Եվրո-2008-ի ընտրական մրցաշարում ղազախների եւ լեհերի նկատմամբ տոնած հաղթանակների շնորհիվ Հայաստանի ազգային հավաքականը հունիսի 13-ին հրապարակված ՖԻՖԱ-ի դասակարգման հերթական ցուցակում աննախադեպ, պարզապես ռեկորդային թռիչք է կատարել: Մեր ընտրանին միանգամից 48 հորիզոնական վեր է բարձրացելՙ միանգամից վարկանիշը բարձրացնելով 219-ով, եւ հանգրվանել է 80-րդ տեղում: Վաղուց ի վեր Հայաստանի հավաքականը դասակարգման ցուցակում նման բարձր դիրք չէր գրավել: Նախկին ԽՍՀՄ հանրապետություններից այժմ Հայաստանը զիջում է միայն Ուկրաինային (13-րդ տեղ), Ռուսաստանին (24), Ուզբեկստանին (58), Բելառուսին (72) եւ Լիտվային (79):
Նշենք, որ Հայաստանի հավաքականի առաջընթացն ամենամեծն է դասակարգման ցուցակի 207 հավաքականների մեջ: Հետաքրքրական է, որ ՀՀ հավաքականին պարտված լեհերը, որոնք մինչ այդ հյուրընկալվելիս հաղթել էին ադրբեջանցիներին, պահպանել են իրենց դիրքը 18-րդ հորիզոնականումՙ վարկանիշը բարձրացնելով 31-ով: Իսկ ահա ղազախները չորս տեղով նահանջել են: Հայաստանի հավաքականից հետո ամենամեծ առաջընթացը գրանցվել է Կանադայի ընտրանու մոտ, որը բարձրացել է 38 տեղով, վարկանիշն ավելացնելով 197-ով: Իսկ ահա Նոր Զելանդիայի հավաքականի մոտ ամենամեծ հետընթացն է գրանցվել: Նորզելանդացիները 27 տեղով նահանջել են, վարկանիշն էլ նվազեցրել են 87-ով:
Ընտրական «A» խմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներից նախկինի պես ամենաբարձր վարկանիշն ունի Պորտուգալիայի ընտրանին, որը մեկ տեղով առաջադիմել էՙ զբաղեցնելով 6-րդ հորիզոնականը: Սերբերը բարձրացել են 9 տեղով եւ այժմ 22-րդն են: Ֆիններն էլ առաջադիմել են 3 հորիզոնականով (42-րդ տեղ): Բելգիայի ընտրանին 9 հորիզոնականով նահանջել է եւ այժմ 71-րդն է: Ադրբեջանի հավաքականը 6 տեղով է նահանջելՙ վարկանիշը նվազեցնելով 20-ով:
Ներկայացնում ենք դասակարգման ցուցակի լավագույն տասնյակի եւ նախկին ԽՍՀՄ հանրապետությունների հավաքականների ցուցանիշները:
1. Իտալիա | 1653 |
2. Ֆրանսիա | 1585 |
3. Բրազիլիա | 1484 |
4. Գերմանիա | 1467 |
5. Արգենտինա | 1373 |
6. Պորտուգալիա | 1323 |
7. Իսպանիա | 1273 |
8. Անգլիա | 1240 |
9. Հոլանդիա | 1220 |
10. Չեխիա | 1096 |
13. Ուկրաինա | 1044 |
24. Ռուսաստան | 893 |
58. Ուզբեկստան | 534 |
72. Բելառուս | 443 |
79. Լիտվա | 404 |
80. Հայաստան | 399 |
97. Վրաստան | 337 |
101. Մոլդովա | 320 |
107. Լատվիա | 281 |
109. Ադրբեջան | 277 |
119. Ղազախստան | 235 |
121. Էստոնիա | 226 |
147. Տաջիկստան | 121 |
149. Ղրղըզստան | 106 |
163. Թուրքմենստան | 69 |
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ