Արդեն ամրացվել են 27, քանդվել 4 վթարային շենքեր եւ կառուցվել 3 նորերը
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Տրանսպորտ, քաղաքաշինություն, բնապահպանություն, աղբահանում եւ այլն: Մայրաքաղաքի բազմաթիվ խնդիրներն այս ոլորտներում երեւանցիները զգում են ամեն օր: Բնականաբար նրանց դժգոհությունն ուղղվում է այդ խնդիրների լուծման համար պատասխանատու մարմնինՙ Երեւանի քաղաքապետարանին: Այդուհանդերձ, չի կարելի ժխտել, որ քաղաքապետարանն իրականացնում է ծրագրեր, որոնք լուծում են հարյուրավոր մարդկանց կոնկրետ խնդիրներ: Սակայն արվածը մի տեսակ աննկատ է մնում քննադատության ընդհանուր ալիքի տակ: Երեւանի քաղաքապետարանի իրականացրած ամենանշանակալի ծրագրերից են 3-րդ աստիճանի վթարայնության շենքերի ամրացման եւ 4-րդ աստիճանի վթարայնության շենքերի քանդման եւ բնակիչներին նոր բնակարաններով ապահովմանՙ վերջին երեք-չորս տարիներին իրականացրած ծրագրերը:
Այս տարի կկառուցվի 4 նոր շենք` 210 բնակարանով
Ըստ Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանի, 4-րդ աստիճանի վթարայնության շենքերի բնակիչների խնդիրը լուծելու առաջին քայլերը ձեռնարկել են 2000 թ.-ին: Համաձայն կառավարության որոշման, 4-րդ աստիճանի վթարայնության շենքերի օրինական վարձակալներին եւ այդտեղ բնակվող փախստականներին նախատեսվում էր տալ կամ դրամական փոխհատուցում, կամ բնակարան:
Այդ ծրագրով, մինչեւ 2003 թ.-ը, չորսՙ Ֆուչիկի 16, 22,10,19 եւ Շինարարների 6 հասցեների շենքերի բնակիչներին տրվեց դրամական փոխհատուցում, իսկ շենքերը քանդվեցին:
Ընդհանրապես 3-րդ եւ 4-րդ աստիճանի վթարայնության շենքերի առնչությամբ մինչեւ 2003 թ.-ը գոյություն ունեին իրարամերժ մասնագիտական եզրակացություններ: Ուստի 2003 թ.-ին, երբ քննարկվում էր մայրաքաղաքի զարգացման քառամյա ծրագիրը, որտեղ Երեւանի քաղաքապետի առաջարկությամբ թիվ 1 քաղաքաշինական եւ սոցիալական խնդիրը համարվեց վթարային շենքերի խնդիրը, որոշվեց մասնագիտական եզրակացության պատվերը տալ միայն դրա համար լիազորված կառույցինՙ «Հայսեյսմոշին» գիտահետազոտական ինստիտուտին:
2004 թ.-ին, համաձայն վերջինիս ուսումնասիրության եւ տրված եզրակացության, Երեւանում 4-րդ աստիճանի վթարայնության համարվեցին 15 շենքեր: Դրանց 90 տոկոսը գտնվում են Աջափնյակում, մնացածըՙ Շենգավիթում, Էրեբունիում եւ Կենտրոնում: «Այդ շենքերը վտանգավոր են ոչ միայն դրանցում ապրող բնակիչների, այլեւ շրջակայքի համար: Այդ պատճառով որոշվեց, որ դրանք պետք է քանդվեն, իսկ բնակիչներն ապահովվեն նոր բնակարաններով», շեշտում է Կամո Արեյանը:
2005 թ.-ի պետական բյուջեով հատկացվեց 750 մլն դրամ մեկ շենք կառուցելու համար: Հունիսին շինարարությունը սկսվեց եւ արդեն տարեվերջին 4-րդ աստիճանի վթարայնության Շինարարների 14 եւ 23 շենքերի 43 ընտանիքները նոր բնակարաններ ստացան Արզումանյան 43 հասցեի նորակառույց շենքում: Ընդ որում, ինչպես այդ, այնպես էլ հետագայում վթարային շենքերի բնակիչների համար շահագործման հանձնված նորակառույցներն ապահովված են ժամանակակից բոլոր հարմարություններով: Շենքերն ունեն լոկալ ջեռուցման համակարգ, հարդարված են, սալահատակված են ոչ միայն լոգարանն ու զուգարանը, այլեւ միջանցքները, լոգարանը, խոհանոցը եւ սանհանգույցը, ապահովված են բոլոր կենցաղային սարքավորումներով: Մեզ հետ զրույցի ժամանակ Կամո Արեյանը ոգեւորվածությամբ հիշատակեց բնակիչների գոհունակությունը նոր բնակարաններից եւ ժամանակակից հարմարություններից:
2006 թ.-ին նախատեսվեց 1 մլրդ 569 մլն դրամՙ արդեն երկու շենքի կառուցման համար: Դրանք կառուցվեցին Լենինգրադյան փողոցին հարող տարածքում: Նոր շենքերում բնակարան ստացան 100 ընտանիքներ: Միաժամանակ, վերակառուցվեց Նոր Նորքումՙ Լյուքսեմբուրգի 10 հասցեում գտնվող «Ալգորիթմ» վարժարանի շենքը: Այն տրվել էր քաղաքապետարանինՙ դարձյալ 4-րդ աստիճանի վթարային շենքերի բնակիչներին հատկացնելու համար: «Ալգորիթմի» շենքի վերակառուցման համար հատկացվեց 300 մլն դրամ, այդտեղ բնակարաններ ստացան եւս 36 ընտանիքներ:
Սակայն այդ ընթացքում եւս մեկ խնդիր առաջացավ: Ինչպես պարզաբանեց Կամո Արեյանը, վթարային շենքերի բնակիչներին նոր բնակարան հատկացնելուց հետո այդ շենքերում դեռեւս մնում էին բնակիչներ: Դրանք այն մարդիկ էին, որոնք բնակեցվել էին այդ շենքերում գործադիր մարմիններիՙ քաղաքապետարանի, թաղապետարանների (շրջգործկոմների) կարգադրություններով: Քաղաքապետարանի առաջարկով կառավարությունը որոշեց շահառուներ ճանաչել եւ բնակարաններ տրամադրել նաեւ նրանց, ինչը մեծ ուրախությամբ ընդունեցին վերջիններս:
Ամփոփելով 2000 թ.-ից մինչ այժմ կատարվածը, Երեւանքի փոխքաղաքապետը փաստեց, որ այդ ընթացքում ընդհանուր առմամբ փոխհատուցում է տրվել 4-րդ աստիճանի վթարային շենքերում ապրող 323 ընտանիքի, որից 144-ը ստացել են դրամական, 179-ըՙ բնակարանային փոխհատուցում:
2007 թ.-ին 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչներին բնակարանային փոխհատուցման համար հատկացվող գումարն ավելացել է, հասնելով 2 մլրդ 800 մլն դրամի, որով կկառուցվի 4 շենքՙ 210 բնակարանով: Կքանդվեն 2004 թ.-ից 4-րդ աստիճանի վթարային համարվող 15 շենքերից 5-ըՙ Սիսակյան 16, 22 Շինարարների 14 եւ 23 եւ Արզումանյան 8 հասցեների շենքերը: Կմնա քանդման ենթակա 10 շենք, որոնց բնակիչներին բնակարանով ապահովելու հարցը, ինչպես վստահեցնում է Կամո Արեյանը, մինչեւ 2009 թ.-ը ամբողջությամբ լուծված կլինի: Այսինքն, երկու տարի հետո Երեւանում չեն լինի շենքեր, որոնք վտանգ կներկայացնեն այդտեղ բնակվողների եւ շրջապատի մարդկանց կյանքին: Իսկ դրանց բնակիչներն էլ կստանան նոր, ժամանակակից հարմարություններով կառուցված բնակարաններ, ինչը միաժամանակ սոցիալական կարեւոր նշանակություն է ձեռք բերում:
Շենքերի վթարային դառնալու հիմնական պատճառը ջրի հոսքն է դեպի հիմնատակեր
Ինչ վերաբերում է 3-րդ աստիճանի վթարայնության շենքերին, ապա Երեւանի քաղաքապետարանի բարեկարգման եւ շինարարության վարչության պետ Ֆրունզ Բասենցյանի տեղեկացմամբ, 2006 թ.-ին «Հայսեյսմոշին» գիտահետազոտական ինստիտուտի հետազոտության արդյունքներով, կային այդպիսի 83 շենքեր: Դրանք, ի տարբերություն 4-րդ աստիճանի վթարայնության շենքերի, ենթակա են ամրացման: Ամրացման աշխատանքները սկսվել են դեռ 2004 թ.-ից: Այդ ժամանակ ամրացվել է 6 շենք, 2005 թ.-ինՙ 11 շենք, իսկ 2006 թ.-ին արդենՙ 11 շենք: 2007 թ.-ին նախատեսված է ամրացնել եւս 8 շենք: Ամրացման աշխատանքների իրականացման համար պետական բյուջեից 2004 թ.-ին հատկացվել է 505 մլն դրամ, 2005 թ.-ինՙ 673 մլն դրամ, 2006 թ.-ինՙ 743 մլն դրամ, 2007 թ.-ինՙ 682,5 մլն դրամ:
Մինչ ամրացման աշխատանքների սկսվելը, բնականաբար, նախ պատվիրվում է «Հայսեյսմոշինի» մասնագիտական եզրակացությունը, որից հետո շենքերը խմբավորվում են ըստ վթարայնության տեսակի եւ ամրացման հրատապության: Մրցույթներով ընտրվում են նախագծող կազմակերպությունները, ապա նաեւ շինարարական կազմակերպությունները: Շինարարության ամբողջ ընթացքը վերահսկում են ե՛ւ նախագծող կազմակերպությունները, ե՛ւ քաղաքապետարանի վարձած տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպությունները, ե՛ւ քաղաքապետարանի բարեկարգման եւ շինարարության վարչության մասնագետները: «Աշխատանքների ավարտից հետո «Հայսեյսմոշինից» նորից վերջնական եզրակացություն ենք պահանջում, որոնք կրկին ուսումնասիրում են շենքը եւ տալիս եզրակացություն, որ շենքն ամրացված է եւ պիտանի բնակության համար», ընդգծում է Ֆրունզ Բասենցյանը:
Ամրացման ձեւերը տարբեր ենՙ կախված շենքի որակից: Բացառապես բոլոր շենքերի հիմքերն ամրացվում ենՙ մինչեւ հիմնատակերը փորվում են, ապա լրացուցիչ երկաթբետոնե կառուցվածքներ են դրվում եւ բարձրացվում մինչեւ առաջին հարկի հատակը: Եթե վերեւի, մինչեւ 3-4-րդ հարկերը, բնակարաններում արդեն ճաքեր կան, ապա պատերը երկու կողմից երկաթբետոնե շապիկի մեջ են առնվում: Կան դեպքեր, որ դա արվում է միայն մեկ կողմից: Դեպքեր էլ կան, երբ ուժեղացվում են նաեւ պատշգամբները: Հնարավորությունների դեպքում տանիքները նույնպես նորոգվում են, որովհետեւ ջրի հոսքի մի աղբյուր էլ դա է: Եթե շենքերը նկուղային հարկեր չունեն, ապա աշխատանքները կատարվում են առաջին հարկերի բնակարաններից, որոնք հետագայում նույնպես, ըստ անհրաժեշտության, նորոգվում են:
Դա, ըստ Ֆրունզ Բասենցյանի, լինում է հիմնականում կոյուղագծերի խցանումների ժամանակ, երբ մաքրելու փոխարեն ջարդում են կոյուղատարը կամ երբ այդ կոյուղատարից հոսք է լինում այլ սխալ սպասարկման հետեւանքով: Արդեն ամրացված 27 շենքերի գերակշիռ մեծամասնության վթարային դառնալու պատճառը կոյուղու կանգնակներից շենքի հիմնատակերը լցվող ջրերն են:
Ամրացումից հետո այդ շենքերը իրենց սեյսմակայունությամբ հավասարվում են իրենց շրջապատում եղած ոչ վթարային շենքերին: Այդտեղ ապրելն արդեն անվտանգ է: Բարեկարգման եւ շինարարության վարչության պետը հայտնեց, որ մինչեւ 2013 թ.-ը 3-րդ աստիճանի վթարայնության բոլոր շենքերը պետք է ամրացված լինեն: Այսպիսով, մայրաքաղաքում հարյուրավոր ընտանիքներ կապրեն առանց մշտական վտանգի զգացողության եւ բնակարանային ֆոնդի առաջնահերթ լուծում պահանջող այս խնդիրը կդադարի գոյություն ունենալ, հնարավորություն տալով կենտրոնանալու մայրաքաղաքի մյուս հիմնախնդիրների վրա:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ