Դ. Հովհաննես. «Բոլորը միասին բռնաբարում են էս քաղաքը»
«Հեռուստաէկրանին չեն հավատում, թերթին չեն հավատում, իրար հետ զրուցում են, բայց իրար չեն հավատում: Հավատը պակասել է, կասեի` դարձել է անհավատություն», երեկ «Հայացք» ակումբում այսպես բնութագրեց մարդկանց ու հայաստանյան մթնոլորտը բանաստեղծ Դավիթ Հովհաննեսը: «Ազգի» հարցին, թե ի՞նչ պետք է անել, որ դառնանք առ հավատք, նա պատասխանեց. «Շատ երկար ժամանակաշրջանի ընթացքում սերունդներ պիտի փոխվեն, որովհետեւ հին երկիրը փլուզելուց հետո էս ամենաթողությունը, տիղմը բարձրացավ ջրի երես: Էդ «նուվոռիշ», «բիրդանաղա» ասած ժժմունքի սերունդը պիտի վերանա, նրանից հետո եկած սերունդը արդեն մի քիչ այլ կլինի: Նորմալ մարդը, տոկոսային լուրջ հարաբերությամբ գերակշռող հասարակությունը շատ ուշ կգա», կանխատեսում է մտավորականը, որ եկել էր մեկնաբանելու «մտավորականության դերը ներքաղաքական զարգացումներում»: Նախկին պատգամավորը, որ ուշադրության կենտրոնում է պահում քաղաքական անցուդարձը, իրեն յուրահատուկ կտրուկությամբ խոսեց պատգամավորական ընտրությունների եւ ընդդիմության մասին: Նախ, նա պատգամավորությունը «լավ տղեքի» համար պրիստիժի հարց որակեց, բուհի դիպլոմի նման մի բան, որ հատկապես հարսնացուների համար է կարեւորվում: Ապա մասնավորապես ասաց. «Պատգամավորական մանդատը հիմնականում կիրառական նպատակ ունի, ճանապարհին ավտոկանգնացնել-չկանգնացնելու համար եւ այլն: Դա «քար ծակող» թուղթն է, ցավոք»: Գալով քաղաքական կուսակցություններին Դ. Հովհաննեսը բարձրաձայնեց հետեւյալը. «Հանրապետականը քաղաքական ուժ է, Բարգավաճն էլ` դրամական: Դաշնակցությունը գաղափարական ուժ է, ինչպես եւ Հանրապետականը: Մնացածները Ազգային ժողովում գաղափարական ուժեր չեն: Համոզված եմ, որ ընդդիմությունը, կամ պառլամենտում ընդդիմություն հռչակվածը ոչինչ չի անի եւ չի կարողանալու անել, որովհետեւ գաղափարական չեն եւ շատ քչաքանակ են: Նրանց ներկայությունը մի տեսակ աղքատ ազգականի ներկայություն է պառլամենտում: Մեր ընդդիմություն կոչվածը գոյություն չունի, դժբախտաբար: Կա տարածված կարծիք որ ուժեղ երկիրը պիտի ունենա ուշեղ իշխանություն եւ ուժեղ ընդդիմություն: Ես գտնում եմ, որ եթե այսպիսի ընդդիմություն պիտի լինի, լավ է չունենանք: Չորս-հինգ տարի ի՞նչ արեց ընդդիմությունը... խայտառակ եղան, մեջտեղը մնացին, հիմի էլ ուզում են իրենց դեմքը պահելու համար նախագահական ընտրություններին մասնակցել»: Հանգամանքը, որ ընդդիմությունը հանդես կգա առանձին թեկնածուներով, բանախոսը որակեց իր տատի ասած` «փոզմիշ» եղած գործ: «Էլ միասնական թեկնածուի հարց չկա, ողբալի պարտությունը կանխագուշակված է, ֆիասկոն կանխագուշակված է, եւ ես մտածում եմ` էս մարդիկ էդքան բանը չե՞ն հասկանում, եթե ես հասկանում եմ», հարցրեց բանախոսը:
«Բոլորը միասին ոտնատակ են տալիս էս քաղաքը, որը նման ա մի գեղեցիկ կնոջ, որին բռնաբարում են ով հասնի, ոնց հասնի», երբ համարվեց, որ հերթը հասավ Երեւանին, նշեց բանախոսը: Նա խոսեց նաեւ գրական եւ գրողական աշխարհում տեսանելի բացերի մասին, հայտարարելով, որ ինքը մի քանի լավ գրողի ու բանաստեղծի է ճանաչում: Իսկ լավ գրող ու բանաստեղծ է նա, ով 15-20 000 տպաքանակով գիրք է հրատարակում եւ ճանաչված է:
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ