Լքված իրերի պատմություն կամ «Չգիտակցված դիզայն»
Լուսանկարիչ Թակուջի Շիմուրան` ծագումով Օսակայից, այժմ ապրում եւ ստեղծագործում է Փարիզում: Հայաստանի ազգային պատկերասրահում անցյալ տարի կազմակերպված «Ճապոնական ժամանակակից արվեստ» ցուցադրության մեջ ներգրավված էր նաեւ Շիմուրայի աշխատանքներից: Վերջերս գեղանկարիչ Արա Հայթայանը Ֆրանսիայում Հայաստանի տարվա միջոցառումների վերաբերյալ իր դիտարկումներում անդրադարձավ Շիմուրայի լուսանկարների մի շարքին` արված Ֆիոլետովո գյուղի մալական բնակչության կենցաղին ու ապրելակերպին: Այս աշխատանքները «Հայաստանի տարվա» ծրագրերում ընդգրկելու փորձերը Փարիզում, ցավոք, չհաջողվեցին: Հայ արվեստագետը երեւույթը կարեւորում է իբրեւ մեր երկրում ազգային փոքրամասնությունների նկատմամբ որոշակի վերաբերմունքի արտահայտություն` օտարի հայացքով: Այս ցուցադրությունը կկայանա հոկտեմբերին` Մարսելում, իսկ ճապոնական թերթերում լուսանկարներից մի քանիսն արդեն հրապարակվել են: Արա Հայթայանը տպավորված նրա փարիզյան աշխատանքներից, մտահղացել է կազմակերպել նրա անհատական ցուցահանդեսը` Երեւանում, որը եւ բացվեց ուրբաթ օրը ՆՓԱԿ-ում: Հայաստանում հյուրընկալվելու ընթացքում հեղինակի հետ հանդիպումները հետագա համագործակցություն են ակնկալում: Թակուջի Շիմուրայիՙ Երեւանում ներկայացված «Չգիտակցված դիզայն» նախագծի խորագիրը ենթադրել է տալիս իր արվեստի կոնցեպտուալ բնույթը եւ գեղագիտությունը: Որպես իրավիճակ փարիզյան արվարձանային մի լքված հատվածի ընտրությունը, առարկաներն ու իրերը` պատ, դարպաս, բռնակ, խողովակ, խազեր եւ այլն, բոլորովին Փարիզի ներկայություն չեն հիշեցնում: Ցուցադրության կատալոգում Արա Հայթայանը այսպիսի բնորոշում է տալիս. «Թակուջին փորձում է փաստը ուղղորդել դրամայի իր տարբերակին` Մակերեսներ: Ժամանակ: Հետք: Գիծ: Սահման: Շարքի սլաքը կարծես թե ուղղված է դեպի մաքուր խորհրդանիշը` ենթադրելով վերջինիս հնարավոր վարկածները: Արվեստային այս փորձառությունը որոշակի դիրքերից քննում է նախնական նյութի եւ ստեղծագործության միջեւ ծագած արդի զրույցը»: Այդ զրույցը սկսում է լուսանկարչական ապարատի համար քիչ անսովոր գունային նրբերանգների զգայուն արտահայտություններից` որոնցում կյանքի լքված պրոզան գեղարվեստականություն է ստացել: «Երիտասարդ ճապոնացի լուսանկարիչը ապարատը դարձրել է գրեթե վրձին, գոնե այդ արվեստային խաբկանքն է ստեղծված, մակերեսի բոլոր էլեմենտները` հարթություն, գունագծային մոտեցումներ: Գույնի որքան հարաբերություններ են ստեղծված եւ ինչպիսի անհանգստություններ կան, որով եւ ավելի արվեստայինին է մոտենում». արվեստաբան Պողոս Հայթայանի կարծիքն է:
Երկու մշակույթների այս շփումը` ճանաչողական մեկ հանդիպման շրջանակներից դուրս գալու խնդիրների է հետամուտ, որի մասին Թակուջի Շիմուրայի եւ Արա Հայթայանի հետ մեր կից զրույցում.
- Ընդհանրություններ տեսնո՞ւմ եք արդյոք աշխարհագրորեն երեք տարբեր մշակույթների միջեւ` Ծայրագույն Արեւելքի (Ճապոնիա), Արեւմուտքի (Ֆրանսիա) եւ Միջինի (Հայաստան), որոնց որոշ տարրերի առնչվում են ձեր աշխատանքները:
- Որտեղ եմ ցուցադրվում եւ ինչ եմ նկարում, էական չէ, որովհետեւ իմ կարծիքով արվեստում նման բաներ գոյություն չունեն, պայմանականություններ են դրանք:
- Այդ պարագայում հայաստանյան այս ցուցադրությունից ի՞նչ տարբեր ակնկալիքներ ունեք:
- Ցուցադրվել եմ Ճապոնիայում, Ֆրանսիայում, գիտեմ իմ ժողովրդի հոգեբանությունը եւ ֆրանսիացիներինը, արդեն կանխատեսում էի արձագանքները: Այդ առումով անհայտ է ձեր ժողովրդի ընկալումը, որը անակնկալ կլինի, ինձ համարՙ կարեւոր, որպես նոր հայացք ստեղծագործություններիս:
- Ինչո՞վ էր պայմանավորած ձեր անդրադարձը Ֆիոլետովո գյուղի բնակչությանը:
- Ինչպես Ճապոնիայում, նաեւ Ֆրանսիայում եւ շատ երկրներում ապրում են ազգային փոքրամասնություններ: Եվ դրանք նույնկերպ չեն կարողացել իրենց նկարագիրը, ազգային ավանդույթները, ճարտարապետությունը, մթնոլորտը պահպանել, ինչպես այս մալականների ներկայությունն է Հայաստանում: Թեման ինձ հետաքրքրեց, եւ դրանով որոշակի կարծիք հայերի մասին կազմեցի: Սովորաբար այդ փոքրամասնությունները խտրականության են ենթարկվում, եւ հետո իրենք էլ դառնում են խտրական մյուսների հանդեպ: Հայ ժողովուրդը եղեռնի փորձառությունը ունի, եւ ընդունում է այլ ժողովուրդների ներկայությունը իր երկրում այնպես, որ նրանք նկարագրով, ավանդույթներով պահպանվեն, զարգանան, ստեղծագործեն, եւ սա վկայում է հայերի հանդուրժողականության մասին:
- Ավանդապահ երկրում եք ծնվել, ի՞նչ եք այս առումով մտածում հայերի մասին, եւ առհասարակ ի՞նչ գիտեն Ճապոնիայում մեր եւ մեր մշակույթի մասին:
- Քաղաքականորեն եւ աշխարհագրորեն 2 երկրները միմյանցից հեռու են, նման մշակութային իրադարձությունները մերձեցման հնարավորություններ են տալիս:
Սիրեցի ձեր երկիրը: Ձեր ազգային նկարագրի, հոգեբանության բնորոշ կողմերը պահպանում եք, տնտեսական զարգացումը բացարձակ այլ բան է:
- Ունե՞ք արդյոք գեղանկարչական մոտեցումներ` լուսանկարչության արվեստին:
- Նման դեպքերը շատ են, երբ փորձ է արվում երկու արվեստներ մի ընդհանուր եզրի բերել: Կարծում եմ` սահման պիտի լինի դրանց միջեւ. լուսանկարիչը կարող է նկարել միայն իրական առարկան եւ սա լուսանկարչության մեկնակետն է:
- Ի՞նչ է փնտրում լուսանկարչի Ձեր հայացքը, ինչպիսի գեղագիտական, սոցիալական եւ կամ այլ բնույթի խնդիր եք փորձում լուծել այս շարքում:
- Առհասարակ գեղեցիկ որեւէ իր, առարկա նույն գաղափարը կամ զգացումն է արթնացնում` գեղեցիկի: Ես որպես նյութ վերցնում եմ ինչ-որ բան, որ լքված է կյանքից եւ կարեւորություն եմ հաղորդում, վերակառուցում եմ մի բան, որ այս շրջանակներից դուրս է եկել: Եվ սա կարող է լինել որոշ քննադատություն ընդունված այն գեղագիտությանը, որ մենք արդեն կրում ենք:
- Արա, ո՞րն է նշանակությունը այս ցուցահանդեսի եւ ի՞նչ է ակնկալվում մշակութային այս երկխոսության շարունակությունից:
- Նախեւառաջ օտար արվեստագետների ներկայությունը մեր մշակութային միջավայրում օրինաչափ դարձնելու խնդրին ենք հետամուտ: Հետաքրքրական է տեսնել, թե ինչպես է օտարը մեր ծանոթ միջավայրը որպես արտահայտչամիջոց գործածում իր արվեստում: Հայաստանյան գեղարվեստական իրականությունը միաչափ դրսեւորում ունի: Եթե փորձ է արվում պոլիմետրիկության, այսինքն քո միջավայր մուտք է գործում օտարը, ոչ տեղի ճակատագիր ունեցողը, միջավայրին տալիս է այլ բնորոշում, տարբեր մեկնաբանություն: Նախորդ անգամ Թակուջին ցուցադրվեց ճապոնական արվեստի կոնտեքստում: Ուզեցի խնդիրը փոխել. ինքը հիմա Փարիզում է ապրում, ճապոնականությունը փաստորեն անցնում է մի այլ շփման վրայով եւ տեղափոխվում այստեղ. ցուցահանդեսը միջոց ենք դարձնելու իրեն` արվեստագետի անձին մոտենալու: Հայ արվեստը դրսում ներկայացնելու ճանապարհներ ենք որոնում: Սա մի փորձ է լինելու արվեստագետին ներկայացնել արվեստագետի միջոցով. արվեստի համաշխարհային պատմության մեջ շատ դեպքեր կան այդպիսի: Թակուջին 1,5 ամիս Հայաստանում է լինելու, կտեսնի, կհաղորդակցվի, ընտրության հնարավորություն կունենա:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ