«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#112, 2007-06-15 | #113, 2007-06-16 | #114, 2007-06-19


ՍԵՄՆԵԲԻԻ ՓՈԽԱՐԵՆՙ ՆՐԱ ԽՈՐՀՐԴԱԿԱՆՆԵՐԸ

Անցյալ շաբաթավերջին նախատեսված էր Հարավային Կովկասի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբիի այցը Ղարաբաղ, սակայն այն չկայացավ: Համենայնդեպս, այդ մասին նախապես իրազեկել էին լրագրողներին, նույնիսկ հայտարարվել էր, որ պարոն Սեմնեբին կիրակի օրը հանդիպելու է լրագրողների հետ, բայց պարզվեց, որ Ստեփանակերտ են ժամանել միայն վերջինիս քաղաքական գծով խորհրդականներ Կաուպո Կանդը եւ Մարկ Ֆասեթը:

Տեղի ունեցավ նրանց հանդիպումը ԼՂՀ քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, որին լրագրողները, հյուրերի խնդրանքով, մասնակցեցին միայն «արձանագրային» մասով: Լրագրողներն ընդամենը տեղեկացվեցին, որ ԵՄ ներկայացուցիչների այցը նպատակ ունի նախապատրաստել Փիթեր Սեմնեբիի այցը, որը ԵՄ փորձագետների խոսքովՙ պետք է տեղի ունենա առաջիկայում: Նրանք հրաժարվեցին մեկնաբանել Փիթեր Սեմնեբիիՙ Ստեփանակերտ չժամանելը:

Միեւնույն ժամանակ, ինչպես հայտնում են ԼՂՀ նախագահի մամլո ծառայությունից, հունիսի 16-ին ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանն ընդունել է Փիթեր Սեմնեբիի խորհրդականներ Մարկ Ֆասեթին եւ Կաուպո Կանդին:

Այցի նպատակը ղարաբաղյան կողմի` ԵՄ կողմից տարածաշրջանում մարդասիրական եւ վերականգնողական ծրագրերի ընդարձակման հեռանկարների վերաբերյալ ղարաբաղյան կողմի հնարավոր մոտեցումների եւ առաջարկների ուսումնասիրությունն էր: Փորձագետները նշել են, որ Լեռնային Ղարաբաղում իրականացվելիք աշխատանքների, ինչպես նաեւ հակամարտության տարածաշրջանում փոխադարձ վստահության հաստատմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ հարցերի առարկայական քննարկումը տեղի կունենա Փիթեր Սեմնեբիի` Ստեփանակերտ կատարելիք այցի շրջանակներում:

Հյուրերի խնդրանքով Արկադի Ղուկասյանն անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջը ԼՂՀ ղեկավարության դիրքորոշմանը, ինչպես նաեւ ներկայացրել պաշտոնական Ստեփանակերտի մոտեցումները եվրոպական կառույցների հովանու ներքո Ղարաբաղում մարդասիրական եւ այլ ծրագրեր իրականացնելու հեռանկարների վերաբերյալ:

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4