Ամերիկահայ իրավագետների ու փաստաբանների այս տարվա հավաքույթը եւ գիտաժողովը տեղի է ունեցել Սանտա Մոնիկայում: Իբրեւ ունկնդիր եւ պատվավոր հյուրեր ներկա են եղել նահանգային եւ դաշնակցային վերաքննիչ ատյանի ամերիկացի բարձրաստիճան դատավորներ` Հարլընթ Բրաունը, Լարրի Ֆիշերը, Կարլոս Մորենսը, Տիգրան Թավրիզյանը, Մարվին Պաքսթերը, Կալիֆոռնիայի նախկին գլխավոր դատախազ Ռոբերտ Փիլիպոսյանը, փաստաբան Մարք Կիրակոսը:
Համագումարի վերջին բաժինը վերաբերել է միայն հայկական թեմաների: Հատուկ հրավիրված են եղել Վահագն Տատրյանը եւ Մինեսոտայի համալսարանի պրոֆեսոր Թաներ Աքչամը: Նրա զեկուցումը վերնագրված էր «Հրանտ Դինքի սպանության քաղաքական խորապատկերը»` ինչ-որ տեղ իրենց նախկին բարեկամության հանգամանքով պայմանավորված: Տատրյանը ելույթ է ունեցել «Հայկական ցեղասպանությունը եւ միջազգային քրեական օրենսդրության հարցերը» թեմայով:
Սրահում հավաքվածները մեծ տպավորությամբ են ունկնդրել եւ հոտնկայս ծափահարություններով արտահայտել իրենց վերաբերմունքը: Ճաշկերույթի հանդիսության (որին մասնակցել է նաեւ Կալիֆոռնիայի քաղաքապետը) ավարտին Վ. Տատրյանը եւ Թ. Աքչամը պարգեւատրվել են հիշյալ միության կողմից` Ամերիկյան ազատագրական պայքարը խորհրդանշող ձեռակերտ զանգակատնով, որի պատվանդանին` «Հրանտ Դինք` ազատության մրցանակ» ոսկեզօծ արձանագրությունն է:
Նույն միությունը տպագրության է հանձնել պրոֆ. Տատրյանի Հայկական ցեղասպանության վերաբերյալ փաստագրական մի նոր ուսումնասիրություն, որ ամիսներ առաջ ուղարկվել էր Շվեյցարիա` ներկայացնելու Հայոց ցեղասպանության կրկնակի ուրացման համար մեղադրվող Թուրքիայի բանվորական կուսակցության նախագահ Տողու Փերինչեքի` Լոզանի դատավարությանը, որից հետո դատավոր Ունիցափը Փերինչեքին հանցապարտ է հռչակում: Տեղեկությունը հաղորդում է Փարիզի «Յառաջ» օրաթերթը:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ