«Խոզերի «աֆրիկյան ժանտախտ» հիվանդությունը փոխանցվում է շփումների, շնչուղիների, կերակուրների միջոցով: Եթե այն հայտնաբերվի, ապա հայտնաբերման օջախում եղած ամբողջ գլխաքանակը ենթակա է ոչնչացման: Այնուհետեւ ոչնչացված խոզերին գցում են փոսը, ծածկում այն, եւ մեկ տարի այդ հողի վրա գյուղատնտեսական ոչ մի աշխատանք չի կատարվում», «Փաստարկ» ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ մեր հարեւան Վրաստանում բռնկված հիվանդությունն այսպես բնորոշեց գյուղնախարարության սննդի անվտանգության եւ անասնաբուժության տեսչության պետի տեղակալ Գեւորգ Թովմասյանը: Այնուհետեւ նա ավելացրեց, որ օջախից 10 կմ շառավղով տարածքում գտնվող կենդանիների միսը կարելի է օգտագործել միայն գործարանային մշակումից հետո, իսկ 100-150 կմ շառավղով տարածքի կենդանիները պետք է պատվաստվեն: Հայաստանը նույնպես այդ գոտում է գտնվում: Նշելով, որ մեր երկրում կատարվում են անհրաժեշտ միջոցառումները, խոզերը պատվաստվում են սովորական ժանտախտի դեմ, տեսչության պետի տեղակալը միաժամանակ նշեց, որ աֆրիկյան ժանտախտը չունի բուժում:
Գեւորգ Թովմասյանը հայտնեց, որ աֆրիկյան ժանտախտը մինչեւ 1957 թ.-ը բռնկվում էր միայն աֆրիկյան մայրցամաքում, իսկ հետո տարածվեց նաեւ աշխարհի այլ մասերում: ԱՊՀ տարածքից առաջինը փաստորեն, բռնկվեց Վրաստանում, ինչի պատճառով այդ երկրում սատկած եւ ոչնչացված խոզերի թիվը գերազանցել է 30 հազարը:
Հայաստան այդ վտանգավոր հիվանդությունը կթափանցի, թե՞ ոչ, գյուղնախարարության պաշտոնյան, բնականաբար, չէր կարող իմանալ, բայց նա հավաստիացրեց, որ արգելվել են Վրաստանից մսի եւ մսամթերքների ներկրումը Հայաստան: Սահմանի վրա, ցանկացած երկրի քաղաքացու կողմից ցանկացած տեսակի մսամթերք Հայաստան ներմուծելիս այն առգրավվում է եւ ոչնչացվում: Ախտահանվում են Հայաստան մտնող ավտոմեքենաները: Մնում է հուսալ, որ աֆրիկյան ժանտախտը եւս թռչնագրիպի պես կշրջանցի մեր երկիրը:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ