Միջադեպերով բողոքի ցույց կառավարության առջեւ
Կառավարության առջեւ երեկ հավաքվել էին կենտրոնի վրդովված բնակիչները` հիմնականում Ֆիրդուսի, այսինքն` 33-րդ թաղամասի բնակիչները, ինչպես նաեւ Դալմայի այգիների, Բուզանդի, Կողբացու եւ կենտրոնի եւս մի երկու փողոցների բնակիչներ: «Ապրիլի 13-ին վարչապետ Սերժ Սարգսյանը ընդունել է մեզ եւ խոստացել է, որ մեր թաղամասի իրացման գործընթացը ժամանակավորապես կկասեցվի, մեր հարցը կքննարկվի ու ողջամտության սահմաններում լուծում կտրվի: Նա հանձնարարեց քաղաքապետարանին զբաղվել մեր հարցով: Քաղաքապետն ընդունեց մեզ եւ խոստացավ 10-12 օրում սեփականաշնորհման համար հանձնաժողովի ստեղծման որոշում կայացնել, բայց մինչ օրս ոչինչ չի արվել: Մենք անընդհատ զանգում ենք քաղաքապետարան, ասում ենՙ գործը քննվում է, բայց արդեն հասկացանք, որ պարզապես ձգձգում են», «Ազգին» ասաց 33-րդ թաղամասի բնակչուհի Անժելա Աղաջանյանը: Նա եւ հիշյալ թաղամասի մյուս բնակիչները ցանկանում էին կառավարության ղեկավարին տեղեկացնել, որ իր հանձնարարականները չեն կատարվել:
«Մարդկանց գալիս են, վախեցնում են, չափագրումներ են տանն անում: Ամբողջ Երեւանը ասեղների վրա է նստած: Մեզ վարչապետը խոսք տվեց, որ հարցը կլուծվի, բայց արդեն երկուսուկես ամիս է անցել, ոչ մի հարց էլ չի լուծվել: Կենտրոնի բնակիչները պահանջում են վերանայել իրենց հետ կնքած պայմանագրերը, ինչպես վարչապետն էր խոստացել, եւ ուզում են սեփականաշնորհել իրենց բնակարանները», ներկայացրեց «Սեփականության իրավունքի պաշտպանություն» հասարակական կազմակերպության (ՀԿ) նախագահ Վաչագան Հակոբյանը:
Բողոքավոր բնակիչները, որ դիմումներով, փաստաթղթերով եւ ցուցապաստառներով հավաքվել էին կառավարության տան առջեւ, անընդհատ վանկարկում էին վարչապետի անունն ու պահանջում կատարել խոստումը:
Բնակիչների աղմուկից հետո կառավարության շենքից դուրս եկավ կառավարության աշխատակից, վարչապետի օգնական Ալեքսանդր Ղազարյանն ու հանդիպեց վրդովված բնակիչների բուռն բողոքներին` ամենքը նորից փորձեցին այդ ընթացքում ներկայացնել իրենց սեփականության խնդիրը, պահանջել եւ մեղադրել, թե ինչու իրենք պետք է խնդիրներ ունենային: Այն աստիճան վրդովված էին բնակիչները, որ առանց այն էլ ասելիք չունեցող եւ շվար հայացքով կանգնած կառավարության աշխատողը հակադարձեց. «Ես պարտավոր չեմ խոսամ: Կթողնեմ, կգնամ, 3, 5 ժամ կգոռաք ու կգնաք, բայց թողեք հասկանանք»: Բնակիչների մի փոքր հանդարտվելուց հետո Ալեքսանդր Ղազարյանը տեղեկացրեց, որ քաղաքապետարանից իրենց տեղեկացրել են, թե Ֆիրդուսնոցի բնակիչների գործը քննող հանձնաժողով է ստեղծվել: Այս հայտարարությունը հնչեց պատերազմական համազարկի նման. հատկապես կանայք ռումբի պես պայթեցին. «Ո՞նց են է ստեղծել, երեկ ենք քաղաքապետարանից եկել, ոչ մի բան էլ չասեցին»:
Բնակիչների գրոհին չդիմացած կառավարականը թողեց բնակիչներին եւ մտավ շենք: Րոպեներ անց նույն այդ դռներից իր բարի դեմքով եւ բարեկիրթ ժպիտով դուրս եկավ «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը: Բնակիչները սա համարեցին կառավարականների խորամանկություն. «Գիտեն, որ ժողովուրդը ձեզ սիրում է, ուղարկել են, որ լռենք, բայց մեկ է, չենք լռելու», կուսակցության ղեկավարին դիմավորեցին բնակիչները: Լսելով նրանց` Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց. «Դուք ձեր խնդիրներով բարձրացնում եք մարդու իրավունքների խնդիրը, որը դրված է մեր սահմանադրության հիմքում: Եվ մենք ակնկալում ենք, որ կառավարությունն ու վարչապետը կվերանայեն նախորդ շրջանն ու կվերացնեն խութերը»:
Մինչ ժողովուրդը սիրալիր եւ ջերմորեն շփվում էր պատգամավորի հետ, ինչը բավական հազվադեպ եւ ուշագրավ բան է մեր երկրում, կառավարությունից անսպասելիորեն դուրս եկավ տարածքային կառավարման վարչության պետ Խաչատուր Վարդանյանը: Ժողովուրդը դեռ չէր հասցրել իր պահանջը ներկայացնել, տեղի ունեցավ հաջորդ միջադեպը: Վարչության պետը «Սեփականության իրավունքի պաշտպանություն» ՀԿ նախագահ Վաչագան Հակոբյանին ի լուր բոլորի «տեղեկացրեց». «Վաչիկ, դու սուս մնա, որովհետեւ դու 150 հազար դոլար ես ստացել»: Վերջ: Պայթեց հերթական ռումբը, սկսվեց իրարանցում, Վաչագան Հակոբյանը որոշեց, որ դատի կտա վարչության պետին նրա մեղադրանքի համար, վերջինս էլ իր հերթին խոստացավ ապացուցել իր ասածը: Վարչության պետն ասաց իր ասելիքը ու վերադարձավ կառավարություն: Ի վերջո, փոխքաղաքապետ Կարեն Վարդանյանը հանդիպեց բնակիչներին եւ նրանց հույս տվեց` ասելով, որ հանձնաժողով է ստեղծվել, որտեղ կընդգրկվեն նաեւ բնակիչներ, որն էլ կքննի նրանց գործը:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հ. Գ. Ի դեպ, այսօր ժամը 14-ին Կենտրոն-Նորք Մարաշ առաջին ատյանի դատարանում լսվելու է «Ֆիրդուսնոցի» 45 սեփականատերերի հայցը ընդդեմ ՀՀ կառավարությանՙ նրա կողմից իրենց սեփականությունները բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու մասին: