Վրաստանի կառավարությունը ֆրանսիական «Արեւա» ընկերության հետ երկրում ատոմային էլեկտրակայանի հնարավոր շինարարության խորհրդակցություններ է սկսում: Ֆրանսիայում Վրաստանի դեսպան Մամուկա Կուդավան, «Նովոստի գրուզիի» գործակալության տեղեկացմամբ, հայտարարելով այս մասին նշել է, որ էներգետիկ հարցերի քննարկումը թեմա է եղել նաեւ Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլու Ֆրանսիա այցելության ժամանակ երկրի նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ հանդիպմանը, որից, ի դեպ, Սաակաշվիլին վերադարձել էր մեծապես տպավորված:
Վրաց դեսպանի տեղեկացմամբ, ներկա դրությամբ խոսքը կոնկրետ նախագծի մասին չէ: Ֆրանսիացի մասնագետները կլինեն Վրաստանում, կուսումնասիրեն տեղի պայմանները եւ վրացի գործընկերների հետ կմշակեն տեխնիկական երաշխավորություններ: Հետաքրքրական է, որ Կուդավայի տեղեկացմամբ, այդ ուղղությամբ խորհրդատվություններ են իրականացվում նաեւ էներգետիկ համագործակցության առումով Վրաստանի հարեւան գործընկեր-երկրների հետ:
Միեւնույն ժամանակ Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելին երեկ հայտարարել է, որ Վրաստանի տարածքում ատոմային էներգետիկ ռեակտոր կառուցելու հարցն ավելի շատ կախված է Հայաստանից, քան Վրաստանից: Ըստ Նողաիդելու, Հայաստանում արդեն իսկ գոյություն ունեցող միջուկային ռեակտորի նորով փոխարինման հարց է դրված, եւ թե ինչ որոշում կընդունի Հայաստանը, դրանից էլ կելնի Վրաստանը:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ