Վերջին շրջանում Իրաքում տարբեր պատճառներով զոհվել են մի քանի հայեր. այս մասին հայտնում է Փարիզի «Յառաջ» օրաթերթը:
Բաղդադում 36 տարեկան Օհան Աբրահամ Ենովքյանը սպանվել է մեծահարուստ մի հայի բնակարանից դուրս գալու պահին: Բնակարանատերը երկրից դուրս էր եկել առեւանգումին զոհ չդառնալու մտահոգությամբ: Այս դեպքից առաջ ամերիկացի եւ իրաքցի զինվորների հրաձգությունների զոհ է դարձել Զարուհի Կարապետը` 79 տարեկանում: Ավելի վաղ` Նազար Մելիքյանը սպանվել էր ավտոմոբիլի տակ դրված ռումբի պայթյունից:
«Յառաջը» տեղեկացնում է, որ ամերիկյան զորքերի Իրաք ներխուժումից հետո սպանված հայերի թիվը հասնում է 31-ի, 28 առեւանգվածներ կան, որոնցից 25-ին վերադարձրել են փրկագնի դիմաց, երկուսի ճակատագիրը հայտնի չէ, իսկ մեկի դին հանձնվել է ընտանիքին:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ