Միայն թե քանի՞ մեսխեթցի կցանկանա գնալ Վրաստան
Վրաստանի իշխանությունները մտադրվել են 2008 թվականից սկսել երկրի հարավային տարածաշրջանից` Սամցխե-Ջավախեթից 1944 թ.-ին բռնի տեղահանված մուսուլման-մեսխեթցիների վերաբնակեցման գործընթացը: Ինչպես տեղեկացնում է «Civil.ge» կայքէջը, այդ գործընթացի կարգավորման կարգը սահմանվել է իշխող ֆրակցիայի` Ազգային շարժման նախաձեռնած օրինագծով` «ապահովելու արժանապատիվ եւ կամավոր վերադարձ»:
Բազմիցս հայտարարվել ու ընդգծվել է հայաբնակ Սամցխե-Ջավախեթի թուրք-մեսխեթցիների վերադարձի հավանական վտանգավորության ու ընդհանրական առումով բնավ էլ ոչ բնակության նախկին վայր մեսխեթցիների վերադարձման դժվարության մասին: Ամեն դեպքում, օրինագծի առնչությամբ հնչած կարծիքներում չի նշվում թուրք-մեսխեթցիներին հայաբնակ տարածաշրջանում վերաբնակեցնելու վտանգավորությունն ու անհեռանկարությունը:
Օրինագծի ուշացման բոլորովին այլ պատճառ է նշվում, մասնավորապես որ մուսուլման-մեսխեթցիների վերադարձը Վրաստան լրացուցիչ խնդիրներ կստեղծի, քանի որ դեռեւս չի կարգավորվել Աբխազիայից եւ Ցխենվալի շրջանից ներքին տեղահանվածների հարցը: Հենց ներքին տեղահանվածների հարցն էր պատճառը, որ վրաց իշխանությունները հետաձգում էին այս օրինագծի ընդունումը, որը Եվրոպայի խորհրդի առջեւ ստանձնած պարտավորություններից մեկն է` իրագործման ենթակա մինչեւ 2011 թվականը:
Օրինագծի նախաձեռնողները գործընթացի արագացման մեկ այլ պատճառ էլ են նշում, մասնավորապես Վրաստանի ՆԱՏՕ ինտեգրվելու ցանկությունը: Ամեն դեպքում, Վրաստան վերադարձող հայրենադարձի կարգավիճակի տրամադրումը կլինի 2008 թ. հունվարի 1-ից մինչեւ 2009 թ. հունվարի 1-ը Վրաստանի հյուպատոսություններում այն երկրներում, որտեղ բնակվում են մեսխեթցիները:
Հետաքրքրական է, որ, ըստ Վրաստանի խորհրդարանական մեծամասնության, պետությունը որեւէ ունեցվածքային կամ ֆինանսական պարտավորություն իր վրա չի վերցնում հայրենադարձների հանդեպ: Ընդ որում, առայժմ չկա նաեւ որեւէ միջազգային կառույց, որ հնարավոր է մտադրություն ունենա ֆինանսական օգնություն տրամադրել մեսխեթցիներին: Վրաստանը որեւէ կերպ օրինագծում պատասխան չի տալիս նաեւ վերաբնակեցվողների տեղաբաշխման հարցին, առավել եւս համատեղ:
Ներկա դրությամբ հարցն ավելի շուտ եւ մեծապես վերաբերում է Վրաստանի քաղաքացիություն տրամադրելուն: Պարզեցված կարգով քաղաքացիություն ստանալուց հետո վերաբնակիչները կօգտվեն քաղաքացուն վերապահվող բոլոր իրավունքներից, այսինքն` կարող են որպես բնակության վայր ընտրել ուզած տարածաշրջանը Վրաստանում:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ