Հրաչյա Թամրազյանի «Ասացող երկիր»-ը եւ «ARS Poetica»-ն
Լույս են տեսել Հրաչյա Թամրազյանի «Ասացող երկիր» եւ «ARS Poetica» բանաստեղծական զույգ ժողովածուները («Նաիրի» հրատ.): Այս առիթով Կամերային երաժշտության տանը երեկ տեղի ունեցավ գրական հանդիսությունՙ լեցուն դահլիճում. նրանց մեջՙ մեր մտավորական հարգելի շատ ներկայություններ: Խմբագրությունը հեղինակի մակագրությամբ ստացավ «Ասացող երկիր» ժողովածուն: Հրաչյա Թամրազյանը 70-ականների գրական սերնդի շեշտված բանաստեղծական անհատականություններից մեկն է: Եվ առաջին իսկ ժողովածուներից ճշտեց բառի ընտրության գեղագիտական իր մոտեցումներըՙ դասական բանաստեղծության ակունքներից սնվող: Հետագա, իր շուրջ քսան անուն գրքերում պոետական այդ համակարգը պահպանվեց: Երեկ գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը նրան հանձնեց «Գրական վաստակի համար» մեդալ:
Մեր օրերում բանաստեղծականությունն ու բանաստեղծությունը շահեկան վիճակում չեն: Բառի գեղագիտական արժեքի անկումն ու անտեսումը գեղարվեստական խոսքի մեր նախկին պատկերացումների մեջ զգալի տեղաշարժեր է առաջացրել: Մի կողմից բառի սեթեւեթանքին ու սենտիմենտալությանը, մյուս կողմից նատուրալ-պրոզաիկությանը տուրք տվողներն իջեցրին բառարվեստի հարգն այն աստիճան, որ գրեթե կորավ հետաքրքրությունը գրական ընթացքների ու միջավայրի նկատմամբ: Մտավորական նկարագրի աստիճանական անկումն էլ դրա նախկին շինծու պատկերացումները ցրեց: Ճշմարտությունն ավելի աղքատ ու անհուսալի թվաց:
Այսպիսի տարափոխիկ ժամանակներում ներքին ձայնին անսացողները կարողացան պահպանել գեղարվեստի մնայուն արժեքները եւ իրենց բնական, մարդկային կերպարը: Հր. Թամրազյանի «Ասացող երկիրը» եւ «Ars Poetica»-ն իր գրական նախորդ ընթացքի օրինաչափ շարունակությունն էՙ ներքին շերտերի առավել նուրբ բացահայտումներովՙ պայմանավորված, թերեւս, անհատի հասունությամբ նաեւ:
Առաջին ժողովածուի գրեթե բոլոր բանաստեղծությունները խիստ հաղորդական են, մեղեդային, ոչ միայն ռիթմով ու հանգով, տաղաչափությամբ պայմանավորված, այլեւ բանաստեղծի ներքին անդորրի ու մտային ներդաշնակության շնորհիվ: Այստեղ ինքնարտահայտումի կերպն, ըստ իս, հոգեւոր ասպեկտի վրա է շեշտադրված: Ըստ որում, դրանք ոչ թե վերապրումներ են լոկ, այլեւ ներքին խազերի որոշակի արձանագրումներ: «Աշխարհագրական» վայրը հոգու տարածքն է, որտեղ բառը շատ զգուշությամբ է խաղարկվում, որովհետեւ ինքնաճանաչողության այս ճանապարհն անցնողը գիտակցում է երեւույթի ողջ լրջությունը: Ներքին մտածումների տեղափոխությունը գրավոր-չափածո տարածքՙ հոգեւոր էության, Ես-ի հետ հանդիպման փորձառության մի արտահայտություն է, բանական արարածին մշտապես հետապնդող փիլիսոփայական, գոյաբանական հարցերի, ծննդի ու մահվան առեղծվածների շրջածիրում. ժամանակային տարածության մեջ տարուբերվող հոգու ելեւէջում-երկփեղկումներՙ կյանք-կյանքերի որոնման դռան առաջ... («Հաղորդություն», «Հարցում», «Հավերժ վերադարձ», «Ասացող երկիր»):
Մթնոլորտի, թե՞ բանաստեղծության, գուցե սովորույթի պարտադրանքն էր, որ օրվա բանախոսները խոսքի ժուժկալությամբ աչքի չընկան, չնայած ցերեկույթը վարողիՙ Ազատ Գասպարյանի «սահմանած մրցանակին»ՙ երեք րոպեանոց ելույթ ունեցողի համար: Բառի մեծարանքը երբեմն անցնում էր պատշաճության սահմանը, որքան էլ որ գիտենան, թե գեղեցկախոսության մեջ կորչում է ճշմարտությունը, այսինքնՙ հենց գեղեցիկը:
Բուն, բանաստեղծական արվեստի առանձնահատկությունների արժեւորումներ ու բնորոշումներ տրվեցին Հակոբ Մովսեսի, Արքեմնիկ Նիկողոսյանի, Արթուր Մեսշչյանի, Արտաշես Ղազարյանի խոսքերում. «Հրաչյա Թամրազյանն այս աղաղակի մեջ բերում է մաքուր վստահության մի ղողանջ, որով շարունակում է բառի, մարդկայինի, արժանապատվության որոնումները եւ ապացուցում, որ «պոետի կավե լապտերիկն» ի վիճակի է դիմանալու ժամանակի ամենավատթար տարուբերումներին»:
Հակոբ Մովսեսը նրա բանաստեղծության առանձնահատկությունների մեջ նշեց երեք կարեւոր հանգամանքՙ ջրաներկային գրաֆիկա, ինքնահատուկ լեզվական միջավայր ու զգացողություն եւ հոգեբանական վիճակների ստեղծումՙ հուզական-բնանկարայինից մինչեւ էքզիստենցիալ: Հր. Թամրազյանի ստեղծագործության ու կենսակերպային ներդաշնակության, մարդկային նկարագրի մասին խոսեց Էդվարդ Միլիտոնյանը: Եվ նրա բանաստեղծության ազնվականության մասինՙ Արթուր Մեսշչյանը:
Եվ որովհետեւ երկու ժամից ավելի տեւողությամբ գրական հանդիսության մի մեծ հատված վերապահված էր ասմունքին, անդրադառնանք, որ բեմարվեստի այս տեսակը հին ստերեոտիպերից դուրս գալու փորձեր չի անումՙ նոր մեկնաբանությունների, գրավիչ տարրերի, արտիստիզմի, այլ հնարքների որոնումներ չեն երեւում, բանաստեղծական ներքին մթնոլորտին հետեւելուՙ որեւէ ջանք: Միակ «ապավենը» բնատուր ձայնային տվյալներն են, իսկ ձանձրալինՙ երբ միանգամայն տարբեր բանաստեղծություններ կարող են հնչել նույն ինտոնացիոն համակարգով:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ