ՀՀՇ զորեղ թեկնածուն ասպարեզ է իջնելու
Խորհրդարանական ընտրությունների անցկացումից պետք է հետեւություններ անի ընդդիմությունը` նկատի ունենալով նաեւ, որ առաջիկայում նախագահական ընտրություններն են, եւ իշխանությունները խորհրդարանական ընտրությունների համեմատ մի քիչ ավելի կազմակերպված են գործելու նախագահական ընտրությունների ժամանակ: Երեկ այս կարծիքը հայտնեց «Փաստարկ» ակումբում հյուրընկալված Հայոց համազգային շարժում (ՀՀՇ) կուսակցության վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը` միաժամանակ համոզմունք հայտնելով, որ խորհրդարանական ընտրությունների ինչպիսին լինելն այսօրվա քաղաքական զարգացումների համար էական չէ:
Արարատ Զուրաբյանի կարծիքով, Հայաստանի հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) միայնակ չձեւավորեց կառավարություն, քանի որ Սերժ Սարգսյանը նախագահ դառնալու ճանապարհին իր թիմում ցանկանում է ընդգրկել ազդեցիկ մարդկանց: «Իսկ եթե Սերժ Սարգսյանը հաջողություն ունենա, ինչին ես խիստ կասկածում եմ, ապա կփորձի ազատվել իրեն խանգարող ուժերից եւ կձեւավորի մոնոիշխանություն», ասաց ՀՀՇ վարչության նախագահն ու կանխատեսեց նաեւ այլ իրավիճակներ: Ըստ նրա, Հայ հեղափոխական դաշնակցությունը (ՀՅԴ) այս շրջանում փորձելու է նախագահի իր թեկնածուի մասին խոսելով ապահովել իր ապագան: Բացի այդ, խորհրդարանական ընտրություններից քաղաքական կոմբինացիաների այլ հնարավորություն է ստեղծվել: Արարատ Զուրաբյանի կարծիքով, ակնհայտ է, որ Ռոբերտ Քոչարյանը ցանկանում է պահել իշխանությունը կամ գոնե իշխանությունը լծակների կարգով, եւ հնարավոր է, նրան այդ նպատակն իրականացնելու համար անհրաժեշտ լինի ՀՅԴ-ն: Կարճ ասած, ՀՀՇ ղեկավարը համոզված է, որ այս ամիսներին յուրաքանչյուրը փորձելու է ստանալ առավելագույնը:
«Յուրաքանչյուրը փորձելու է ստանալ առավելագույնը, բայց նույնը հաջողվելու է ձե՞զ» «Ազգի» հարցին ակումբի հյուրը պատասխանեց, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ, գործիչ կամ կուսակցություն պետք է կարողանա իրական գնահատական տալ իրեն: Արարատ Զուրաբյանի ներկայացմամբ, 10-12 տարի առաջ Լեւոն Տեր-Պետրոսյանի բարձրացրած խնդիրներն այսօր էլ արդիական են: Ըստ հյուրի, օրինակ, երբ Վանո Սիրադեղյանն այդ տարիներին կարողացավ մաքրել երկիրը քրեական տարրերից, լավ տղերքից, թաղ նայողներից, այսօր հակառակ պատկերն է, եւ հարցը կրկին լուծում է պահանջում: Ղարաբաղյան խնդրի մասին խոսելիս էլ Արարատ Զուրաբյանը անկախ ԼՂՀ ձեւավորելու մասին խոսող այսօրվա իշխանություններին խորհուրդ տվեց գոնե պատասխանել Ադրբեջանի կողմից հնչող տարբեր, այդ թվում ռազմական սպառնալիքներին: «Լինելով ՀՀ քաղաքացի, ՀՀՇ-ն պատրաստ է ռազմական իրավիճակում ստանձնել քաղաքական պատասխանատվությունը եւ եւս մեկ անգամ հաղթել մեզ պարտադրված պատերազմը», հավելեց նա:
ՀՀՇ վարչության ղեկավար Արարատ Զուրաբյանը հայտարարեց, որ առաջիկա նախագահական ընտրությունների ժամանակ ՀՀՇ-ն ունենալու է իր թեկնածուն` ի դեմս Լեւոն Տեր-Պետրոսյանի, «եւ երբ առաջադրումները լինեն, այլ մրցակցություն է լինելու եւ իշխանությունները հունից դուրս են գալու»: Արարատ Զուրաբյանի համոզմամբ, Լեւոն Տեր-Պետրոսյանը միակ թեկնածուն է, որ կարող է մրցակից լինել Սերժ Սարգսյանին. «Երբ մենք խոսում ենք Լեւոն Տեր-Պետրոսյան նախագահի թեկնածուի մասին, մենք ելնում ենք հետեւյալից. ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանին հաղթելու համար պետք է կանգնած լինի այն քաղաքական ուժը, որը կկարողանա լուծել այդ խնդիրը»:
«Ազգի» հարցին, թե ըստ կուսակցության, հասարակության քանի՞ տոկոսն է պատրաստ ընդունելու ՀՀՇ-ի վերադարձը, Արարատ Զուրաբյանը պատասխանեց. «Հասարակությանը պատրաստելու խնդիր չկա: Հասարակության 40 տոկոսը չի մասնակցել այս ընտրություններին, մասնակիցների առնվազն մեկ երրորդն իր ձայնը չի տվել այս իշխանություններին, ըստ այդմ, հասարակության երկու երրորդը չի ընդունում այս քաղաքական ուժն ու նրա տեսակետները»: «Իսկ որքանո՞վ եք վստահ, որ այդ երկու երրորդը ձեզ է ընդունում» մեր պնդմանը ՀՀՇ վարչության ղեկավարը արձագանքեց. «Ես վստահ եմ, որ հասարակությունը բավական առողջ է եւ կարող է նկատել այն ուժը, ով կարող է հաղթել»:
ՀՀՇ վարչության ղեկավարը լրագրողներիս խորհուրդ տվեց առիթի դեպքում Սերժ Սարգսյանին հարցնել, թե նա ինչպես է վերաբերվում Լեւոն Տեր-Պետրոսյանի վերադարձին, նրա հետ պայքարին եւ նման այլ հարցերին: Կուսակցության ղեկավարը սրտնեղեց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի լռության հետ կապված հարցեր լինում են, բայց ոչ ոք չի հարցնում Սերժ Սարգսյանին եւ Ռոբերտ Քոչարյանին, թե իրենք ինչ խնդիրներ, ինչ հակասություններ են ունեցել նախկին իշխանությունների հետ եւ որ հարցերում չեն եկել համաձայնության: Ինչո՞ւ են լռում այս իշխանությունները:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ