«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#112, 2007-06-15 | #113, 2007-06-16 | #114, 2007-06-19


ԵՎՐՈՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ ՉՀԱՍԱՎ

Հայաստանի վարչապետի հետ հանդիպմանն էլ Ալիեւի ռազմատենչությունը փորձել է բացատրել ադրբեջանական ԶԼՄ-ների գործելաոճով

Հարավային Կովկասում Եվրոմիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին Երեւանում մի շարք հանդիպումներից հետո պիտի մեկներ Լեռնային Ղարաբաղ, որտեղ հունիսի 17-ին նախատեսված էին նրա հանդիպումները ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի, ԱԳՆ ղեկավար Գեորգի Պետրոսյանի եւ ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Սակայն Սեմնեբին չհասավ Ղարաբաղ, թեեւ հաղթահարել էր ճանապարհի կեսը:

Առանց Հարավային Կովկասում Եվրոմիության հատուկ ներկայացուցչի Ստեփանակերտ հասած նրա քաղաքական խորհրդականներ Մարկ Ֆոսեթը եւ Կաուպ Կանդը որեւէ կերպ չեն բացատրել Պիտեր Սեմնեբիի հապշտապ վերադարձը Երեւան: Նրանք միայն ընդգծել են, որ Սեմնեբին անպայմանորեն մոտակա ժամանակներս կայցելի Ղարաբաղ:

Ստեփանակերտ հասած եւ հանդիպումներ ունեցած խորհրդականները տեղեկացրել են, որ քննարկել են սոցիալ-տնտեսական ու հասարակական-քաղաքական բնույթի տարբեր հարցեր: Եվրոմիության ներկայացուցիչների խոսքերով, ԵՄ-ը կողմերի համաձայնության դեպքում կարող է միանալ ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացին` խնդիր դնելով ապահովել մարդկային հաղորդակցությունը, շփումը հակամարտության գոտում:

Ամեն դեպքում, մինչ Հայաստանը լքելը Եվրոմիության Հարավային Կովկասում հատուկ ներկայացուցիչը Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը մայիսի 12-ի խորհրդարանական ընտրությունները բնորոշել է «մեծապես ազատ եւ արդար»: ԵՄ-Հայաստան գործողությունների ծրագրի ընդունումից հետո Հայաստանը տարածաշրջանի երեք երկրներից առաջինն էր, որտեղ անցկացվեցին ընտրություններ: «Հայաստանն այդ ընտրություններով օրինակ կարող է դառնալ հարեւանների համար», Հայաստանի կառավարության կայքէջի համաձայն, ընդգծել է Պիտեր Սեմնեբին:

Հանդիպմանը Սեմնեբին եւ Սարգսյանը հանգամանորեն խոսել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի մասին: Եվրոմիության ներկայացուցիչը նշել է, որ ԵՄ-ն շարունակում է մեծապես հետաքրքրված լինել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացով, ոչ միայն այն պատճառով, որ Հայաստանն ու Ադրբեջանը ԵՄ-ի համար կարեւոր գործընկերներ են, այլեւ վստահության մթնոլորտ ստեղծելու եւ ավելի մեծ օժանդակություն ցուցաբերելու նպատակադրմամբ:

Վարչապետ Սերժ Սարգսյանը ցավով է նշել, որ Ադրբեջանի նախագահի պարբերաբար հնչող ռազմատենչ հայտարարությունները, տարեցտարի պետական բյուջեում ռազմական ծախսերի մեծացումն, ի տարբերություն Հայաստանի լավատեսություն ներշնչող կառուցողական մոտեցման եւ խաղաղ բանակցային ճանապարհով հակամարտությունը լուծելու դիրքորոշման, միայն հոռետեսությամբ են համակում. «Եթե Ադրբեջանն իսկապես տրամադրված է փոխզիջումների եւ հակամարտության խաղաղ ճանապարհով լուծմանը, ապա ինչո՞ւ այդ երկրի իշխանությունները նման դիրքորոշումը հաստատող հրապարակային հայտարարություններ չեն անում, այլ գործում են հակառակ տրամաբանությամբ, թերեւս մտածելով, որ ուժի դիրքից հանդես գալով կստիպեն արագ եւ հօգուտ իրենց փաստաթուղթ ստորագրել: Այդ մոտեցումը դատապարտված է»:

Ըստ Սարգսյանի, դժվար է պատկերացնել, թե ռազմատենչ հայտարարություններ անող Ադրբեջանի նախագահը բանակցություններում փոխզիջումային համաձայնության գալու պարագայում, ինչպե՞ս է ժողովրդին բացատրելու իր հայտարարությունների իմաստը: Հայաստանի վարչապետը հիշեցրել է նաեւ, որ ԼՂՀ-ում առաջիկայում պատրաստվում են նախագահական ընտրությունների, եւ իր ընտրությունը կատարած Արցախի ժողովուրդը, պարզ չէ, թե նորընտիր նախագահին ի՞նչ պատվիրաններ է տալու եւ ըստ այդմ, ինչպիսի՞ դիրքորոշմամբ է հանդես գալու ԼՂՀ նախագահը:

ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին, կիսելով ՀՀ վարչապետի մտահոգությունը ադրբեջանական ռազմաշունչ քարոզչության առնչությամբ, փորձել է դա բացատրել ադրբեջանական ԶԼՄ-ների գործելաոճով, ասելով, թե վերջին շրջանում Ադրբեջանի նախագահ Ալիեւի մոտեցումներում նման դիրքորոշում կարծես չկա:

Սերժ Սարգսյանը հանդիպմանը վերահաստատել է Հայաստանի դիրքորոշումըՙ շեշտելով, որ փոխզիջումը որեւէ մեկը չպետք է ընկալի որպես միակողմանի զիջում եւ պետք է հասկանալ, որ հակամարտությունը լուծելու խելամիտ որեւէ այլ ճանապարհ, քան փոխզիջումըՙ չկա: Ըստ վարչապետի, Հայաստանը պատրաստ է տարբեր մակարդակով շփումների ակտիվացմանն ու վստահության մթնոլորտի ստեղծմանը, սակայն, ցավոք, մինչ այժմ նման դրական ազդակներ ադրբեջանական կողմից չեն եղել:

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4