Պրահայում մեկնարկել է ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը, որի մասնակիցների թվում են նաեւ հայ ծանրորդները: Մեր մարզիկներից առաջինը մրցահարթակ դուրս եկավ 20-ամյա Արայիկ Միրզոյանը: Մինչեւ 69 կգ քաշային ծանրորդների մրցավեճում Միրզոյանը բավական հաջող հանդես եկավ եւ արժանացավ մեդալների: Պոկում վարժությունը նա սկսեց 135 կգ-ով, որը վստահ բարձրացրեց: Հաջող էին նաեւ հաջորդ երկու մոտեցումներըՙ 140 եւ 143 կգ: Այս ցուցանիշով Արայիկը պոկում վարժությունում արժանացավ արծաթե մեդալիՙ ընդամենը 2 կգ-ով զիջելով հաղթող ճանաչված չին ծանրորդ Շիսենգ Շենգին: Վերջինս 3 մոտեցումներից միայն երկրորդի ժամանակ հաջող կատարեց վարժությունըՙ բարձրացնելով 145 կգ-անոց ծանրաձողը: Սակայն դա էլ բավարար էր ոսկե մեդալին արժանանալու համար:
Հրում վարժությունում հայ ծանրորդը սկզբում բարձրացրեց 160 կգ, ապա միայն 3-րդ մոտեցմամբ հաղթահարեց 170 կգ-անոց ծանրաձողը եւ դարձավ բրոնզե մրցանակակիր: Երկամարտի 313 կգ (143+170) արդյունքով Միրզոյանը գրավեց 3-րդ տեղը: Իսկ չեմպիոն հռչակվեց չին ծանրորդ Ժենգին Ժիսենգը, որը երկամարտում ցույց տվեց 325 կգ (145+180) արդյունք: Նրան մեկ կգ-ով զիջեց 2-րդ տեղ գրաված չին մեկ այլ ծանրորդՙ Ֆեի Տանգը: Վերջինս հրում վարժությունում ուժեղագույնն էր (181 կգ) եւ արժանացավ փոքր ոսկե մեդալի:
Մինչեւ 62 կգ քաշային ծանրորդների մրցավեճին մասնակցած Սերգեյ Պետրոսյանը, որը ներկայացնում էր Ռուսաստանը, երկամարտի 291 կգ (131+160) արդյունքով գրավեց 4-րդ տեղը: Սերգեյը Եվրոպայի պատանիների գործող չեմպիոնն է եւ Պրահայում իր չեմպիոնական ցուցանիշը գերազանցեց 2 կգ-ով, սակայն դա բավարար չէր մրցանակակիր դառնալու համար: Քաշային այս կարգում 306 կգ (136+170) արդյունքով չեմպիոն հռչակվեց չին ծանրորդ Չժան Դզին: Նրա հայրենակից Լյու Սինը հաղթողին զիջեց 1 կգ-ով: Բրոնզե մեդալը բաժին հասավ ինդոնեզացի ծանրորդ Տրիյատնոյինՙ 300 կգ (136+164):
Մինչեւ 56 կգ քաշայինների մրցավեճում հաջողությունն ուղեկցեց Ինդոնեզիայի ներկայացուցիչ Էկո Իրավանինՙ 273 կգ (120+153): Նա միայն անձնական ավելի պակաս քաշի շնորհիվ կարողացավ գերազանցել նույնպիսի արդյունք ցույց տված չին ծանրորդ Ձինբյաոյին: Ռուսաստանցի Պավել Սուխանովը 266 կգ (120+146) արդյունքով եզրափակեց լավագույն եռյակը:
Կանանց մրցապայքարում աշխարհի առաջին չեմպիոնը թուրք Սիբիլի Օզկանն էրՙ 181 կգ (79+102), որը հաղթող ճանաչվեց մինչեւ 48 կգ քաշայինների մրցավեճում: Իտալուհի Կատերինա Պագլիարոն եւս երկամարտում 181 կգ արդյունք էր ցույց տվել, բայց ավելի ծանր էր եւ ստիպված էր բավարարվել արծաթե մեդալով: Բրոնզե մրցանակակիր դարձավ թայլանդցի Տիրամոնըՙ 171 կգ (75+96):
Մինչեւ 53 կգ քաշային ծանրորդների մրցավեճն ավարտվեց չին մարզուհի Յան Դեւանի հաղթանակովՙ 205 կգ (95+110): Թայլանդցի Ամնուայիպորնը 194 կգ (84+110) արդյունքով 2-րդն էր, իսկ բրոնզե մեդալակիրը կոլումբիացի Էրեդիան էրՙ 188 կգ (81+107):
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ