«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#109, 2007-06-12 | #110, 2007-06-13 | #111, 2007-06-14


ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ՍԱՐԱՋՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՆԵՐԿԱՆ

Երաժշտական դպրոցների գործունեությունը այսօր գրեթե ինքնակառավարման եղանակով է ընթանում: Մշակույթի մասին օրենքի բացակայությունն այս դաշտում գործող կառույցների համար բազմաթիվ անպատեհություններ է ստեղծում` շենքային պայմանների, երաժշտական գործիքների, ուսուցիչների վճարման եւ այլն: ՀՀ կրթության մասին օրենքում երաժշտական դպրոցների` արտադպրոցական հիմնարկ հասկացողության կարգավիճակում հայտնվելու հանգամանքը դրանց զրկում է պետական միջամտությունից եւ պարտավորություններից: Դրանցից առավել կարեւորները քաղաքապետարանի ենթակայության տակ են, որը եւ հոգում է ընդհանուր ծախսերի 20-30 տոկոսը միայն: Համակարգված մոտեցումների, ծրագրային դրույթների ու մեթոդների բացակայությամբ դպրոցները գործում են ըստ տնօրենության հայեցողության, վստահաբար մասնագիտական եւ կազմակերպչական որակներ ունեցող ղեկավարի պարագայում կարող են շահել եւ դպրոցը, եւ ինչ խոսք` սաները:

Երաժշտական կրթության լավագույն ավանդույթներով Երեւանում հայտնի է եղել Կոնստանտին Սարաջյանի անվ. դպրոցը, որը ավելի քան կեսդարյա պատմություն ունի: Հիմնադրվել է 1952 թ. Ջիվան Տեր-Թադեւոսյանի եւ նրա շուրջը համախմբված մի խումբ մանկավարժների ջանքերով` 35 աշակերտով, երեք` դաշնամուրի, լարային եւ տեսական բաժիններով: Առաջին տարիներից Գեղունի Չթչյանի նախաձեռնությամբ բացվեց եւ մինչեւ օրս իր ղեկավարությամբ գործում է Երեւանի երաժշտական դպրոցներում այդ ժամանակ նախադեպը չունեցող կոմպոզիցիայի դասարանը: Դպրոցի երաժշտական կրթական կյանքում լուրջ ներդրում են ունեցել նշանավոր մանկավարժներ, երաժիշտներ` Գեւորգ Աճեմյան, Ռոբերտ Պետրոսյան, Էմմա Միհրանյան, Գեւորգ Մուրադյան, Զեմֆիրա Բարսեղյան, Ռոբերտ Շուգարով, Սերգեյ Քեչեկ, Հարություն Թոփիկյան եւ շատ-շատերը: Այս դպրոցում են սովորել հայ ժամանակակից երաժշտարվեստի ականավոր ներկայացուցիչներ, երգչուհի Արաքս Դավթյանը, երգեհոնահար Մարիաննա Աբրահամյան-Սպարեն, դիրիժոր Զավեն Վարդանյանը, ֆլեյտահար Ստեփան Մինասյանը, կոմպոզիտորներ Արթուր Ահարոնյանը, Ռուսլան Գալստյանը եւ շատ ուրիշներ:

Դպրոցը, չնայած դժվարություններին, այսօր էլ շարունակում է պահպանել նախկին ավանդույթները` փորձելով նաեւ ժամանակին համընթաց նորություններ ներմուծել: Տնօրենը` Արմինե Պողոսյանը իրատես հայացք ունի ժամանակի առաջադրած պահանջներին: Դժվարությունները հաղթահարելու սեփական փորձը դպրոցը պահպանելու եւ հետաքրքրություններ առաջացնելու նոր միջոցներ է հուշում: Սարաջյանի անվ. դպրոցի տարեվերջյան համերգը ավանդաբար տեղի է ունենում «Առնո Բաբաջանյան» համերգասրահում: Այս տարվա համերգը օրեր առաջ անցավ հաջողությամբ եւ մեծ խանդավառությամբ: Դպրոցի դաշնամուրի, լարային, փողային, հարվածային գործիքների եւ կոմպոզիցիայի դասարաններում սովորող շուրջ 400 աշակերտների մեջ կան շնորհալի սաներ, որոնք բազմաթիվ հաջողություններ են արձանագրում հանրապետական եւ միջազգային մրցույթներում: Դպրոցում գործում է երկու երգչախումբ, կարեւոր են նաեւ առաջին դասարանցիների «Պատանի երաժշտի նորամուտ» հանդեսի, գրական-երաժշտական երեկոների, առանձին բաժինների համերգների ավանդույթի վերածված միջոցառումները: Հունիսի 1-ին, երեխաների պաշտպանության օրը աշակերտների համար համերգ տալիս են դասատուները: Մեկամյա փորձ ունեցող նկարչության դասարանը մի քանի ցուցահանդեսներ է արդեն կազմակերպել` ինքնատիպ աշխատանքներով: Աշխույժ գործունեությամբ աչքի է ընկնում նորաբաց պարային խումբը, համերգներով հանդես է գալիս Հայաստանի տարբեր մարզերում, դեսպանատներում, ծերանոցներում:

2006 թ.-ից կազմակերպվող մեկամսյա անվճար դասընթացները հանրակրթական տասնյակ դպրոցների աշակերտների համարՙ նրանց մեջ երաժշտության, արվեստի հանդեպ հետաքրքրություն առաջացնելու նպատակով են արվում, դրանք ակտիվացնում են դպրոցական առօրյան, խթանում աշխատանքը, միաժամանակ պայմաններ ստեղծում աշակերտների ընդունակությունների բացահայտման:

Դպրոցը գոյատեւում եւ զարգանալու, արդիականանալու փորձեր է անում նվիրյալ մանկավարժների ջանքերով, ըստ որում պահանջների նվազագույն մակարդակով, սա վերաբերում է ե՛ւ վարձատրությանը, ե՛ւ պայմաններին ե՛ւ երաժշտական գործիքներին եւ այլ անհրաժեշտությունների:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4