«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#110, 2007-06-13 | #111, 2007-06-14 | #112, 2007-06-15


ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՕՐԻՆԱԿՈՎ

Մայիսի 17-ին Ռուսաստանի մայրաքաղաքի Քրիստոս Ամենափրկիչ տաճարում Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Ալեքսիյ Բ-ի եւ Արտերկրի Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդ եւ Նյու Յորքի միտրոպոլիտ Լավրի միջեւ կնքված ու սրբագործված համաձայնագիրը (Կանոնական միաբանման կամ հաղորդության (communion) ակտ) ուշագրավ երեւույթ է նաեւ մեզՙ հայերիս համար: Փաստորեն այդ ակտով հաջողությամբ պսակվեցին 1991 թ.-իցՙ Խ. Միության փլուզումից ի վեր Ռուս ուղղափառ եկեղեցու երկու հատվածների միջեւ սկսված եւ վերջին 3 տարիներին պաշտոնական բնույթ ստացած բանակցությունները: Ռուս եկեղեցու պառակտումն սկսվել էր 1917 թ. բոլշեւիկյան հեղափոխությամբՙ ցարի ու նրա գերդաստանի անդամների գնդակահարությանը հետեւած իրադարձություններով, Ռուսաստանում պաշտոնական աթեիզմի հաստատումով: Ռուս եկեղեցու Նյու Յորքի թեմը եւ, հետագայում, արտերկրի այլ թեմեր իրենց անհնազանդությունն էին հայտարարել Ռուսաստանի պատրիարքությանը, իսկ 1927 թ.-ին, երբ Ռուսիո Սերգիյ պատրիարքը եկեղեցին կատարյալ ոչնչացումից փրկելու մտահոգությամբ պաշտոնապես իր հավատարմությունն էր հայտնել կոմունիստական կառավարությանը, կապերն ամբողջովին խզվել էին երկու հատվածների միջեւ եւ անջատյալ հատվածն իրեն հայտարարել էր Ռուս ուղղափառ հավատքի միակ պաշտպանը: Հետեւաբար, հստակորեն, Ռուս եկեղեցու 80-ամյա երկփեղկման հիմքում քաղաքական-գաղափարախոսական խնդիրներն էին, որոնք հետզհետե ստացան նաեւ նյութական-կալվածային, վարչական եւ այլ դրսեւորումներ:

Կողքի սյունակներում թարգմանաբար (թերեւս ոչ այնքան ճշգրիտ ձեւակերպումներով) ներկայացվում է ամբողջ համաձայնագիրը: Այնտեղից կարելի է առանձնացնել այն բոլոր կետերը, որոնք առնմանություններ ունեն Հայ առաքելական եկեղեցու ներսում 1956 թ.-ից ի վեր առկա երկփեղկման, 51-ամյա այդ տագնապը լուծելու ուղիների հետ: Գործնականում, ստորագրված համաձայնագիրը արտերկրի Ռուս եկեղեցուն է վերապահում ներքինՙ նյութական, վարչական եւ այլ իրավասություններՙ ինքնավարության տեսքով: Սակայն, մյուս կողմից, եկեղեցու մեկությունն է ապահովում Ռուսաստանի պատրիարքի մականի ներքո, վերջինիս վերապահելով արտերկրի եկեղեցու հովվապետի ընտրությունը հաստատելու (կետ 4), արտերկրի թեմերի լուծարման եւ կազմավորման որոշումներին համաձայնվելու (կետ 6), թեմական առաջնորդների (հայրապետներ) ընտրությունը վավերացնելու (կետ 7), եկեղեցական արարողությունների ընթացքում առաջինը Ռուսիո պատրիարքի անունը հիշելու (կետ 9), մյուռոնը Ռուսիո պատրիարքից ստանալու (կետ 13) եւ այլՙ կարեւորագույն իրավասությունները:

Համաձայնագրի գոյացման եւ կայացման գործում վճռական էր Ռուսաստանի նախագահի դերակատարումը: «Եկեղեցու երկփեղկումը հետեւանք էր ռուս հասարակության ներսում գոյացած քաղաքական խորը տագնապի, ասաց նա Բորիս Ելցինի վերակառուցած Սբ. Քրիստոս Ամենափրկիչ եկեղեցում համաձայնագրի ստորագրման արարողությունը նախագահելուց, խաչակնքելուց, սրբապատկերը համբուրելուց հետո: Եկեղեցու միության վերահաստատումը կարեւոր նախապայման է ռուս ժողովրդի կորսված միությունը (մեկությունը) վերագտնելու գործում»: Նա ամենեւին չթաքցրեց, ընդհակառակնՙ ամեն ձեւով ընդգծեց պետության եւ անձամբ իր դերը եկեղեցու վերամիավորման գործում: Եվ այդ դերն է, որ պետք է օրինակ եւ նախաշավիղ դառնա մեր եկեղեցու վերամիավորման համար:

Սա այն առիթը չէ խորանալու մեր եկեղեցու պառակտման պատճառների մեջ, վերստին բացելու հին վերքեր, հակառակ որ դրանք դեռ արյունահոսում են: Բայց իսկական առիթն է ընդգծելու մեր պետական իշխանություններից եւ անձամբ հանրապետության նախագահից ակնկալվող դրական ու գործնական միջամտության անհրաժեշտությունը: 1995 թ.-ին երջանկահիշատակ Վազգեն Ա կաթողիկոսի հաջորդին ընտրելիս մեր երկրի առաջին նախագահի միջամտությունը, դրա ապարդյուն ավարտը դեռեւս թարմ է մտքերում: Այն ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանը չէր տիրապետում անհրաժեշտ լծակներին, ՀՅԴաշնակցությունը գտնվում էր քաղաքական հակառակ գծի վրա եւ, հետեւաբար, նախաձեռնությունն ստացել էր հակադաշնակցական բնույթ: Մինչդեռ այժմ այդ կուսակցությունը, որ, մեղմ ասած, մեր եկեղեցու երկփեղկման, հակաթոռության ակունքներում է գտնվում, պետական-իշխանական պատասխանատվություններ է ստանձնել, հետեւաբար, նրա վրա ներգործելու, այս հարցում նրան տարհամոզելու միջոցները շատ են: Բազմապատկվել է նաեւ Հայաստանի բարձրագույն իշխանության հեղինակությունը, խորացել են միջպետական հարաբերությունները: Միայն պետք է լինի կամք, վճռականություն, տագնապը լուծելու փառասիրություն:

Իհարկե, պետք չէ միամիտ լինել ՀՅԴաշնակցությունից ու նրան ենթակա Անթիլիասի աթոռի գահակալից ակնկալելու դրական նախաձեռնություններ: Միջին Արեւելքի երկրներում ու Պարսկաստանում եկեղեցին ունի նաեւ քաղաքական-քաղաքացիական ազդու գործառույթներ, իսկ Եվրոպայի ու Միացյալ Նահանգների ու Կանադայի անջատյալ թեմերից ստացված եկամուտներն այնքան մեծ են, որ ՀՅԴ-ն հազիվ թե ինքնակամ հրաժարվի դրանցից, մանավանդ ներկա պայմաններում, երբ այդ կուսակցությունը փորձում է սփյուռքի տեր եւ տիրական ներկայանալ եւ դրանով իսկ լայնացնել իր տեղն ու դիրքը մայր հայրենիքում:

Այս պայմաններում հայացքները դարձյալ ուղղվում են դեպի հանրապետության նախագահը, կառավարությունը եւ, այնուամենայնիվ, իրեն հայ ժողովրդի գերագույն շահերի պաշտպան հայտարարող կուսակցությունը: Վերջինս երկար տարիներ, մինչեւ 1991 թ., Անթիլիասի ու վերջինիս օրինական թե ապօրինի թեմերի հակաթոռության պատճառ հայտարարում էր Խ. Հայաստանի աթեիստական վարչակարգը, սովետական ԿԳԲ-ն, գաղափարախոսությունը եւ այլն: Հիմա, 16 տարի արդեն, փառք Տիրոջ, այդ ամենը չկան: Կա՛ ժողովրդի, ազգի շահը, Հայաստան-Սփյուռք միության ու միաբանության հրամայականը: Իսկ այդ միաբանության համար, ինչպես նախագահ Պուտինն էր ասել մայիսի 17-ին, «եկեղեցու միության վերականգնումը կարեւոր նախապայման է»: Իսկ եթե բազմամիլիոն ռուս ժողովրդի միասնության համար եկեղեցու միությունը կարեւոր է, ապա հայ ժողովրդի համարՙ առավել եւս:

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4