«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#110, 2007-06-13 | #111, 2007-06-14 | #112, 2007-06-15


Freedom House-Ը ՉԻ ՀՍՏԱԿԵՑՆՈ՞ՒՄ, ԹԵ ՈՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ ԿԵՂԾՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Մամուլի ազատության առումով մնում ենք «ոչ ազատ»

«Կեղծված ընտրությունները նպաստեցին իշխանությունների հանդեպ հանրության ցինիզմի եւ ընտրություններին ու հասարակական գործունեությանը մասնակցելու կարեւորության հանդեպ թերահավատության արմատացմանը: Ի հավելումն, հասարակությունը կորցրեց հավատը հակակոռուպցիոն միջոցներ ձեռնարկելու` իշխանությունների քաղաքական կամքի հանդեպ»: «Ազատության» տեղեկացմամբ, այս մասին նշված է Freedom House իրավապաշտպան կազմակերպության հրապարակած զեկույցում:

Հայաստանում որոշակի հետընթաց է արձանագրվել ժողովրդավարության, ազատ մամուլի եւ կառավարման ցուցիչներով, իսկ ընտրական գործընթացներին, քաղաքացիական հասարակությանը, դատաիրավական համակարգին եւ կոռուպցիային վերաբերող ցուցիչները, մնացել են անփոփոխ: Միեւնույն ժամանակ, ըստ զեկույցի, Հայաստանի ընդհանուր ցուցանիշը անկում է ապրել:

«Թեեւ Հայաստանը կոմունիստական կառավարումից հրաժարված խորհրդային առաջին հանրապետություններից էր, սակայն վերահսկման եւ հավասարակշռման արդյունավետ համակարգի բացակայությունը պարարտ հող ստեղծեց թույլ կառավարման եւ համատարած կոռուպցիայի համար: Երկրի քաղաքական եւ տնտեսական վերնախավերի սերտ կապերը խափանեցին թափանցիկ, ժողովրդավարական պետական ինստիտուտների կայացումը», ասված է զեկույցում:

Անդրադառնալով Հայաստանում մամուլի ազատության հարցերին` Freedom House-ը նշում է. «2006 թվականին լայնորեն քննարկվում էր Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի ձեւավորման կարգը: Lրատվական կազմակերպությունները, երբեմն հաջող, զբաղվում էին Հայաստանի հեռուստառադիոընկերությունների լիցենզավորման օրենսդրության եւ կառավարության առաջարկած` Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի ձեւավորման կանոնակարգի փոփոխման լոբբիինգով: Թեեւ լրագրողական հանրությանը հաջողվել է որոշակի առաջընթացների հասնել կառավարության` լրատվական դաշտի հետ կապված քաղաքականության վրա ազդելու հարցում, լրագրողների դեմ բռնության բազմաթիվ դեպքերն ի չիք են դարձնում այդ հաջողությունները»:

Freedom House միջազգային կազմակերպությանՙ 2006 թվականի գնահատականներով, մամուլի ազատության տեսակետից Հայաստանը աշխարհի 194 երկրների ցուցակում գրավում էր 137-րդ տեղը: Հայաստանի մամուլը արդեն 4 տարի շարունակ գնահատվում է «ոչ ազատ»:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4