«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#111, 2007-06-14 | #112, 2007-06-15 | #113, 2007-06-16


«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՕՍՄԱՆՅԱՆ ԴԻՆԱՍՏԻԱՅԻՑ ԱՆՑԱՎ ՍԱԼՈՆԻԿՑԻՆԵՐԻ»

Կրոնափոխ հրեա էր նաեւ Թալեաթ փաշան

Թուրքիայում PKK-ի գործունեության ակտիվացումը երկրորդ պլան է մղել վարչապետ Էրդողանի «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության հետ բանակի հովանավորությունը վայելող «աշխարհիկների» պայքարը: Քանի որ վերջիններս առաջնորդվում են քեմալական ազգայնականությամբ, ուստի երկրում քաղաքական ճգնաժամի պատճառ դարձած այս պայքարը հենց ճգնաժամի տեսքով անդրադառնում է նաեւ քեմալականության վրա:

Թեեւ դա չի հանգեցնում Քեմալ Աթաթուրքի կյանքի եւ գործունեության վրա դրված տաբուի վերացմանը, սակայն առանձին հեղինակներ նկատի առնելով վերջինի մերձակա շրջապատը, ժամանակակից Թուրքիան Օսմանյան կայսրության իրավաժառանգորդը համարելիս քեմալականներին էլ համարում են իթթիհադականների իրավահաջորդը: Այդ ընթացքում թուրքական որոշակի թերթեր քննության են ենթարկում ինչպես իթթիհադականների, այնպես էլ քեմալականների էթնիկ կազմը եւ պարզում, որ նրանց մեջ զգալի թիվ են կազմել սալոնիկցի հրեաները, որոնք սաբաթայական լինելու պատճառով մահմեդականությունն ընդունել էին առերեւույթ, թեեւ կոչվում են «դյոնմե», այսինքնՙ կրոնափոխ:

Այս ամենի առումով չափազանց ուշագրավ է «Ենի Ասիա» թերթի ապրիլի 26-ի համարում «Իշխանությունն Օսմանյան դինաստիայից անցավ սալոնիկցիներին» վերնագրով հոդվածը, որտեղ սալոնիկցի հրեա է համարվում հայ ազգի դահիճներից Թալեաթ փաշան, որին առհասարակ վերագրվում է ցիգանի կամ պոմակի (բուլղարական ցեղ) ծագում, իսկ քեմալականներին վերագրվում է սալոնիկյան ծագում: Ահա թե ինչ է գրել «Ենի Ասիա» թերթը:

«1909 թ. ապրիլի 27-ին, այսինքնՙ 98 տարի առաջ, երկիրն ապրում էր պատմական օրերից մեկը: «Մեջլիս-ի Մեբուսանի» որոշումով գահընկեց արվեց 30 տարի շարունակ օսմանյան գահին բազմած սուլթան Աբդուլ Համիդ 2-րդը: Գահընկեցության որոշումը պալատում նրան ներկայացնող 4 հոգանոց պատվիրակության մեջ չկար ոչ մի թուրք:

Պատվիրակությունը գլխավորում էր ծագումով հրեա, Սալոնիկի պատգամավոր Էմանուել Կարասոն: Պատվիրակության մյուս անդամներն էին Արամ Էֆենդին (հայ), Էսաթ Թոփթանի փաշան (ալբանացի), Արիֆ Հիքմեթ փաշան (վրացի): Իսկ ցնցող եւ ուշագրավ զարգացումը հետեւյալն էր. սուլթանին գահընկեց անելու եւ այդ նպատակով խորհրդարանի արտակարգ նիստ գումարելու գլխավոր դերակատարը Մեջլիսի փոխնախագահ Թալեաթ (Բեյ) փաշան էր, որը 8 տարի հետո դառնալու էր մեծ վեզիր:

Իթթիհադ վե Թերաքքի կոմիտեի քաղաքական առաջնորդ Թալեաթ Բեյը ե՛ւ մասոն էր, ե՛ւ Սալոնիկի «դյոնմեներից»: Սալոնիկցի հրեայի ձեռքից ստացած փաստաթղթով գահից զրկված օսմանյան սուլթանը ձերբակալվեց հենց սալոնիկցիների ձեռքով, որոնք էլ նրան տարան Սալոնիկ եւ այնտեղ բանտարկեցին: Դա ուղղակի ազդանշան էր հետեւյալ իմաստով. «Ո՜վ օսմանյան սուլթան, այսուհետեւ դու մեր բնակավայրում ես բանտարկվում, իսկ մենք նստում ենք քո գահին»: Սա առաջին դեպքն էր, երբ գահընկեց արված օսմանյան սուլթանը բանտարկվում էր Ստամբուլից դուրս:

Մինչեւ Բալկանյան պատերազմը (1912) Սալոնիկում բանտարկված Սուլթան Աբդուլ Համիդը, այնուհետեւ Ստամբուլ բերվեց եւ կալանքի ենթարկվեց «Բեյլերբեյի» պալատում: Իսկ նրան այդ կացության մեջ գցող մասոն, մեծ վեզիր Թալեաթ Բեյը էլ ոչ մահ, աղետ եւ փորձանք չթողեց, որ բերի օսմանյան մահմեդական ազգի գլխին:

482 տարի օսմանյան գերիշխանության տակ գտնվող Սալոնիկը 1912 թ. ծագած Բալկանյան պատերազմի ընթացքում դուրս մնաց կայսրության սահմաններից: Քաղաքում բնակվող 100 հազար հրեաների (20 հազարը «դյոնմե», այսինքնՙ սաբաթայական էին) աննշան մասը գաղթեց Եվրոպա, իսկ մեծամասնությունը եկավ եւ հաստատվեց Թուրքիայում, բնակեցնելով գլխավորապես Ստամբուլն ու Իզմիրը:

Ահա ժամանակին իբրեւ գաղթական օսմանցիներին ապաստանող հրեաները կարողացան դառնալ 1909 թ. իշխանափոխության ամենաակտիվ դերակատարները: Այս ուսանելի փորձությունը պետք է բնութագրել «սնուցիր ագռավին, որ աչքդ հանի» թուրքական ասացվածքով:

Սալոնիկցիները, օգտվելով 1909 թ. ապրիլի 13-ի, այսպես կոչված, խռովությունից, որն իրականում սադրանք էր, նույն օրը Սալոնիկում կազմավորեցին երիտթուրքական «Գործողությունների» բանակը, նշանակելով նույնիսկ նրա շտաբի կազմը, իսկույն շարժվեցին Ստամբուլի վրա: Ապրիլի 23-ին Ստամբուլ մուտք գործած այս բանակի առաջին գործը կառավարությանն ու Մեջլիսին միջամտելը եղավ: Մեջլիսում ամենաազդեցիկ դիրքը հանձնվեց իթթիհադականների առաջնորդ, սալոնիկյան ծագումով Թալեաթ Բեյին: Նա էլ, առաջնահերթ նշանակությամբ, ստիպեց, որ Մեջլիսն ընդունի Աբդուլ Համիդին գահից զրկելու որոշումը: Զավեշտական է, որ գահընկեցության այդ որոշումը ինքնակալին ներկայացրեց սալոնիկցի հրեայի գլխավորած պատվիրակությունը:

Պատմիչ Բեդի ուզ Զամանը 1909-ի պատմական այս դեպքը բնութագրում է «սուլթանական իշխանության փոխանցումը» արտահայտությամբ: Այն պատճառով, որ Աբդուլ Համիդից հետո գահ բարձրացած սուլթաններին անհնար է որպես ինքնակալ դիտելը: Աբդուլ Համիդից հետո սուլթանական իշխանությունը թեւաթափ արվեց, դարձավ կամազուրկ եւ սուլթանները նսեմացվեցին: Այսպիսով, Մեհմեդ Ռեշադ 5-րդն ու Մեհմեդ Վահդեթդին 6-րդը չկարողացան ձերբազատվել զինվորականների, իթթիհադականների եւ հատկապես սալոնիկցիների ստվերում գոյատեւելու տհաճ պարտականությունից:

Ի դեպ, 1922-ին սուլթանության վերացումն ու օսմանյան դինաստիայի բոլոր անդամների արտաքսումը երկրից նույնպես կատարվեց սալոնիկյան ծագումով գործիչների հրամանով եւ կամքով»:

Հ. ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4