանդեպ մահակ կիրառում, եւ ինչու չէ` ծեծում լրագրողներին: Ոչ անձամբ, իհարկե: Սակայն այդ բոլորը նրա կերպարի բաղադրատարրերից էին, կամ հենց այդպիսին դարձրին նրան իր պաշտոնն ու զանգվածային լրատվամիջոցները: Մավրը արել է իր գործը, մավրը կարող է հեռանալ: Իհարկե, նա կարող է վաստակած հանգստի անցնել, կամ նույնիսկ նրան մի անշառ պաշտոն կարող է տրվել, ասենք, փրկարար ծառայության ղեկավարի պաշտոնը, ինչպես որ խոսվում է կուլիսներում: Սակայն, այնուամենայնիվ, երկար ժամանակ Վարյանի պաշտոնանկությունը պահանջողների եւ այլոց աչքում դա կարող է միավորներ բերել իշխանության հաշվին: Թե քանի մավր է պահանջվելու` հասարակությանը դուր գալու եւ փոփոխությունների իմիտացիա ստեղծելու համար, շատ շուտով կերեւա: Ոչինչ նոր չէ այս հողի վրա, առավել եւս` քավության նոխազների ինստիտուտը:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ