«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#112, 2007-06-15 | #113, 2007-06-16 | #114, 2007-06-19


ՂԱՐԱԲԱՂԻ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԲԱՐԻ, ՀՈԳԱՏԱՐ ԵՎ ՓՈՐՁԱՌՈՒ ՆԱԽԱԳԱՀ Է ՈՒԶՈՒՄ

ԼՂՀ նախագահական ընտրություններում հիմնական պայքարը երկուսի միջեւ է լինելու

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Ղարաբաղի ժողովուրդը նախընտրական շրջանում գրեթե նույն վիճակում է, ինչ հայաստանցիներս նախընտրական իրավիճակներում: Այս համոզմանն է «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը, ով օրեր առաջ Ղարաբաղից Հայաստան է եկել ԼՂՀ նախագահական ընտրությունների առիթով կատարած իր սոցիոլոգիական հարցման արդյունքներով, ինչը երեկ ներկայացրեց «Ուրբաթ» ակումբում: Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահական ընտրություններում, որը կայանալու է հուլիսի 19-ին, մասնակցում են 5 հոգի` Արմեն Աբգարյանը, Վանիկ Ավանեսյանը, Հրանտ Մելքումյանը, ԼՂՀ փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանը եւ ԼՂՀ Ազգային անվտանգության ծառայությանՙ այժմ արդեն նախկին ղեկավար Բակո Սահակյանը, ով էլ ընկալվում է իշխանությունների` մասնավորապես նախագահ Արկադի Ղուկասյանի նախընտրած թեկնածուն:

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի կարծիքով, Ղարաբաղում, ինչպես եւ Հայաստանում, բնակչության 30 տոկոսը ընտրություններով չի հետաքրքրվում: Ղարաբաղի նախագահական ընտրություններին մասնակից 5 թեկնածուներն էլ քարոզչության լավագույն միջոցը համարում են հեռուստատեսությունը, սակայն հայաստանյան հանրային հեռուստաընկերությանը, սոցիոլոգի հավաստմամբ, ղարաբաղցիները քիչ են վստահում եւ ավելի շատ հավատում են իրենց տեղական հեռուստաընկերությանը: Մյուս նմանությունը, որ հասցրել էր «հայտնագործել» սոցիոլոգը հետեւյալն է` իշխանության հավանական թեկնածուի համար զորեղ է ներկա նախագահի գործոնը:

Այս «հայտնագործությունը» հավանաբար հիմնավորելու համար սոցիոլոգը նախագահ Արկադի Ղուկասյանի բնութագրի մասին էլ հարցում է արել, ըստ որի էլ պարզել է, որ նախագահին հիմնականում դրական է վերաբերվում ղարաբաղյան հասարակության 60 տոկոսը:

Ստեփանակերտի, 6 մարզկենտրոնների եւ 11 խոշոր բնակավայրերի հազար չափահասների շրջանում սոցիոլոգիական հարցումը իրականացվել է հունիսի 10-ին, ընդ որում հազարից 3 հարյուրը հրաժարվել են հարցմանը մասնակցելուց: Ըստ սոցհարցման, այդ 7 հարյուր մասնակիցների, սոցիոլոգը ստացել է հետեւյալ պատկերը` միանշանակ անցողիկ է Բակո Սահակյանը, նրան մրցակից է փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանը, իսկ մյուս երեքը բավական ցածր հնարավորություններ ունեն: Ի տարբերություն 7-10 տարի առաջվա իրավիճակի, այսօր, սոցիոլոգի խոսքով, այնքան կարեւորություն չունի արցախյան շարժմանը նախագահի թեկնածուի մասնակցած լինելու հանգամանքը, ինչը մի 10 տարի առաջ որպես զոհաբերություն էր ընկալվում: Հարցվողները այս անգամ կարեւորել են, որ իրենց նախագահը լինի բարի, հոգատար ու փորձառու: Ադիբեկյանի խոսքով, այսօր Ղարաբաղի հասարակությանն ավելի շատ հմուտ, բարի, մարդկային, ժողովրդի հոգսերով հետաքրքրված նախագահ է պետք, որը կկարողանա լուծել երկրի առջեւ ծառացած խնդիրները, կկարողանա աճեցնել Ղարաբաղի տնտեսական հաջողությունը:

«Ազգի» հարցին, թե երկու հիմնական թեկնածուները` Բակո Սահակյանն ու Մասիս Մայիլյանը ի՞նչ հատկանիշներով են իրարից առաջ անցնում, Ահարոն Ադիբեկյանը պատասխանեց, որ փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանը Բակո Սահակյանից առաջ է անցնում գրագիտությամբ, քանի որ նա ավարտել է Վիեննայի դիվանագիտական ակադեմիան, ինչը գրավում է սոցիալական խնդիրներ չունեցող եւ կրթական բարձր մակարդակ ունեցող հատվածին: Բակո Սահակյանն էլ իր մրցակցից առաջ է անցնում ղեկավարի հմտություններով եւ փորձով:

Հարցվածների 90 տոկոսը Ղարաբաղի ապագան տեսնում է կամ անկախ, կամ Հայաստանի կազմում, 8 տոկոսը պատրաստ է հանուն այդ անկախության տարածքների զիջման գնալ, իսկ 2 տոկոսը կարծիք չունի: Ադիբեկյանի վստահեցմամբ, ղարաբաղյան հասարակությունը նշված ցանկության (Ղարաբաղը անկախ կամ Հայաստանի կազմում) իրականացումը կապում է Բակո Սահակյանի հետ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4