Իսկ Միջազգային ճգնաժամային խումբը հիմա էլ երրորդ զեկույցն է պատրաստում
Հունիսի 9-ին Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ երկրների ոչ պաշտոնական գագաթաժողովի շրջանակներում Քոչարյան-Ալիեւ հանդիպումը, չնայած բազմատեսակ ու բազմաշերտ լավատեսությանը, ոչ մի արդյունք էլ չտվեց: Եվ այնպիսի տպավորություն առաջացավ, թե ղարաբաղյան հարցի բանակցային գործընթացը որոշակի սառեցման կենթարկվի:
Ավելին, կանխատեսումները բնավ էլ գործընթացը որպես այդպիսին շարունակելու օգտին չեն: Տարբեր փորձագետների եւ մասնագետների դիտարկումներով, ղարաբաղյան հարցում առաջընթաց չի լինի էլի մի տասը տարի:
Մինչդեռ «Կենտրոն» հեռուստաալիքին տված հարցազրույցում Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը հայտարարել է, որ «ԱՊՀ հերթական գագաթաժողովի շրջանակներում, որը տեղի կունենա մոտավորապես հոկտեմբերի սկզբին, հնարավոր է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը»: Բայց, ըստ Օսկանյանի, դեռեւս ոչ մի նախնական պայմանավորվածություն չկա:
«Այսօր բանակցությունների սեղանին երեք էջից կազմված մի փաստաթուղթ է, որ ներառում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման բոլոր հնարավոր սկզբունքները: Դա բավականին բարդ փաստաթուղթ է, որը Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների եւ նախագահների մակարդակով երկամյա բանակցային գործընթացի արդյունք է», հայտարարել է Օսկանյանը:
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը գտնում է, որ կարելի է առաջընթաց ակնկալել երկու երկրների նախագահների քննարկումներից: «Ես որոշակի լավատեսություն ունեմՙ մշակված փաստաթուղթը տրամաբանական եւ փոխզիջումային է: Անշուշտ, այն լիովին չի բավարարում հակամարտության կողմերի պահանջները, սակայն կողմերից յուրաքանչյուրին հիմք է տալիս հրապարակման համար», նշել է Օսկանյանըՙ ավելացնելով, որ դեռեւս կան չհամաձայնեցված հարցեր, եւ կողմերը դեռեւս պետք է լուծեն ամենաբարդ խնդիրները:
Հայաստանի ԱԳ նախարարի մատուցմամբ, ղարաբաղյան հակամարտության կարգավորման սկզբունքների փաստաթուղթը նախատեսում է խնդրի լուծման «փաթեթային տարբերակ» ի հակադրություն ադրբեջանական կողմի հայտարարությունների, թե հարցի լուծումը «փուլային» է` սկզբից Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի ուժերի դուրսբերում հարակից գոտուց եւ հետո միայն ԼՂ կարգավիճակի հանրաքվեի անցկացում:
«Հնարավոր է ժամանակային հաջորդականություն, սակայն բոլոր հարցերի պատասխանները պետք է տրվեն նախապես»: Այս համատեքստում Օսկանյանը եւս մեկ անգամ ընդգծել է հայկական կողմի այն մոտեցումը, որ առանց հանրաքվեով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի, Հայաստանի հետ Ղարաբաղի անընդմեջ ցամաքային կապն ապահովող պարտադիր միջանցքի եւ Ղարաբաղի բնակչության անվտանգության հարցերի լուծման, այլ հարցերի մասին խոսել չի կարելի:
«Այս երեք սկզբունքները ոչ թե նախապայման են, այլ խնդրի լուծման տրամաբանական հիմնավորում եւ դրված են հակամարտության կարգավորման հիմքում: Կարծում եմ, որ այդ երեք ուղղություններով Հայաստանի եւ Ղարաբաղի համար կա առաջընթաց: Այսօր Հայաստանն ու Ղարաբաղը բավականին լավ դիրքեր ունեն բանակցություններում եւ հետագայում իրադարձությունները կզարգանան նույն ուղղությամբ: Կան միջազգային միտումներ, որոնց հանդեպ Ադրբեջանը չի կարող անտարբեր լինել», նշել է նախարարը:
«Եթե Կոսովոն անկախանա, դա կուժեղացնի Հայաստանի դիրքորոշումը, սակայն հակառակ դեպքում եւս մեր դիրքորոշումն անփոփոխ կմնա: Կոսովոյի խնդրում վտանգ կա, որ Արեւմուտքը, ձգտելով հանգստացնել մի շարք երկրների, այդ թվում նաեւ Վրաստանին, պնդում է, որ Կոսովոն չի կարող նախադեպ ծառայել այլ հակամարտությունների լուծման համար... Մեր խնդիրն է թույլ չտալ միջազգային հանրությանը ամրապնդվել այն մտքում, որ Կոսովոյի անկախությունը պատմության վերջն է, եւ մյուս բոլոր գործընթացները չեն կարող որոշակի սահմանից այն կողմ անցնել: Մենք պետք է պայքարենք դրա դեմ եւ դա անում ենք», նշել է Վարդան Օսկանյանը:
Ինչ վերաբերում է միջնորդներին, ապա, ըստ Օսկանյանի, «ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ԱՄՆ-ն մի փոքր շտապում է, սակայն Ռուսաստանը եւս չի դանդաղեցնում բանակցությունների ընթացքը... Ռուսաստանը, ելնելով իր գլոբալ քաղաքականությունից, Ղարաբաղի հարցում չի ցանկանում ավելի մեծ նախաձեռնություն ստանձնել, քան դա նախատեսված է ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատով: Դա միակ տարբերությունն է ԱՄՆ եւ Ռուսաստանի միջեւ, սակայն հակասություններ այդ երկրների միջեւ չկան»:
Ու մինչ հավանական եւս մեկ հանդիպում կկայանա աշնանը, ղարաբաղյան հակամարտության մասին հուլիսին հերթական` երրորդ զեկույցն է պատրաստվում ներկայացնել Միջազգային ճգնաժամային խումբը (ՄՃԽ): Ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկացմամբ, այդ մասին տեղեկացրել է ճգնաժամային խմբի կովկասյան նախագծի ղեկավար Մագդալենա Ֆրիչեւան` գտնվելով Բաքվում:
Զեկույցում կնշվեն համաշխարհային հանրության վերաբերմունքն այս խնդրին, կարգավորման գործընթացում գրանցված դինամիկան: Ֆրիչեւան նշել է, որ այս անգամ զեկույցում առանձնակի ուշադրություն կդարձվի նավթագազային ճյուղից ստացվող շահույթի ազդեցությանը ղարաբաղյան խնդրի լուծման վրա: «Պանարմենիըն.նեթ» կայքէջը տեղեկացնում է, որ ՄՃԽ երեւանյան գրասենյակի տվյալներով, ներկայումս Մագդալենա Ֆրիչեւայի այց Հայաստան չի նախատեսվում:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ