«Արմինյն օբզերվըր» թերթի հունիսի 6-ի համարում վերոհիշյալ վերնագրի ներքո տպագրված Սանտա Անսից (Կալիֆոռնիա) Պետրոս Քոչյանի հոդվածը ստորեւ ներկայացնում ենք թարգմանաբար:
Հոդվածն ավելի ճիշտ կլիներ, երեւի, վերնագրել «Մեթյու Բրայզան եւ մյուս միջնորդները հաջողությամբ կամ շահադիտականորեն հարկադրում-համոզում են Հայաստանին հանձնվել-կապիտուլյացիայի ենթարկվել»: Սա ԵԱՀԿ Մինսկի խմբի այդ նույն Բրայզան է, որ ավելի վաղ այս տարի, ըստ ադրբեջանական «Ազերթաջ» գործակալության հաղորդագրության, նշել էր. «Մենք ձգտում ենք մշակել ծրագրեր, որոնք Արեւելք-Արեւմուտք միջանցքի բոլոր երկրներին կմիացներ իրար»: Նա իր խոսքն ավարտել էր ասելով. «Եթե Ադրբեջանը, Վրաստանը եւ Թուրքիան ցանկանում են երկաթգիծ կառուցել (որը կշրջանցի Հայաստանը- Պ. Ք.) բնականաբար մենք դեմ չենք լինի»: Ես չեմ հասկանում, ի՞նչ է նշանակում «բնականաբար» բառը: Իմ մեկնաբանությամբ դա նշանակում է, որ մենքՙ ամերիկացիներս կույր, խուլ ու համր ենք ձեւանալու եւ թույլ ենք տալու, որ Թուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանը Հայաստանին դարձնեն տնտեսապես անկենսունակ, որպեսզի հետագայում դադարի գոյություն ունենալուց: Կարեւորն այն է, որ մենք չենք ֆինանսավորում այդ ծրագիրը»:
Եթե Բրայզան եւ իր խումբը այդքան հմուտ միջնորդներ են, թող առաջին հերթին Թուրքիային համոզեն, որ վարձահատույց լինի Հայոց ցեղասպանությունը գործելու, պատմական Հայաստանի ինը տասներորդ մասին անօրինականորեն տիրանալու, մինչեւ օրս շարունակվող անթիվ-անհամար քայքայիչ գործողությունների, իննսուներկու տարի անպատիժ մնալու եւ վերջապես իննսուներկու տարի անընդմեջ հայոց արյունով ներծծված հողերից օգտվելու դիմաց: Ավելին, թող նրանք պարտադրեն Մ. Նահանգների վարչակազմին պաշտոնապես ճանաչելու Հայոց ցեղասպանությունը, փոխանակ այդ փաստը բնորոշող անթիվ-անհամար մոտավոր բառեր որոնելու:
Մայիսի 30-ին ռուսական «Ռեգնում» գործակալությանը տված հարցազրույցում ռազմավարական ուսումնասիրությունների «Արարատ» կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանն ասել է.
«Այսպիսով, ազատագրված տարածքները մեր օրերի Հայաստանի համար միջազգային հեղինակության եւ աշխարհաքաղաքական կշռի երաշխիքներ են: Դրանք մեր ռազմական, սննդի, ջրի եւ էներգետիկ ռեսուրսների, ինչպես նաեւ հոգեբանական եւ ժողովրդագրական գործոնների անվտանգության նախապայմաններ են, անբաժան մասը մեր Հայկական լեռնաշխարհիՙ պատմական եւ մշակութային առումներով: Դրանք նաեւ միջոց են վերականգնելու պատմության ընթացքում հայերի խաթարված հոգեվիճակը: Վերջապես դրանք արդար, սակայն, ավաղ, շատ չնչին, փոխհատուցում են, այն էլ հայկական արյունով ձեռք բերված փոխհատուցումՙ թուրքերի եւ ադրբեջանցիների իրականացրած ցեղասպանությունների հետեւանքով մեզ բաժին ընկած տարածքային, մշակութային, նյութական եւ մարդկային կորուստների եւ տառապանքների դիմաց»:
Ալիեւն ու Ադրբեջանն առաջին հերթին պետք է Հայաստանինՙ օրինական տիրոջը վերադարձնեն Նախիջեւանի անօրինաբար ձեռք բերած տարածքը: Նրանք պետք է հայերին փոխհատուցեն արցախյան պատերազմը սկսելու եւ տասնյակ հազարավոր մարդկանց մահվան եւ զանգվածային ավերածությունների դիմաց: Նաեւ հարյուր հազարավոր հայերի ունեցվածքին տիրանալու կամ նրանցից բռնագրավելու դիմաց: Մենք պետք է մոռանանք, որ մենք ադրբեջանցի փախստականներին երբեւէ կթույլատրենք վերադառնալ մարտավարական տեսակետից կարեւոր արցախյան շրջակա տարածքները: Նրանք պետք է մոռանան նաեւ մեկ ուրիշ հանրաքվե անցկացնելու մասին, քանի որ, հիշեցնենք, եթե անտեղյակ են կամ մոռացել են, 1991 թ. սեպտեմբերի 2-ին ինքնավար Արցախի (Լեռնային Ղարաբաղի) ժողովուրդըՙ դեռեւս գտնվելով Ադրբեջանի լուծի ներքո, պաշտոնապես հայտարարեց, որ հանրաքվե է անցկացնելու, նույն թվի դեկտեմբերի 10-ին անցկացրեց այդ պաշտոնական հանրաքվեն եւ անկախությունը ընտրեց: Այնպես որ պաշտոնական հանրաքվեն արդեն տեղի ունեցել է, մարդիկ հստակորեն եւ բարձրաձայն արտահայտվել են անկախության օգտին: Դրանով այդ հարցը լուծված պետք է համարել:
Ութ տարի առաջ Կոսովոյում 48 ալբանացիների սպանությունը շրջադարձային փուլ դարձավ, որպեսզի Մ. Նահանգների առաջնորդությամբ ՆԱՏՕ-ն օգնության հասնի ալբանացիներին: Ըստ «Լոս Անջելես թայմս» թերթի այս տարվա հունիսի 5-ի համարի, «Որոշակիորեն հստակ է, որ Կոսովոն անկախություն կստանա: Մ. Նահանգների եւ Եվրոպայի մեծամասնության կողմից անամոթաբար պաշտպանված եւ հիմնականում էթնիկ ալբանացի մահմեդականներով բնակեցված անջատողական այդ տարածքին ամենայն հավանականությամբ առաջիկա շաբաթների ընթացքում կթույլատրվի դուրս գալ Սերբիայի կազմից»:
Հունիսի 10-ին, Ալբանիա կատարած իր այցելության օրերին, նախագահ Բուշը կոչ արեց շտապ միջոցներ ձեռք առնել Կոսովոն անկախ պետություն հռչակելու ուղղությամբ: Նա նաեւ նշեց, որ Կոսովոյի կարգավիճակը փոխելու դիվանագետների ջանքերն անհաջողություն կրեցին, բայց «վաղ թե ուշ դուք պետք է ասեք, որ բավական է, Կոսովոն անկախ է եւ վերջ պետք է դրվի շարունակական քաշքշուկին»:
Այստեղ զարմանալ կարելի է, թե ինչու Բուշը նույնպիսի պաշտպանություն չի ցուցաբերում Արցախի հարցում, որը հարյուր տոկոսով բնակեցված է քրիստոնյա հայերով, որոնք առանց Մ. Նահանգների կամ ՆԱՏՕ-ի զորքերի օգնության ազատագրեցին այդ տարածքը: Թե՞ նա դարձյալ իրեն հատուկ լեզվի սայթաքումով շփոթում է Ալբանիա եւ Արմենիա բառերը, որոնք ընդամենը երեք տառերի տարբերություն ունեն:
Արցախյան բանակցություններում միջնորդները ստիպում են մեզ դատարկ խոստումների փոխարեն զիջել ազատագրված տարածքները, թույլատրել ադրբեջանցիներին վերադառնալ եւ իրենց հետ անօրինականորեն բերել հազարավոր ուրիշների, եւ տասը տարի անց, կամ ավելի վաղ, դառնալով մեծամասնություն, անցկացնել մեկ ուրիշ հանրաքվե եւ պարզել, որ Արցախն այլեւս չի ցանկանում անկախանալ: Այդ ժամանակ Մ. Նահանգները եւ ուրիշներ անմիջապես «հավանություն» կտան եւ հարցը կփակվի:
Եթե մեր կառավարությունը կամ մենք ընդհանրապես թույլ տանք նման բան, ապա դա կլինի Հայաստանի վերջի սկիզբը, առավել վատ մի իրադարձություն, քան Սեւրի պայմանագիրը Լոզանի պայմանագրով փոխարինելը:
Որպես եզրակացություն նշենք, որ մեր կառավարության պարտականությունն է պաշտպանել Հայաստանը եւ հայերին բոլոր տեսակի թշնամիներից, կեղծ բարեկամ-ընկերներից եւ խարդախ միջնորդներից: Ես դեռ երազում եմ տեսնել մի երկիր, որը հետամուտ կլինի անօրինականորեն գրավյալ տարածքները հետ ստանալու պահանջ ներկայացնելու եւ ոչ թե ազատագրված տարածքները հանձնելու: Զարմանում եմ, որ բանակցությունների ընթացքում մեր կառավարության ներկայացուցիչները համր ձեւանալով չեն բարձրացնում Նախիջեւանի կամ պատմական Հայաստանի այլ տարածքների վերադարձի հարցը: Նրանք պետք է իմանան, որ «ինչքան շատ զիջենք, այնքան շատ են մեզանից պահանջելու եւ վերցնելու», եւ կանգ չեն առնելու մինչեւ իրականություն չդառնա պանթուրքիզմի իրենց նպատակը:
Չէի կարծում, որ դարձյալ կդիմեմ նախագահ Բուշի խոսքերին, բայց կցանկանայի, որ նա ասած լիներ. «Վաղ թե ուշ դուք պետք է ասեք, որ բավական է, Ղարաբաղն ու ազատագրված տարածքների մեծ մասը անկախ է, եւ վերջ պետք է դրվի շարունակական քաշքշուկին»:
Եթե Բրայզան եւ մյուս միջնորդներն իրոք արդյունավետ աշխատանք են ուզում կատարել, նրանք պետք է դադարեցնեն անարդար, միակողմանի բանակցությունները եւ ստիպեն Թուրքիային վարձահատույց լինել իրենց նախնիների անասելի ոճրագործությունների համար:
Թարգմանեց Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ