«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#113, 2007-06-16 | #114, 2007-06-19 | #115, 2007-06-20


«ԲՈԼՈՐՍ ԷԼ ԳԻՏԱԿՑՈՒՄ ԵՆՔ, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՍՓՅՈՒՌՔԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՎԱՐԱՐ ՉԷ»

Երկօրյա գիտաժողով Երեւանում

«Նորավանք» գիտակրթական հիմնադրամը (ԳԿՀ), Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտը (ԼԿԻ) «Երկիր» միության համագործակցությամբ երեկ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում կազմակերպել էին երկօրյա գիտաժողով` «Հայկական համայնքներն արդի փուլում. գոյապահպանություն, հեռանկարներ» թեմայով: Գիտագործնական միջազգային կոնֆերանսին մասնակցում էին հյուրեր Ռուսաստանի Կրասնոդար, Ստավրոպոլ երկրամասերից, ինչպես նաեւ գիտակրթական եւ մշակութային տարբեր կենտրոնների ներկայացուցիչներ, որոնց զեկույցները վերաբերում էին հայ համայնքների, սփյուռքի խնդիրներին, Հայաստանի հետ համայնքների ունեցած կապին, հոգսերին եւ անելիքներին:

«Հայաստանը չի ճանաչում իր համայնքները, իսկ համագործակցության դեպքում պետք է իմանաս ում հետ ես համագործակցում: Չնայած անհնար է ճանաչել բոլոր համայնքները, դրանց նկարագիրը, շատ են առանձնահատկությունները: Բոլորս էլ գիտակցում ենք, որ բավարար չի համագործակցությունը սփյուռքի եւ Հայաստանի միջեւ», ասաց «Երկիր» միության նախագահ Սեւակ Արծրունին: Իր ելույթում նա եւս մեկ անգամ շեշտեց հզոր հայրենիք ունենալու համար հայրենադարձության գաղափարի կարեւորությունը, ինչի մասին «Երկիր» միությունն արդեն խոսում է երկու տարուց ավելի: Ընդ որում, կարեւորվում է ոչ միայն ֆիզիկապես հայրենիք վերադառնալը, այլեւ սփյուռքահայության կապվածությունը հայրենիքի հետ` իրենց ներդրումներով, աշխատանքով, ռեսուրսներով: Միության նախագահը վստահ է, որ հայրենադարձության ծրագրի իրականացման համար հարկավոր է մանրակրկիտ եւ բազմակողմանի ուսումնասիրել սփյուռքի տարբեր հատվածների ժողովրդագրական ռեսուրսները:

«Սփյուռքի բոլոր համայնքներից Ջավախքի հայության համայնքն ավելի յուրահատուկ խնդիրներ ունի: Ամենամեծ խնդիրը ջավախահայության, որքան էլ տարօրինակ հնչի, այն է, որ Ջավախքը կպած է Հայաստանին եւ կախված է նրանից, ուստի Ջավախքում բոլոր խնդիրները չափազանց քաղաքականացված են», ասաց Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի կովկասագիտության բաժնի վարիչ Սերգեյ Մինասյանը: Նրա համոզմամբ, Ջավախքի հիմնական խնդիրը շարունակում է մնալ Հայաստանին մոտ լինելը. «Ջավախքը շատ յուրահատուկ խնդիրներ ունի, իսկ դրանց լուծումն էլ հիմնականում կախված է լինում Հայաստանի դիրքորոշումից»: «Ազգի» հարցին, թե վիրահայոց համայնքն ի՞նչ կարգի աջակցություն է ստանում Հայաստանից եւ ի՞նչ պետք է Հայաստանն անի համայնքի համար, կովկասագիտության բաժնի վարիչը պատասխանեց. «ՀՀ-ն որոշ չափով լուծում է կրթական հարցեր, դասագրքեր է տրամադրում, որոշ դպրոցներ է վերականգնում: Հայաստանն օգնում է որոշ չափով նաեւ հոգեւոր ոլորտում, Էջմիածինն է նյութական օգնություն ցուցաբերում վիրահայությանը, թեմին, բայց գլխավորապես դրանով էլ ամեն ինչ սահմանափակվում է»: Սերգեյ Մինասյանի խոսքով, Հայաստանը պետք է մի քիչ ավելի ուշադիր եւ հոգատար լինի ջավախահայության խնդիրների նկատմամբ:

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար, նախարար Մանուկ Թոփուզյանը նկատեց, որ Ռուսաստանի համայնքները ոչ թե նոր, այլ հին սփյուռք են, քանի որ ռուսաստանյան հայ համայնքները շատ ավելի վաղ են ձեւավորվել ու եղել են կայուն եւ կազմակերպված: Պարզապես, եթե խորհրդային տարիներին այդ համայնքների ակտիվությունը մի քիչ դադարել էր, հիմա նորից վերականգնվում է սփյուռքից:

Կուբանի պետական համալսարանի դասախոս Միխայիլ Սավվան ներկայացրեց Կրասնոդարի մարզի հայերին ժամանակակից միգրացիոն իրողությունների համատեքստում: Նրա խոսքով, Կրասնոդարի մարզում 5 հարյուր հազար հայ կա, ամենամեծ համայնքներից է Կուբանը: Մարզում բնակվող ազգային փոքրամասնություններից, դասախոսի տվյալներով, 46 տոկոսը հայեր են, որի 1 տոկոսը ղարաբաղցիներ են, այնուհետեւ մյուս ազգերի ներկայացուցիչներ: «Կուբանցիների կարծիքով, միգրացիան իրենց մոտ սկսվում է Հայաստանից եւ Ղարաբաղից», կես կատակ, կես լուրջ հավելեց Միխայիլ Սավվան: Նրա խոսքով, Կրասնոդարի կենցաղին ինտեգրման մակարդակով հայերը երկրորդ տեղում են: Ինչ վերաբերում է հայերենին, ապա, դասախոսի կարծիքով, հայերն իրենց երեխաների ապագա ուսման մասին մտածելով, երեխաների հայկական դպրոցներ չեն ուղարկում:

Կրասնոդարի «Երկրամաս» թերթի գլխավոր խմբագիր Տիգրան Թավադյանը խիստ դեմ էր դասախոսի հայտնած կարծիքին` նշելով, որ դպրոցներում այն իրավիճակը չէ պարզապես, որ ցանկություն լինի հայկական դպրոցներ հաճախել: Նրա խոսքով, հետաքրքրություն կա մայրենի լեզվի նկատմամբ, բայց սովորելու հնարավորություն չկա, դասավանդող կադրեր չկան: Գլխավոր խմբագրի խոսքով, իրենց մարզում 10 առաքելական եկեղեցի կա, բայց մարդիկ քիչ են այցելում, այն էլ միայն տոն օրերին:

Ի տարբերություն Կրասնոդարի, Ստավրոպոլի մարզում, Ստավրոպոլի համալսարանի դոցենտ Վիկտոր Հակոբյանի խոսքով, 7 եկեղեցի կա, որտեղ հաճախելիությունը վատ չէ: Նա կարեւորեց Հայաստանի օգնությունը Ստավրոպոլում գիտական կենտրոն ստեղծելու առումով, նաեւ ընդգծեց, որ վերջին տարիներին մարզում ակտիվորեն գործում են երիտասարդական կազմակերպությունները:

Երկօրյա գիտաժողովը կավարտվի այսօր: Ավարտին գիտաժողովի մասնակիցները փորձելու են գտնել մեխանիզմներՙ սփյուռքի եւ Հայաստանի համայնքների առավել մերձեցման եւ արդյունավետ համագործակցության համար:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4