«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#113, 2007-06-16 | #114, 2007-06-19 | #115, 2007-06-20


ՆԵՐԳԱՂԹԱՄՈԼՈՒԹՅՈՒՆ

Ներգաղթը սահմանափակելու ասպարեզում Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի եւ առհասարակ քաղաքային իշխանությունների դրսեւորած աննախադեպ ակտիվությունը խնդիրը դարձրին հրատապ, որ բարձրացրին դաշնային մակարդակի: Իսկ ՌԴ ներգաղթի ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկին դարձել է ամենաբաղձալի քաղաքագետներից մեկը լրատվամիջոցների համար: Այդ թեմայի շուրջն աշխուժացել են նաեւ սոցիոլոգիական հետազոտությունների զանազան ծառայությունները: Հարցը չի կարող չհուզել նաեւ մեզՙ հայերիս:

Հարցումների արդյունքները ցույց են տալիս, որ ներգաղթի կարգավորման մինչ այդ ընդունված օրենքներն էապես չեն փոխել իրադրությունը եւ տրամադրությունները: Մոսկվացիներն ինչպես որ չէին սիրում, այնպես էլ շարունակում են չսիրել եկվորներին: Ցավոք, ինչպես որ նախկինում, ամենացավալին մնում են Անդրկովկասի ներկայացուցիչները (43 տոկոս): Նույնիսկ միջինասիացիներին, որոնք վերջին տարիներին, կարելի է ասել, հեղեղել են քաղաքը, չի հանդուրժում տեղացիների սոսկ 13 տոկոսը: Ընդսմին, մեր տարածաշրջանի ժողովուրդների միջեւ գրեթե տարբերություն չի դրվում. «Կովկասյան ազգության անձ» եւ վերջ: Արձանագրվում է այն փաստը, որ եթե նախկինում ամենաչսիրվածը հրեաներն էին, ապա այսօր կենցաղային մակարդակով նրանք իրենց տեղը վաղուց զիջել են կովկասցիներին: Նշվում է, որ կովկասատյացության հիմնական աղբյուրները շարունակում են մնալ «թեժ» շուկաները (թեեւ այնտեղ երեւի արդեն ավելի շատ միջինասիացիներ կան, քան ադրբեջանցիներ):

Ռոմոդանովսկու բերած տվյալներով, աշխատանքի որոնումներով ամեն տարի Ռուսաստան է մուտք գործում մոտ 20 միլիոն արտասահմանցի (ողջ Անդրկովկասում այդքան մարդ չի ապրում): Սակայն ներգաղթի ծառայությունը տակավին չունի եկվորների վերաբերյալ տեղեկությունների բանկ, այն նոր է ստեղծվում եւ կկրի անհատական բնույթ: Ամենամեծ անհանգստությունն առաջացնում են Ասիայի երկրներից ու հատկապես Չինաստանից եկածները, որոնց հաշվառելն ահավոր բարդ գործ է: Ռոմոդանովսկին բերում է էկզոտիկ մի օրինակ. մեկ անձնագրով, ընդ որում տարիներ շարունակ, Ռուսաստանում կարող են «յոլա գնալ» մի քանի չինացիներ, որովհետեւ եվրոպացուն դժվար է նրանց տարբերակել (բոլորն էլ «նույն» դեմքն ունեն):

Պետական այրը նշում է, որ ավելացել է օրինականորեն աշխատողների քանակը, սակայն այդ քանակի մեծ մասն, այնուամենայնիվ, հարկ չի մուծում, այն դեպքում, երբ միայն մեկ միլիոն ներգաղթածների աշխատանքը տարեկան պետական բյուջեն համալրում է 42,5 միլիարդ ռուբլով: Իսկ այստեղ խոսքը վերաբերում է ոչ մեկ միլիոնին:

Ռոմոդանովսկին ժխտում է այն մտայնությունը, թե իբր Ռուսաստանում կազմավորված հզոր ազգային համայնքներն ազդում են երկրի քաղաքական գործընթացների վրա: Սակայն ընդունում է, որ կա ներգործություն էկոնոմիկայի վրա: Էթնիկական կոռուպցիան, ասում է նա, փաստորեն, ռուսներին դուրս է մղել շուկաներից, քանի որ դրանց տերերին եկվորները նյութապես «շահագրգռում» են: Կամ շատ գործարարներ գերադասում են աշխատանքի վերցնել ոչ թե տեղացիներին, այլ օգտագործել իրավազուրկ ու էժան աշխատուժը, ինչը նույնպես դառնում է խոր դժգոհության պատճառ:

Եվ այսպես, Մոսկվան փորձում է կրկին դառնալ օտարածին աշխատուժի շուկայի կարգավորման գործի առաջատար: Ծրագրվում է ստեղծել ներգաղթային հավաքակետեր, թափուր աշխատատեղերի բաշխման կենտրոն, քաղաքային բյուջեից միջոցներ են հատկացվելու նրանց կենսապայմանների բարելավման համար եւ այլն:

Թե ինչ կտա այդ ամենը, ցույց կտա միայն ժամանակը:

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4