«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#110, 2007-06-13 | #111, 2007-06-14 | #112, 2007-06-15


ԺԲՐԱՆ ԽԱԼԻԼ ԺԲՐԱՆԻ «ՄԱՐԳԱՐԵՆ» ՊՈԵՄԻ ԱՐԵՎԵԼԱՀԱՅԵՐԵՆ ԱՌԱՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Լույս է տեսել Ժբրան Խալիլ Ժբրանի «Մարգարեն» պոեմի արեւելահայերեն առաջին թարգմանությունը:

«Մարգարեն» գրվել է անգլերենով, հրատարակվել Նյու Յորքում` 1923 թվականին: 1984 թ. բանաստեղծ Վահե-Վահյանի արեւմտահայերեն չափածո թարգմանության առաջաբանում նա գրում է գրքի աննախադեպ հաջողության` անգամ եկեղեցիներում պոեմը հատվածաբար ընթերցվելու մասին: «Ժբրականությունը կարգ մը շրջանակներու մեջ կառնէ կերպարանքը նոր աղանդի մը»: Երեւանում լույս տեսած գրքի առաջաբանում գրված է սակայն, որ գրքի հրատարակությունը գրեթե աննկատ է անցել, միայն Չիկագոյի Evening Post թերթը գրքույկն անվանել է «փոքրիկ Աստվածաշունչ» եւ շնորհավորել հեղինակին «ցինիկ մի ժամանակաշրջանում իդեալիստ լինելու խիզախության համար»:

Արաբական գրականության մեջ Ժբրան Խալիլ Ժբրանի առանձնահատկությունը թերեւս արեւմտյան մշակութային արժեքների, քրիստոնեական մտածողության եւ արեւելքի ինաստնությունների յուրատեսակ եւ վարպետ ներհյուսումն է, որ ուղեկցեց նրա ստեղծագործական ողջ ընթացքը: Խալիլ Ժբրանը ծնունդով Լիբանանի Բշարի գյուղից է, վաղ հասակից, սակայն, նա տեղափոխվեց Ամերիկա (Բոստոն), երկար տարիներ ապրեց Եվրոպայում` ունենալով մերձ շփումներ 20-րդ դարասկզբի եվրոպացի նշանավոր արվեստագետների հետ, ինչը որոշակիորեն ազդեցություններ ունեցավ նրա գեղարվեստական մտածողության, գրական ու նկարչական արտահայտչաձեւերի վրա, որոնք խորքում կրում էին արեւելքցուն բնորոշ հարուստ մարդկային եւ իմացական որակներ` հայեցողական աշխարհայացք ու կենսակերպ, մտասեւեռումներ` իրերի ներքին շերտերն ու աշխարհի թաքնված ճշմարտությունները ճանաչելու ձգտում: Խալիլ Ժբրանը գերմանացի փիլիսոփա Ֆրիդրիխ Նիցշեի համակիրներից էր, ազդվել է անգլիացի խորհրդապաշտ բանաստեղծ-նկարիչ Ուիլյամ Բլեյքից: Փարիզում Գեղեցիկ արվեստների դպրոցում ուսանելիս բախտ է ունեցել աշակերտելու մեծն Ռոդենին, որն էլ Խալիլ Ժբրանին համարել է «20-րդ դարի Բլեյք»: Նրա նկարչության պես Ժբրանի վրձնած կտավներին, մարդկային մերկ մարմիններին հատուկ են երազային, անիրական, մետաֆիզիկ զգացողություն-վիճակներ:

Խալիլ Ժբրանը իր հայրենիքում մերժված գրող էր. նրա «Ըմբոստ հոգիներ» եւ «Ձորի հավերժահարսեր» գրքերը այրվեցին Բեյրութի կենտրոնական հրապարակում: Երկար չապրեց գրողը, ընդամենը 48 տարի, սակայն թողեց գրական հարուստ ժառանգություն, արձակ եւ չափածո` գրված անգլերենով եւ արաբերենով` «Կոտրած թեւեր», «Խենթը», «Ռահվիրան», «Հիսուս, Մարդու որդի», «Երկրային աստվածներ», «Թափառականը», «Մարգարեի պարտեզը» եւ այլն:

Նրա ստեղծագործության պսակը «Մարգարեն» պոեմն է` գրված Արեւելքի միստիկական ուսմունքների եւ Աստվածաշնչյան ոգեղեն հզոր շնչով, որտեղ ներկա է նաեւ գրողի անհատական հոգեւոր փորձը եւ վերապրումը: Տիեզերքի անհունության, նրա հավերժական առեղծվածի առաջ շփոթահար, հուսահատ մարդուն մարգարեական խոսքի փոխանցում. սա է պոեմի գաղափարական իմաստը:

Այս տարվա հունիսի 7-ի «Ազգ» մշակույթ հավելվածում անդրադարձել ենք արաբ մտածողի ու գրողի ստեղծագործությանը` «Մարգարեն» պոեմի արեւելահայերեն պատրաստվելիք հրատարակության առիթով: Գիրքը լույս տեսավ վերջերս` Հայաստանում Լիբանանի Հանրապետության դեսպանատան նախաձեռնությամբ, հովանավորությամբ «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Փիեռ Ֆաթթուշի, աջակցությամբ «ՎիվաՍել» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի: Պոեմի` արեւմտահայերենից արեւելահայերենի փոխադրումը կատարել է Հովիկ Յորդեկյանը գրողի 100-ամյակի առիթով Անուշավան վրդ. Դանիելյանի, Խաչիկ Տետեյանի, Վազգեն Էթիեմեզյանի, Հրաչ Սարգիսյանի անգլերենից կատարած թարգմանությունից:

Ավելացնենք, որ «Մարգարեն» պոեմի արեւմտահայերեն ամբողջական առաջին թարգմանությունը կատարել է Սիսակ Վարժապետյանը (Բեյրութ, 1966 թ.), 1981-ին «Բագին» ամսագրում լույս է տեսել բնագրային ավելի հարազատ` Տ. Գարաճյանի թարգմանությունը: Վահե-Վահյանի բանաստեղծական թարգմանությունը հրատարկվել է 1984-ին, իսկ 1992-ին` Ստամբուլում Կ. Պոլսի հայոց պատրիարք Գարեգին արք. Գազանճյանի փորձը:

Երեւանյան արեւելահայերեն հրատարակությունը լույս է տեսել Հրաչ ավագ սարկավագ Սարգիսյանի առաջաբանով եւ Ժբրան Խալիլ Ժբրանի` Համաստեղի հեղինակած կենսագրությամբ: Էջադրումը կատարել է «Ազգ» թերթի աշխատակցուհի Կարինե Արզումանյանը:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4