«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#113, 2007-06-16 | #114, 2007-06-19 | #115, 2007-06-20


ՎԱՐԴԱՆ ՏՈՂԱՆՅԱՆ. ՄԻՋԻՆ ԱՍԻԱՆ ՀԵՌՈՒ ՉԷ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ

Արդեն հինգերորդ տարին Մոսկվայում լույս է տեսնում «Եվրազիա» ամսագիրը, որը պրոֆեսիոնալ կերպով լուսաբանում է Միջին Ասիայի պետությունների քաղաքական, տնտեսական, հոգեւոր, մշակութային կյանքը, նրանց հարաբերություններն արտաքին աշխարհի հետ, տալիս է իր գնահատականները:

Հանդեսը, ինչպես նաեւ մի շարք այլ լրատվամիջոցներ, հրատարակում եւ Ռուսաստանում ու ԱՊՀ երկրներում տարածում է մեր հայրենակից, «Եվրասիական մեդիա» ընկերության տնօրեն, քաղաքագիտության դոկտոր Վարդան Տողանյանը, որն էլ մեր այսօրվա հյուրն է:

- Պրն Տողանյան, Միջին Ասիան հեռո՞ւ է Հայաստանից:

- Ես չէի ասի, պարզապես, ցավոք, գրեթե շրջանցում է մեր պատմական հայրենիքը: Ի տարբերություն Ադրբեջանի ու Վրաստանի:

- Տարածաշրջանը հիմա մոդայիկ ձեւով անվանում են Կենտրոնական Ասիա: Այն շա՞տ է տարբերվում մեր իմացած Միջին Ասիայից:

- Էականորեն: Բոլոր հանրապետությունների անկախության մեկնարկային պայմաններն ընդհանուր առմամբ նույնն էին, սակայն դրանց զարգացման գործընթացները տարբեր ստացվեցին ե՛ւ տեմպով, ե՛ւ բնույթով: Սրընթաց առաջ նետվեց եւ կենսագործունեության բոլոր բնագավառներում հսկայական հաջողությունների է հասնում Ղազախստանը:

- Ինչի՞ շնորհիվ:

- Նախ այդ երկիրը շատ հարուստ է բնական պաշարներով: Եվ հետո, ամենաաշխարհիկն է բոլոր հինգ պետությունների մեջ: Կրոնական գործոնն այստեղ ուժեղ չէ, ինչին նպաստում է նաեւ այն հանգամանքը, որ բնակչության կեսը ղազախ ու մուսուլման չէ, ներկայացնում է ռուսալեզու մշակույթը: Ղազախական պետությունն իր միջոցներով ու մասնավոր հնարավորությունների օգտագործմամբ հազարավոր երիտասարդների ուսման է ուղարկում աշխարհի մոտ 150 հեղինակավոր ուսումնական հաստատություններ: Շատ ճկուն ու դինամիկ քաղաքականություն է վարում երկրի ղեկավար Նուրսուլթան Նազարբաեւը:

- Տարածաշրջանից դուրս բոլորն ընդունում են Ղազախստանի լիդերությունը, իսկ ներսո՞ւմ:

- Ներսում թերեւս միայն Ղրղզստանը, այն էլՙ ճարահատյալ. օգնության կարիք ունի: Մնացածներից յուրաքանչյուրը միայն իրեն է ճանաչում: Իսկ լիդերի դերին անթաքույց հավակնում է նաեւ Ուզբեկստանը:

- Գերիշխող կրոնն այստեղ իսլամն է: Հնարավո՞ր է ֆունդամենտալիզմի հաղթանակ:

- Նման երեւույթներն արդեն նկատվել են Տաջիկստանում ու Ղրղզստանում, սակայն այդ իմաստով ամենավտանգավորն Ուզբեկստանն է: Մեծ պետություն է, եւ ժողովուրդն էլ ամենակրոնապաշտն է: Առայժմ Իսլամ Քարիմովին հաջողվում է վարակը կանգնեցնել ուժի միջոցով: Թե ինչ կլինի նրանից հետո, դժվար է կանխատեսել: Համենայն դեպս, չադրայով կանանց արդեն կարելի է տեսնել նույնիսկ Տաշքենդում: Առհասարակ չադրա չկա միայն Ղազախստանում:

- Տաջիկներից բացի մնացած չորս պետությունները թուրքալեզու են: Սա պայմանավորո՞ւմ է Թուրքիայի գերակայությունը տարածաշրջանում:

- Ցեղակցության պարագան հեշտացնում է Թուրքիայի գործը: 90-ական թվականներին թուրքերը շատ ակտիվ էին: Հիշո՞ւմ եք Օզալի գաղափարըՙ ստեղծել թուրքալեզու երկրների ընկերակցություն: Քարիմովը նույնիսկ գիրք էր գրելՙ «Թուրքեստանը մեր ընդհանուր տունն է»: Սակայն ժամանակները փոխում են շեշտադրումները: Ակնհայտ է, որ արդեն ավելի գերադասելի են Վաշինգտոնը, Մոսկվան, Փարիզը, Բեռլինը, Լոնդոնը, Պեկինը, քան Անկարան:

- Իսկ ինչպիսի՞ն են հարաբերությունները երկու հարեւան գերտերություններիՙ Ռուսաստանի եւ Չինաստանի հետ:

- Փորձում են հավասարակշռել: Չինաստանը նրանց անհանգստացնում է ժողովրդագրության առումով, երբ այդ երկրներում ձեւավորվում է չինական «սփյուռքը»ՙ խուացյաուն: Մյուս կողմից, եթե, ասենք Ռուսաստանին հաջողվեց իրագործել անդրկասպյան էներգատար կառուցելու գաղափարը, ապա դա չի նշանակում, թե նրա միջինասիական գործընկերները լրիվ հրաժարվում են Բաքու-Ջեյհանից:

- Թուրքմենիան դուրս կգա՞ մեկուսացումից:

- Արդեն դուրս է գալիս: Ամենախորհրդանշականը Թուրքմենբաշի քաղաքում Թուրքմենբաշու արձանի հանումն էր:

- Ի՞նչ կասեք հայ-միջինասիական առնչությունների մասին:

- Այդ հարաբերությունները կարելի է նորմալ համարել: Ամենացավալին այն է, որ Հայաստանը դուրս է մղվում միջազգային տրանսպորտային խաչմերուկներից: Երկու հանգամանք կարող է խիստ անցանկալի լինել հայերի համար: Եթե տարածաշրջանում հաղթանակի արմատական իսլամը: Եվ երկրորդՙ եթե, շրջանցելով Ռուսաստանը, ստեղծվի Չինաստան-Կենտրոնական Ասիա-Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա-Եվրոպա տարանցիկ միջանցքը: Հատկապես այս վերջին պարագայում անհամեմատ կմեծանա Թուրքիայի եւ Ադրբեջանի դերը որպես տարածաշրջանում տնտեսական ու քաղաքական հզոր լծակներ վերահսկող պետությունների:

Ըստ իս, պետք է լրջորեն զբաղվել նաեւ Միջին Ասիայի հայությամբ, այնտեղ հիմնականում ղարաբաղցիներ են: Նրանք իրենց հնարավորությունների սահմաններում կարող են ակտիվ ու կապող դեր խաղալ երկու «սուբյեկտների» միջեւ:

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4