Իրանը քննության է առնում Վրաստանի եւ Հայաստանի տնտեսության մեջ մոտ 1-ական մլրդ դոլարի ներդրումներ անելու ծրագրեր: Դրանց հաջողության դեպքում Իրանը կարող է դառնալ տարածաշրջանի ամենաազդեցիկ պետությունը: Մոսկվային նախազգուշացնող այսպիսի նյութ է հրապարակել «Նեզավիսիմայա գազետա» թերթը: Ռուսաստանյան ներդրումների ծավալը 2006 թ. Վրաստանում չէր անցնում 30 մլն դոլարից, իսկ Հայաստանում նախատեսվում է ներդնել մինչեւ 1,5 միլիարդ:
Իրանական IRNA գործակալությունը եւ վրացական ԶԼՄ-ները մեջբերում են Իրանում Վրաստանի դեսպան Լեւան Ասաթիանիի այն խոսքերը, թե «կողմերը» բանակցում են տրանսպորտի ոլորտում բարենպաստման ռեժիմ մտցնելու շուրջը: Վրաստանին հետաքրքրում է իրանական 70 միլիոնանոց շուկան:
Վաշինգտոնում մտահոգ են Թեհրանի ծրագրերից, բայց առայժմ խնայում են ԱՄՆ-ի ազդեցությանը ենթակա Վրաստանին եւ քննադատում են Հայաստանին: ՀՀ-ում ԱՄՆ-ի գործերի ժամանակավոր հավատարմատար Էնթընի Գոդֆրին դժգոհ է հայ-իրանական հարաբերությունների ընդլայնումից: «Ուզում ենք հիշեցնել, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երկու բանաձեւ է ընդունել Իրանում գործարքների եւ ներդրումների կրճատման վերաբերյալ», ասել է նա Ռոյթեր գործակալության թղթակցին:
Ի պատասխանՙ ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը տարակուսանքով լրագրողներին հայտարարել է. «Բոլոր երկրների հետ Հայաստանի հարաբերությունները բավականաչափ թափանցիկ են, եւ դրանցում մտահոգիչ որեւէ բան չկա»:
ՊԵՏՐՈՍ ՔԵՇԻՇՅԱՆ